Ում որ չեն սիրում՝ վաղը հաստատ սիրելու են, իսկ ում որ այսօր սիրում են՝ վաղը զզվելու են նրանից. Վահրամ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը մայրաքաղաքային խնդիրների, հետհեղափոխական Հայաստանում տիրող իրավիճակի և այլ հարցերի շուրջ զրուցել է դրամատուրգ, ռեժիսոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Վահրամ Սահակյանի հետ:

-Պարոն Սահակյան, Դուք մշտապես աչքի եք ընկել տարբերվող տեսակետներ հայտնելով: Եվ ներքաղաքական եւ մայրաքաղաքային շատ խնդիրներ եք բարձրաձայնել: Այսօր՝ հետհեղափոխական Հայաստանում, այդ խնդիրներից քանիսը կառանձնացնեք որ լուծված են. սկսելով քաղաքական հարթությունից, վերջացրած՝ մայրաքաղաքային խնդիրներից:

– Ընդհանրապես բոլոր տեսակի խնդիրները ես տեսնում եմ ոչ թե ներքաղաքական կամ ներհասարակային կյանքում, այլ կոնկրետ մարկանց մտածողության մեջ եւ պահելակերպում։ Երկրում տեղի ունեցած փոփոխությունները պետք է ազնվացնեն մարդկանց, նրանք պետք է նորովի մտածեն։ Բայց ես տեսնում եմ, որ կրկին բաժանվել են մի քանի մասի եւ իրար են հայհոյում։ Իսկ պառակտված, մետված, ինչ-որ խմբակցության կողմն անցած մարդն ինձ համար ծիծաղելի է։ Օրինակ, հանուն ինչի՞ է անցել այս կամ այն կուսակցության կողմը, ինչի՞ է պաշտպանում։ Չլինի՞ հանուն մարդկանց բարօրության։ Ես տարիքով մարդ եմ ու թույլ տվեք չհավատալ նման հեքիաթների ու ասել՝ «Դու անցել ես այս խմբակցության կողմը, որ առաջին՝ մնաս ջրի երեսին ու չխորտակվես, երկրորդ՝ որ մի քանի կոպեկ փող տանես տուն եւ երրորդ, որ քեզ պետության մեքենայում պտտուտակ զգաս, винтик։ Բա դու винтик ես, այ ախպեր, ես ո՞նց հավատամ քեզ։

Դու չես անցել ինչ որ գաղափարի կողմը, ոչ։ Դու միացել ես ինչ-որ նախիրի, որ քեզ մենակ չբռնացնեն ու լխճեն-էթաս։ Ավելի կոպիտ եւ ավելի ճիշտ՝ պառկել ես մեկ ուրիշի տակ ու դառել ես նրա հարճը։ Ու հիմա ես քեզ ո՞նց ընդունեմ որպես մարդ»։ Եթե դրական փոփոխություն ես ուզում՝ պետք է ազնիվ աշխատես։ Այնինչ հիմա նկատելի է, որ մեծամասնություն կոչվածը նստած հետեւում է, թե երկրի ղեկավարը ինչ կասի կամ կանի։ Գրաբարով ասած՝ «տոշկվել են» վարչապետի ստատուսներին ու դրած դա քննարկում։ Էս ասեց, էն արեց, էս խոսեց, էն խոսեց։ Հա, բա դո՞ւ ինչ ես անում, ինչ ես խոսում։ Ազնիվ ե՞ս, մարդ-մուրդ չես խաբո՞ւմ։ Նախկինում ընտրակաշառք չես վերցրե՞լ։ Վերցրել ե՞ս։ Չես վերցրե՞լ։ Հը՞։ Ինչի՞ ձենդ կտրվեց։ Խոսի, նոր բմբուլ էիր կտրել։ Չլինի՞ չես ուզում խոստովանել։ Ուրեմն ազնիվ չես։ Հա։ Ու դա վատ է։ Որովհետեւ եթե ազնիվ չես՝ լավ չես ապրելու։ Էսքան բան։

– Հարցիս «թաքնված նպատակը» նախկինի ու ներկայի տարբերությունների մատնանշումն է: ակնառու փոփոխություններ չե՞ք տեսնում:

– Համեմատելն, ըստ իս՝ կարեւոր բան է, բայց մեր օրերում դրա չարաշահումն արդեն դառնում է անտեղի, անպիտան, վնասակար եւ զզվելի։ Այո, զզվելի է, երբ խոսում ես, օրինակ, Պողոսի մասին, իսկ կողքից ասում են «Բա Պետրոսը՞»։ Ասենք, ծաղրում կամ քննադատում ես ներկայիս որեւեէ բացասական երեւույթ, մեկ էլ կողքից միշտ հայտնվում է որեւեէ պլանկտոն եւ ասում՝ «Բա առաջվանների ժամանակ լավ է՞ր»։ Այ իդիոտ, բայց ո՞վ խոսեց առաջվանների մասին, դու ո՞ր ժամանակներում ես ապրում, 2019-ին, չէ՞։ Հա′։ Բա ես էլ խոսում եմ 2019-ի մասին, ինչի՞ ես հիշում բաբոյիդ սպիտակեղենը։ Կամ ինչքա՞ն ժամանակ պիտի խոսես ու համեմատես»։ Ցանկալի կլիներ, որ մարդիկ ապրեին այսօրվա կյանքով եւ ունենային առողջ վերաբերմունք դեպի իրենց ներկան։ Բայց ես նման բան չեմ տեսնում։

– Հավանաբար հետեւում եք մեր երկրում ընթացող դատաիրավական բարեփոխումների գործընթացին: Ինչպե՞ս եք գնահատում այն:

– Երկրի դատաիրավական համակարգը լրիվ համապատասխանում է «շատեր» կոչվող զանգվածի մտածողությանը, որովհետեւ այդ «շատերը» (որոնք իրականում քչեր են, բայց աղմկարար) արդարադատություն չեն ուզում։ Նրանք ուզում են, որ իրենց չսիրած մարդը պատժվի։ Այ այդպես։ Իրենց թվում է, թե իրենք շատ են, իրենք հանրությունն են ու այ էս մարդուն չեն սիրում։ Եթե չեն սիրում՝ ինչ ուզեն կասեն՝ թալանչի, հանցագործ, մարդասպան։ Ու որ դատավորը այդ մարդուն նստացնի՝ նա էլ ամենաարդար դատավորն է։ Հետո այդ դատավորին չեն սիրի, եթե իրենց «սիրած» մարդուն էլ դատի ու նստեցնի։ Այդպես է։ Ում որ չեն սիրում՝ վաղը հաստատ սիրելու են, իսկ ում որ այսօր սիրում են՝ վաղը զզվելու են նրանից։ Ու ասում են՝ մենք հանրությունն ենք։ Յութուբներում ու ֆեսբուքներում ծպտված ամեն մի ֆեյք կարծում է, որ ինքը ժողովուրդն է։ Երբ մարդիկ կհասկանան, որ իրենք միջնադարում չեն ապրում, երբ կհասկանան, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած, գոյություն ունի մեղադրանք, դատական ընթացք, պաշտպանական կողմ, դահավճիռ եւ այլն՝ այդ ժամանակ էլ կունենանք արդարադատություն։

– Վերջին շրջանում լայն քննարկման թեմա է դարձել Ստամբուլյան կոնվեցիան, որը վերաբերում է կանաց նկատմամբ բռնությունների կանխմանը: Ինչպես եք վերաբերվում դրան և ի՞նչ եք կարծում՝ ՀՀ կառավարությունը կվավերացնի՞ այն, թե ոչ:

– Կվավերացնի թե ոչ՝ չգիտեմ։ Բռնությունների վերաբերյալ՝ մարդն ինքը պիտի հասկանա։ Մարդը պիտի ունենա ընտանիքի մշակույթ։ Պիտի ըմբռնի, ինքն իրավունք չունի կնոջ ու երեխայի վրա գոռալ, իրավունք չունի վախեցնել։ Երեխան պիտի վախեցած չմեծանա, հակառակ դեպքում կդժբախտանա։ Թե ինչպես են իրենց պահում անկիրթները՝ բոլորս գիտենք։ Իսկ անկիրթ, բռի եւ անգրագետ մարդկանց մասին մտածելու ժամանակ եւ ցանկություն չունեմ, դրանց չես փոխի։ Ինչ վերաբերում է, որ շատերը դեմ են այդ կոնվեցիային, որովհետեւ այն միասեռականների իրավունքներ է պաշտպանում՝ ուրեմն, այո, պետք է դեմ քվեարկեն։ Ես էլ դեմ կքվեարկեի։ Միասեռականությունը մեր մտածողության համար խրթին բան է, այն տեղ չունի մեր կյանքում։ Այդպես էլ պիտի ասեն։ Ու վերջ։ Ու չխառնեն՝ ազգային արժեքներ, ընտանիք։ Ընտանիքը ազգային արժեք չէ, ընտանիքներ ունեն բոլոր ազգերը։ Ազգային արժեքը մշակույթն է, գիտությունն է ու արվեստը։ Արժեքը Կոմիտասն է, որին նույն մեր ազգակիցները տարան ու հոգեբուժարանում փակեցին, որովհետեւ նրանց հարկավոր չէր իմանալ, թե ինչ կասի Կոմիտասը, նրանց հարկավոր էր, թե իրե′նք ինչեր կխոսեն Կոմիտասի մասին։ Այդպես է։ Երբ օտարեկրացու մոտ ասում ես՝ հայ ժողովուրդ, նա հիշում կամ պատկերացնում է Ազնավուրին, Կոմիտասին, Արամ Խաչատրյանին։

Դա է ժողովուրդը, հայ ժողովուրդը։ Հիմա որ այդքան ասում են՝ «Ժողովուրդ, ժողովուրդ, ժողովուրդը սա է ուզում, ժողովուրդը համաձայն է, համաձայն չի»՝ այս ամենից ամբոխամեծարության հոտ է փչում։ Ժողովուրդը դա խառնաբոխը չի, ժողովուրդը ատանմաթափ, քրջոտ ու սոցցանցերում քֆուրներ գրող պառավները կամ «մեզ թալանել են» գրող բողոքավոր պարազիտները չեն։ Ժողովուրդն, առաջին հերթին՝ հողի մարդն է։ Այն մարդն է, որ հենց հիմա անխոնջ հող է մշակում, սահման է պահում, գիտություն ու մշակույթ է ստեղծում։ Այսինքն՝ ժողովուրդը մշակն ու զինվորն է եւ Նարեկացին է, Կոմիտասն է, Անդրանիկն է, Ազնավուրն է, Վիկտոր Համբարձումյանն է, ինչու չէ, այսօր էլ՝ Արոնյանն է, Համասյանն է, Մխիթարյանն է եւ էլի շատերը։ Վերջ։ Ուրիշ ժողովուրդ չկա եւ չի կարող լինել։

Այս պահին ստեղծագործական ո՞ր փուլում եք գտնվում: Ի՞նչ նորություններ ունեք արվեստասերների համար:

-Երբ հրատարկեցի «Ատյան Ողբերգության» վեպը՝ հասկացա, որ գրականությունը որպես ժանր՝ շատ քիչ է մտքերս լիովին արտահայտելու համար։ Եւ որոշեցի նմանօրինակ թեմաներով ներկայացում պատրաստել եւ ինքս էլ խաղալ։ Ստեղծել եմ նոր երգիծական պիես, ստեղծել ենք դուետ, ես եւ մեկ ուրիշ դերասան ու հոկտեմբերին կխաղանք նոր ներկայացում։ Նման երգիծական ներկայացման կարիքը շատ կա հիմա, որովհետեւ ամենուր տափակ կոմեդիաներ են ու սիտկոմներ, իսկ ես գարշում եմ սիտուացիոն կոմեդիաներից։ Սա կլինի յուրօրինակ նոր թատրոն։ Հուսամ, հանդիսատեսը կգնահատի այն։ Կխաղանք տիկնիկային թատրոն բեմին։ Հոկտեմբերի կեսերից։

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս