«ՉՈՏԿԻ» ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՍՈՒԼԻՆԻ ՀԵՐԹԵՐ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթին բողոքով դիմել էին Վարդենիսի բնակիչներ` խնդրելով պարզել, թե ինչու է ՀՀ առողջապահության նախարարությունը սահմանված քանակից քիչ «Ինսուլին» դեղամիջոց ուղարկում մարզ, ինչի պատճառով շաքարային դիաբետով տառապող հիվանդները օրերով հերթ են կանգնում: Փորձեցինք պարզել, թե ինչու է անտեսվում հիվանդի շահը, եւ որ օղակում են անհետանում պետպատվերով նախատեսված դեղաքանակները:Պետական պատասխանատու մարմնից` ՀՀ առողջապահության նախարարությունից, ավելի ստույգ` դեղագործական գործունեության կազմակերպման բաժնի պետ Մարինե Հարությունյանի մանրամասն բացատրությունից պարզվեց, որ մի քանի օր առաջ են դեղորայքն ուղարկել մարզ. «Ես դիմեցի, եւ մարզպետարանի առողջապահության վարչությունից ասացին, որ ստացել են, եւ ամեն ինչ նորմալ հունով է ընթանում: Մարզում ինսուլինի բավարար քանակություն կա: Ես չգիտեմ, թե ովքեր են բողոքում: Այսպիսի խնդիր է լինում, որ հիվանդն ուզում է «լանտուս» դեղամիջոց եւ հրաժարվում է սովորական «ինսուլին» ստանալուց, սակայն պետությունն այդ հնարավորությունը չունի: Եթե «ինսուլինի» մեկ սրվակի արժեքը 5 հազար է, «լանտուսը» բավական թանկ է, սրվակը 38 հազար դրամ: Բյուջեով այդպիսի ծախս նախատեսված չէ»: Չհավատալու հիմք չունեինք, ուստի մտածեցինք, որ մի քանի օրվա ուշացումն է եղել հիվանդների դժգոհության պատճառը: Սակայն մարզկենտրոնից եւ Վարդենիսի պոլիկլինիկայից ստացած տեղեկությունները մտահոգիչ էին եւ միանգամայն այլ պատկեր էին ուրվագծում:Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության վարչության բաժնի աշխատակից Մհեր Այվազյանը հստակ ասաց. «Մենք չենք ստանում, կենտրոնացած քանակություն ստանում է Սեւանի պոլիկլինիկան եւ ըստ հայտերի` բաշխում կատարում: Այս անգամ իսկապես քանակությունը նորմալ չի ստացվել: Իսկ մենք ընդամենը կանոնակարգում ենք»:Վարդենիսի պոլիկլինիկայից էլ ասես մեր զանգին էին սպասում. «Գովազդում են, թե ամեն ինչ ռեալ է, դեղերը շատ են, բայց այդպես չէ իրականում: Մենակ էս ամիս չէ, երեք ամիս է`  նույն վիճակն է, անբավարար են տվել, գիտե՞ք` ինչ կռիվների մեջ ենք: 200-ից ավելի հիվանդներ առանց ինսուլինի են: Արդարանում են, թե հայտը սխալ ենք լրացրել: Հենց հիմա էնդոկրինոլոգ Քրիստինե Մելքոնյանի հետ նստած`  նորից ենք հայտը ձեւակերպում եւ  ուղարկում մարզպետարան: Ո՞վ է «լանտուսի» սպասում, հեռուստատեսությամբ ասել են, որ չկա, մարդիկ հասկացել են: Մարդիկ սովորական ինսուլինից էլ են գոհ, ստանում են եւ  գոհ ու շնորհակալ գնում: Բայց, նորից եմ ասում, չի բավարարում, մեր պահանջից քիչ են ուղարկել: Նույնիսկ սրվակի դեղը շպրիցով մասերի ենք բաժանում, որ մարդկանց հերիքի: Երրորդ ամիսն է` էս վիճակն է»:Վատ լուրերով «զինված»` կրկին դիմեցինք ՀՀ առողջապահության նախարարության դեղագործական գործունեության կազմակերպման բաժին: Բաժնի պետ Մարինե Հարությունյանը նորից զարմացավ. «Կակ ռազ մենք էլ զանգում էինք մարզ: Մենք մարզին դեղաքանակը տրամադրում ենք ըստ հիվանդների թվի, ի՞նչ երեք ամսվա մասին է խոսքը: Կամ ո՞վ է իրավունք տվել ամպուլայի դեղը մասերի բաժանելու: Եռամսյակի քանակությունը 600 հայտի հաշվով ուղարկված է, ես իրավունք չունեմ պակաս ուղարկելու: Իսկ հայտը մարզպետի ստորագրությամբ ու կնիքով է ուղարկվում: Մարզի պահանջարկի հիման վրա Գեղարքունիքից ինչ թիվ մեզ չոտկի տալիս են, ըստ այդմ էլ դեղերն ուղարկում ենք»:Թե որ օղակն է թերանում, ՀՀ առողջապահության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի պարզելիք խնդիրն է: Հիվանդի իրավունքն է ստանալ պետպատվերով իր հասանելիքը: Առայժմ այս դեպքում  հիվանդը  տուժող է, իսկ Վարդենիսի պոլիկլինիկայում հերթեր են ու դժգոհություն: Ուստի լավ կլիներ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը,  ցածր աշխատավարձերից դժգոհող բուժհաստատություններում  «պատժիչ» ստուգումներ իրականացնելու փոխարեն ստուգեր դեղագործության կազմակերպման սեփական բաժնի աշխատանքները:  ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ




Լրահոս