Երեւանի կամերային թատրոնը նոր է վերադարձել Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացած Շեքսպիրյան մեծ փառատոնից: Մրցութային ծրագիրը եղել է միայն լեհական ներկայացումների համար, իսկ արտերկրի մասնակիցների միջեւ մրցույթ չի կայացել: Կամերային թատրոնը ներկայացել է «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացմամբ: Բեմադրիչ Լուսինե Երնջակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ փառատոնին ներգրավված լինելու հանգամանքը թատրոնի համար արդեն իսկ մեծ հաղթանակ էր: Ընդ որում, մասնակցության հրավերը հենց փառատոնի կազմակերպիչների կողմից է եղել. նրանք ավելի վաղ դիտել են ներկայացումը եւ ցանկացել են, որ այն տեսնի նաեւ փառատոնի հանդիսատեսը:
Լուսինեի խոսքով՝ իր եւ ամուսնու՝ ռեժիսոր, դերասան Արշալույս Հարությունյանի ամառային կարճատեւ հանգիստն անցել է հենց Լեհաստանում: Նրանք համատեղել են աշխատանքն ու հանգիստը՝ այցելելով Գդանսկ, Վարշավա եւ Սոպոտ՝ Լեհաստանի ամենագունեղ եւ գողտրիկ ծովափնյա քաղաքներից մեկը: Քանի որ թատրոնի աշխատանքները եռում էին, նրանք երկար ժամանակով չեն կարողացել բացակայել երկրից:
Առհասարակ, Լուսինեն սիրում է ե՛ւ պասիվ ծովափնյա հանգիստ, ե՛ւ ակտիվ հանգիստ՝ այցելություն ամենատարբեր քաղաքներ. «Ինչ հնարավոր է, այդ քաղաքներից քամում եմ այնքան, որ վերադառնալիս հավելյալ հանգստի կարիք եմ ունենում»,- ծիծաղելով ասաց մեր զրուցակիցը: Երկիրը, որը երբեւէ տպավորել է Լուսինեին, Իտալիան է. «Մասնավորապես Ֆլորենցիան ես եւ ամուսինս շատ ենք հավանել»,- շեշտեց նա:
Ի դեպ, աշունը աստղային ամուսինների համար բավական թեժ կլինի: Թե՛ Լուսինեն, թե՛ Արշալույսը կաշխատեն իրենց բեմադրած ներկայացումների շուրջ: Արշալույսն, օրինակ, կբեմադրի աներոջ՝ Արա Երնջակյանի «Ես իմ անուշ Հայաստանի» պիեսը: Մինչեւ տարեվերջ թատրոնը երկու պրեմիերա կունենա:
Աննա Բաբաջանյան