ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել, ըստ որի «Թեղուտ» ընկերությունը պետք է մոտ 250 մլն դրամ գումար վճարի ընկերության նախկին տնօրեն Սահակ Կարապետյանին: Ի դեպ տեղեկացնենք, որ Սահակ Կարապետյանը «Թեղուտ» ընկերության տնօրեն է աշխատել այն ժամանակ, երբ այն կառավարվում էր «Վալլեքս» խմբի կողմից:
Ինչպես հայտնի է`սեփականատերերը փոխվել են եւ Թեղուտի հանքավայրը ռուսաստանյան ՎՏԲ բանկի հսկ ղության տակ է: Բանկի ղեկավարությունը նոր օպերատոր էր ներգրավել հանքավայրը շահագործելու նպատակով: Նշենք, որ Սահակ Կարապետյանը հայց էր ներկայացրել դատարան` ընդդեմ «Թեղուտ» ընկերության եւ խնդրել բավարարել վերջնահաշվարկի արդյունքում վճարման ենթակա գումարները եւ դատական ծախսերը բռնագանձելու պահանջները: Բանն այն է`Թեղուտի հանքավայրի սեփականատիրոջ փոփոխությունից հետո նրան ազատել էին աշխատանքից։
Պարզվում է`Սահակ Կարապետյանի հետ պայմանագիր կնքվել է հանքավայրի գործունեությունը դադարեցնելուց մի քանի օր անց` նախորդ տարվա հունվարին։ Ինչից որոշ ժամանակ անց, կհիշեք`ընկերության տնօրինությունը սկսեց աշխատողներին կրճատել։ Ըստ դատարանի վճռի` գլխավոր տնօրեն դառնալուց հետո Սահակ Կարապետյանի ամսական աշխատավարձը կազմել է 8 մլն դրամ: Ի դեպ, Սահակ Կարապետյանի հետ աշխատանքային պայմանագիրն այնպիսի կետերով է կնքվել, որ աշխատանքից ազատվելուց հետո գործատուն պարտավոր է եղել մեկ տարի վճարել ամսական 8 մլն դրամ:
Նշենք`օրեր առաջ «Թեղուտի վերաբացում» նախաձեռնության անդամները քայլերթ անցկացրեցին ընդդեմ «Վալլեքս» խմբի: Նրանց խոսքերով, «Վալլեքս»-ը այժմ արհեստական խոչընդոտներ է ստեղծում հանքավայրի նոր սեփականատերերի աշխատանքի համար: Եւ մոտ 250 մլն դրամ վճարը ծանր բեռ կլինի ընկերության ներկայիս սեփականատերերի համար, այն դեպքում, երբ նրանք նոր են սկսել հանքավայրը շահագործել:
Սյունէ Համբարձումյան