ՖՈՏՈ. Ամպրոպ` անամպ երկնքում. ամեն ինչ կորոշվի Վրաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ – Արմենիա» – «Սաբուրթալո» (Վրաստան) առաջին հանդիպումը: Ցավոք, Հայաստանի չեմպիոնը առաջին խաղում պարտություն կրեց 1:2 հաշվով եւ բարդացրեց մյուս փուլ անցնելու խնդիրը:

Խաղի առաջին խաղակեսը շատ հաջող ընթացավ Վարդան Մինասյանի տղաների համար, սակայն երկրորդ խաղակեսը առաջինի հակապատկերը ստացվեց: Առաջին 45 րոպեներում խաղի ղեկը ամբողջությամբ «Արարատ – Արմենիայի» ձեռքերում էր: Մեր թիմը կարողացավ ստեղծել հրաշալի գոլային պահեր, որոնցից միայն մեկը հանդիպման 31-րդ րոպեին կարողացավ գոլի վերածել Անտոն Կոբյալկոն:

Թվում էր, թե ամբողջ հանդիպումը պետք է ընթանար հայկական թիմի գծած եւ ծրագրած սցենարով, բայց ամեն ինչ փոխվեց հանդիպման 70-րդ րոպեից սկսած: Ասել, որ վրացական թիմը այդպես էր պլանավորել եւ նրանք իրենց ուժերը պահել էին խաղավերջի համար, կլինի մեծ սխալ. ուղղակի պետք է ընդգծել այն, որ խաղավերջում «Արարատ – Արմենիային» չբավականեցրեց ֆիզիկական պատրաստվածությունը եւ միգուցե ժամանակից շուտ «խաղը ավարտված» համարելը: «Սաբուրթալոն» կարողացավ 72-րդ րոպեից 76-ը ընկած ժամանակահատվածում հեղինակել երկու գոլ եւ ստանալ դիմակայության բացահայտ ֆավորիտի կարգավիճակ:

Առաջին խաղակեսում մեր ակումբի ցուցադրած ֆուտբոլը բավարար էր հենց առաջին խաղում բոլոր հարցերը լուծելու համար, սակայն պահերի չիրագործումը չար կատակ խաղաց «Արարատ – Արմենիայի» հետ: Այդ նույն առաջին կեսում իրեն ֆանտաստիկ դրսեւորեց թիմի նորեկ Ֆիրջիլ Նարսինգը, որն ուղղակի իր արագությամբ եւ դրիբլինգով շշմեցնում էր վրաց ֆուտբոլիստներին: Երկրորդ խաղակեսում չտեսանք նաեւ նրա խաղը. թիմը հոգնել էր ֆիզիկապես, ինչը պատճառ դարձավ անդադար գնդակի կորուստների, որոնցից երկուսն էլ մեր դարպասին բերեցին այդ «անիծյալ» արտագնա գոլերը:

«Արարատ – Արմենիան» պարտվեց շատ անցանկալի հաշվով, եւ այժմ պատասխան խաղում մեր թիմը պետք է աչքի ընկնի երկու անգամ բաց չթողնելու պայմանով: Առաջին հայացքից այդ ամենը անելը շատ բարդ է եւ ինչ-որ տեղ անիրականանալի թվացող: Խնդրում եմ, ուշադրություն դարձրե՛ք նախորդ նախադասության վերջին բառին. այո՛, այդ ամենը իրագործելն անիրականանալի թվացող է:«Սաբուրթալոն» երեւանյան խաղում ոչնչով չզարմացրեց «Արարատ – Արմենիային», «Սաբուրթալոն»«չխաղաց» ֆուտբոլ, հաղթեց ուղղակի մեր թիմի հոգնածության եւ անփորձ լինելու պատճառով:

Այս թիմին շրջանցելը հավանական է, եւ այդ ամենն ավելի հավանական է դարձնում հայկական կողմի եվրագավաթների խմբային փուլում հայտնվելու մոլուցքային ցանկությունը: Այսպիսի հնարավորություն շատ հազվադեպ է լինում, եւ «Արարատ – Արմենիան» պարտավոր է «յոթ ձեռքով» պահել այս շանսը, քանի որ փլեյ-օֆֆ դուրս գալու պարագայում հայկական թիմի մրցակիցը կլինի «Սաբուրթալոյի» մակարդակի եւ նույնիսկ ավելի թույլ(այս զույգի հաղթողը կմրցի «Դուդելանժ» (Լյուքսենբոիրգ) – «Նոմե Կալյու» (Էստոնիա) դիմակայության հաղթողի հետ):

Պատասխան խաղում հայկական թիմին հարկավոր է ցուցադրել նույն ֆուտբոլը, ինչը տեսանք Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի առաջին խաղակեսում: Այս զույգում դեռեւս ոչինչ որոշված չէ, եւ մեր թիմը պայքարելու է հայ երկրպագուների վաղեմի երազանքը իրականություն դարձնելու համար:

Պետք է անպայման նշել` մենք պարտվեցինք, սակայն պարտվեցինք` ֆուտբոլ խաղալով, ինչը անհերքելի փաստ է, եւ հենց դա է այն գլխավոր հույսը, որը ուժ կտա պայքարել Թբիլիսիում անհրաժեշտ հաշվով հաղթանակի հասնելու համար:

Այս խաղը ստացվեց շատ թեժ եւ անզիջում, ինչ-որ տեղ նաեւ թիմերը անցնում էին կոշտության եւ կոպտության սահմանը:«Սաբուրթալոյի» ֆուտբոլիստները կարծես այդպիսի սահման չէին էլ գծել. նրանք ե՛ւ կոպտորեն խախտում էին կանոնները, ե՛ւ դիմում սիմուլացիայի եւ սադրում «Արարատ – Արմենիայի» ֆուտբոլիստներին: Ճիշտն ասած, այս խաղը այդքան էլ նման չէր երկու բարեկամ երկների թիմերի միջեւ հանդիպման, սակայն ֆուտբոլն այսպիսին է, այն «ուրանում է» ե՛ւ բարեկամություն, ե՛ւ եղբայրություն. այս խաղում գլխավոր նպատակը հաղթելն է, եւ կապ չունի, թե ինչ գնով:Պատմությունը հիշում է միայն հաղթանակները, իսկ թե ինչպես են կերտվել այդ հաղթանակները, դա արդեն կորչում է «գրողի ծոցը»:

«Սաբուրթալոն» պայքարեց ամեն ձեւ եւ հասավ ցանկալի արդյունքի, բայց սա միայն ճակատամարտն էր. պատերազմը կկայանա օգոստոսի 14-ին Թբիլիսիում:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս