ՀԱՐՑ. Եթե Հայաստանի տարածքում աշխատավարձը արտարժույթով է վճարվում, ապա այս դեպքում որեւէ պատասխանատվության ենթարկվո՞ւմ է վճարողը:
Իրինա Մելքոնյան (37 տարեկան, մենեջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Մելքոնյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 165-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի եւ ՀՀ ԿԱ պետական եկամուտների 07.09.2009 թվականի N5 պաշտոնական պարզաբանման համաձայն` արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ չկատարելը (մասնավորապես աշխատավարձի վճարում ՀՀ դրամով) առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով (բայց ոչ պակաս, քան 100,0 հազ. դրամի չափով):
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում ապրանքների իրացման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման փողային գնանշումները, ինչպես նաեւ այդ գործարքների դիմաց դրամական (փողային) վճարումները ՀՀ դրամով իրականացնելու պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով (բայց ոչ պակաս, քան 2,0 մլն դրամի չափով), ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում: Ի դեպ, նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո 1 տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով (բայց ոչ պակաս, քան 4,0 մլն դրամի չափով), ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: