Օգոստոսի 2-ին՝ ժամը 12-ն անց 20-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 18-րդ կիլոմետրին պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վնասվել են այդ պահին ճանապարհով երթևեկած «Ռենջ Ռովեր» և «Նիսսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենաներ։ Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների օպերատիվ խմբերը՝ համապատասխան գործողություններ ու միջոցառումներ իրականացնելու։
Ոստիկանության ծառայողները դեպքի վայրի հարակից տարածքում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ կամրջի տակ տեղադրաված պայթուցիկը հեռակառավարվել է դեպքի վայրի հարևանությամբ գտնվող, չգործող ռեստորանային համալիրից։ Շինության սենյակներից մեկում կատարված զննությամբ՝ հայտնաբերվել են պայթյունը հեռակառավարելու համար նախատեսված տեխնիկական միջոցներ։
Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց սպանության փորձի հատկանիշներով։ Ոստիկանության, ԱԱԾ և քննչական կոմիտեի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնության վերաբերյալ։ Դեպքից մի քանի ժամ անց մայրաքաղաքում հայտնաբերել ու հիմնավոր կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին բերման են ենթարկել երեք տղամարդու, որոնք ձերբակալվել են։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ երեկ արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի թևերի հարևանությամբ գտնվող կամրջի հատվածում պայթյուն էտեղի ունեցել: Պայթյունի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելոե մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ սպանության փորձի եւ ապօրինի զենք ձեռք բերելու եւ պահելու հատկանիշներով:
Armlur.am -ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել էր նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի հետ որը հայտնել էր, որ պայթյունի ժամանակ մեքենայում չի եղել եւ չի կարող ասել, որ սա կոնկերտ իր դեմ արված սպանություն է, թե պատահականություն:
Մանրամասները՝ տեսանյութում