Արսեն Թորոսյանը վաճառել է մեքենաները, կինը՝ գնել. ի՞նչ են վարձակալում ամուսինները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընտանիքը, պարզվում է, բավականին ապահովված է: «Ժողովուրդ» օրաթերթը նախարար Թորոսյանի ներկայացրած 2018 թվականի հայտարարագրից տեղեկացավ, որ դրամական միջոցները կազմում են 1 մլն 925 հազար դրամ, 22 հազար եվրո եւ 1400 դոլար: Որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որը ամսական կազմել է 1 մլն 18 հազար դրամ: Բացի այս, պարզվում է`Արսեն Թորոսյանը նախորդ տարվա ընթացքում վարձակալության դիմաց ստացել է 1 մլն 125 հազար դրամի չափով վճար: Թե ինչ է վարձակալության տվել, պաշտոնական փաստաթղթում նշված չէ:

Նաեւ 2018 թվականին Արսեն Թորոսյանը վաճառել է երկու` BMW 528, BMW X5 մակնիշի մեքենաներ` ընդհանուր 12 մլն 900 հազար դրամ, իսկ ունեցած փոխառությունը կազմել է 20 հազար 331 դոլար: Ի դեպ, նրա պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ ունի անհատական բնակելի մեկ տուն:

Եթե Արսեն Թորոսյանը 2018-ին 2 մեքենա է վաճառել, կինը, հակառակը, գնել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթից տեղեկացավ, որ Թորոսյանի կինը` Վարդանուշ Թեւանյանը, անցած տարում գնել է BMW 535 մակնիշի մեկ մեքենա 7.8 մլն դրամով: Սա դեռ ամենը չէ. կարծես թե նախարարի կնոջ համար նախորդ տարի եկամտաբեր է եղել. նրա դրամական միջոցները ավելացել են`կազմելով` 30 հազար դոլար (2017-ին`20 հազար դոլար էր) եւ 1 մլն 950 (2017-ին`260 հազար դրամ) հազար դրամ:

Որպես եկամուտ նախարարի կինը հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմել է 1 մլն 458 հազար դրամ (ամուսնուց 333 հազար դրամով ավելի) եւ վարձակալության դիմաց ստացած 3 մլն 150 հազար դրամը: Փաստորեն, ամուսինները բացի աշխատավարձից տարեկան վարձակալության դիմաց գումար են ստանում: Ի դեպ, նշենք, որ Թորոսյանի հայրը` Գեւորգ Թորոսյանը, Ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական եւ վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ է:

Ս.Հ.




Լրահոս