Ինչ է առգրավվել դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակից, և ինչ են ուսումնասիրում իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարել) մեղադրանք է առաջադրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ: Նշենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

«Ժողովուրդ» օրաթերթին քրեական գործից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, նախաքննական մարմինը` ի դեմս ՀՔԾ-ի, չնայած նրան, որ դատավորի նկատմամբ խափանման միջոց չի ընտրել, սակայն մեզ հասած տեղեկություների համաձայն` քրեական գործով դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն է նշանակել եւ փորձագետներին է տրամադրել դատավորին պատկանող համակարգիչը, ինչպես նաեւ նրա օգնականին եւ քարտուղարին պատկանող համակարգիչները, դատավորի աշխատասենյակից առգրավված կրիչները:

Նշենք, որ չի բացառվում, որ առաջիկայում քրեական գործով հարցաքննության հրավիրվեն դատավոր Գրիգորյանի քարտուղարն ու օգնականը: Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն էր կատարել հուլիսի 17-ին, եւ աշխատասենյակը կնքվել էր: Այնուհետեւ պարզ դարձավ, որ խուզարկությունը տեղի է ունեցել ՀՔԾ֊ում քննվող գործի շրջանակներում:

Քնար Մանուկյան




Լրահոս