Ինչպես եւ կանխատեսել էինք, Սերժ Սարգսյանը Հայ ազգային կոնգրեսի 15 պահանջներից որեւէ մեկը կատարելու ցանկություն այդպես էլ չի դրսեւորում: Նա շարունակում է իմիտացիոն գործողություններով «թոզ փչել» հասարակության աչքերին` փորձելով ապացուցել, թե իր «ձեռքից եկածը» կատարում է, միայն թե իրեն ժամանակ է հարկավոր: Եւ այսպես, սկսվեց Սերժ Սարգսյանի PR ակցիան. նախ նա Ծաղկաձորում բարձրաձայն մտահոգվեց գյուղատնտեսական խնդիրներով, ապա` ընդդիմությանն ասաց, թե իրենք ինչքան կոռեկտ են` փորձելով հասկացնել, թե ինքը ընդդիմության հետ խնդիրներ չունի: Երեկ էլ հասավ ուժայիններին` որպես թույլ օղակ «ոտնատակ» տալով ոստիկանությանը: Իհարկե, ՀՀ ոստիկանությունը գովեստի արժանի քիչ արարքներով է հայտնի, բայց փաստ է, որ նույն Սերժ Սարգսյանը բազմիցս ոստիկանների արմատական գործողություններ սկսելու առաջարկները հետաձգել է հիմնականում մեկ պատճառով. «Մեզ առայժմ ցնցումներ պետք չեն»: Ընդ որում, այդ «արմատական գործողությունները» վերաբերել են ոչ թե ընդդիմադիր դաշտին «խեղճացնելու» քաղաքականությանը, այլ հենց իշխանական բուրգի հղփացածներին: Եւ այդքանից հետո դնել ու անբարոյական սարքել իր մնացած միակ հենարան կառույցին, մեղմ ասած, անհասկանալի է: Բայց դե եղածը եղած է: Ոստիկանները պիտի շարունակեն իրենց «դարդով» տապակվել, քանի որ Սերժ Սարգսյանը Ալիկ Սարգսյանին եւ Ճոստիկանապետ Մարգար Օհանյանին փաստացի հասկացրեց, որ իրենք աշխատում են ռեժիմի դեմ եւ իրենց կյանքով ու գործունեությամբ միայն վնաս են հասցնում Սերժ Սարգսյանի իշխանությանը: Ու չի կարելի բացառել, որ առաջիկայում` ավելի կոնկրետ մարտի 17-ից հետո, ուժային կառույցներում` այդ թվում եւ ոստիկանության համակարգում, բազմաթիվ փոփոխություններ կլինեն: Թե ինչ կտան դրանք Սերժ Սարգսյանի իշխանությանը, դժվար է ասել, բայց հասարակական լարված տրամադրությունները փորձ կարվի մեղմել:Ու չնայած ամբոխահաճո այդ գործողություններին` շարունակվում է նաեւ ընդդիմադիրներին հալածելու չարդարացված քաղաքականությունը: Քաղբանտարկյալների թիվը պակասեցնելու փոխարեն Եվրախորհրդի համազեկուցողների այցից առաջ ավելացավ եւս մեկով: Նույն չգնահատված եւ Ալիկ Սարգսյանի խոսքերով «քավության նոխազ» դարձած ոստիկանները շարունակում են Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին տարբեր անհեթեթ պատճառաբանություններով «զրույցի հրավիրել» եւ այլն: Մի խոսքով, Սերժ Սարգսյանը խառն է:
ԱՆՓՈՓՈԽ ԻՐԱՎԻՃԱԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ