Թեղուտի պոչամբարի պատվարի շուրջ մտահոգությունները չեն դադարում: Բնապահպանները ահազանգում են. Թեղուտի պոչամբարի տեխնիկական անվտանգության ցուցանիշները չեն համապատասխանում ՀՀ օրենսդրական եւ միջազգային ամենաբարձր չափանիշներին: Բայց, չնայած սրան, մեկ ամիս է`հանքավայրը կրկին շահագործվում է:
Պարզվում է`ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Թեղուտի հանքավայրի պոչամբարի վիճակի գնահատում չի արել: Այսինքն`պարզ չէ`հանքավայրի շահագործման հետեւանքով պոչամբարի պատվարը կփուլզվի, թե ոչ,կամ փլուզվելու հետեւանքով շրջակա միջավայրը ինչ վնասներ կկրի: Եւ սա այն դեպքում, երբ Թեղուտի հանքավայրը արդեն մեկ ամիս է`շահագործվում է: Նշենք, որ այժմ Թեղուտի հանքավայրն ռուսաստանյան «ՎՏԲ» բանկի հսկողության տակ է: Բանկի ղեկավարությունը նոր օպերատոր է ներգրավել հանքավայրը շահագործելու նպատակով` ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար Նորիկ Պետրոսյանին: Այս հարցում անգամ «Վալլեքս» խումբն է ձեռքերը լվացել`իրենց ապահովագրելով հետագա խնդիրներից:
«Վալլեքս» խումբը հայտարարել է, որ 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նախաձեռնել է պատվարի սեյսմիկ եւ ստատիկ կայունության ուսումնասիրություն եւ գնահատում` այդ նպատակով ներգրավելով միջազգային ճանաչում ունեցող մասնագիտացված կազմակերպությունների եւ ավստրալական «ATC Williams»-ին: Եւ, ըստ այդ կազմակերպությունների, առանց պոչամբարի պատվարի կայունության մակարդակի բարձրացման եւ սեյսմիկ ու ստատիկ անվտանգության ապահովման Թեղուտի հետագա շահագործումը կառաջացնի պատվարի ինքնափլուզման իրական վտանգ: Բացի այս, ընկերությունը տեղեկացրել է, որ «Վալլեքս» խումբը ներկայում այդ համալիրի նկատմամբ որեւէ վերահսկողություն եւ ազդեցություն չունի ու պոչամբարի պատվարի հնարավոր ինքնափլուզման կամ այլ անբարենպաստ իրավիճակի առաջացման դեպքում որեւէ կերպ չի կարող պատասխանատու լինել դրա հետեւանքների համար:
Հիշեցնենք` անցած տարեսկզբին բնապահպաններն ահազանգել էին, որ «Վալլեքս» խմբի «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարը արագ լցվում է, եւ ընկերությունը չի կարողանում այն պատշաճ կերպով շահագործել, ինչի պատճառով արտահոսքեր են լինում: Իսկ Շնող գյուղի բնակիչները պատմում էին, որ թեեւ հանքավայրի շահագործումը դադարեցվել է (2018-ի սկիզբ), բայց Շնող գետում դեռ շարունակվում է պղտոր ջուր հոսել:
Ըստ որոշ տեղեկությունների` հանքավայրի շահագործման դադարեցման պատճառը Թեղուտի պոչամբարի պատվարում առաջացած ճեղքերն էին, որոնց հետեւանքով պոչամբարի թափոնները հոսում եւ լցվում էին Դեբեդ գետը: Իսկ ընկերությունը նման խնդիրների առաջ կանգնել էր այն բանից հետո, երբ դանիական «Արտահանումների վարկավորման գործակալությունը» եւ «PenslonDenmark» մասնավոր կենսաթոշակային հիմնադրամը դադարեցրին դեռեւս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար «ՎՏԲ» բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկի տրամադրումը: Բանն այն է, որ հիմնադրամն ու գործակալությունը պահանջել էին «Վալլեքս»-ից վարկը ամբողջությամբ վերադարձնել առանց դանիական կողմերի համար որեւէ կորստի: Իսկ վարկի տրամադրման դադարեցման հիմնական պատճառներն էին Շնող գետի աղտոտումը, Թեղուտի պոչամբարից մշտապես արտահոսող թափոնաջրերը, պոչամբարի սեյսմակայուն չլինելը եւ այլն:
Այնուամենայնիվ, բնապահպանների կողմից բարձրացրած խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ իրենց գործառույթների մեջ չի մտնում պոչամբարի տեխնիկական անվտնագության ցուցանիշները (վիճակը) գնահատելը եւ շահագործման անվտանգությունը պարզելը: Ավելին, տեղեկացրեցին, որ արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, գործընթացների եւ լուծումների պետական փորձաքննության կազմակերպումը վերապահված է Արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Իր հերթին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ իր ղեկավարած նախարարությունը Թեղուտի պոչամբարի տեխնիկական անվտանգության վերաբերյալ եզրակացություն տվել է: Այնդրական է: Պարզվում է` պոչամբարի պատվարի հետ կապված նախարարությունը եզրակացություն չի կարող տալ:
«Մենք նայել ենք միայն տեխանվտանգության մասով ու տվել ենք դրական եզրակացություն: Մենք եզրակացություն տվել ենք նախկինում տրված եզրակացությունների հիման վրա, մասնագետները գնացել են, ակնադիտականով են տվել… բայց դա հիմք չէ, էլի, դա վերջնական չէ: Չի բացառվում, որ առաջիկայում խորությամբ նայենք: Բայց տեխանվտանգության մասով մենք տվել ենք դրական եզրակացություն, այսինքն`իրավունք ունեն գործարկելու»,- բացատրեց նախարարը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին`եթե պատվարը փլուզվի ու արտահոսք լինի, ով է պատասխանատվություն կրելու, նախարարն արձագանքեց. «Մենք հետեւանքը վերացնողն ենք` որպես Արտակարգ իրավիճակների նախարարություն, բայց ռիսկերի մասին պետք է եզրակացություն տա համապատասխան կառույցը: Այս դեպքում` Ջրային կոմիտեն»: Ի դեպ, Շրջակա միջավայրի նախարարությունից եւս «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ պոչամբարների պատվարների անվտանգության հարցերով լիազոր մարմինը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային պետական կոմիտեն է: Բայց, արի ու տես, ջրային պետական կոմիտեից էլ պնդում են, որ պոչամբարների պատվարներն իրենց հետ կապ չունեն, դրանք պետք է վերահսկվեն անմիջապես հանքարդյունաբերող ընկերության կողմից: Մեղմ ասած, գերատեսչությունները մեկը մյուսից բացարձակապես անտեղյակ են:
Հ.Գ. Բնականաբար, պոչամբարի պատվարի հարցով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ «Թեղուտ» ՓԲԸ, որտեղից հայտարարեցին, որ առաջիկայում ընկերությունը պարզաբանում կներկայացնի պոչամբարի պատվարի վիճակի վերաբերյալ:
Սյունէ Համբարձումյան