ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի հանգամանքերը, հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեք անձ՝ ծնված 1963, 1966 և 1974 թվականներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ և 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ավտոմեքենաներում գտնվող չորս անձինք ճանաչվել են տուժող:
Կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են պայթյունի արգասիքների փորձանմուշներ, հարցաքննվել վկաներ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաապրանքագիտական, դատահետքաբանական և դատագենետիկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ երեկ արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի թևերի հարևանությամբ գտնվող կամրջի հատվածում պայթյուն էտեղի ունեցել: Պայթյունի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելոե մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ սպանության փորձի եւ ապօրինի զենք ձեռք բերելու եւ պահելու հատկանիշներով: Armlur.am -ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել էր նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի հետ որը հայտնել էր, որ պայթյունի ժամանակ մեքենայում չի եղել եւ չի կարող ասել, որ սա կոնկերտ իր դեմ արված սպանություն է, թե պատահականություն: