Արարատի մարզում երեխաների համար քաղաք է կառուցվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը որոշում կայացրել «Երեխաների քաղաք» նախագծի իրականացման նպատակով Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում անհատույց հողատարածքներ տրամադրել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով:

Նախագծի համաձայն՝ վերոնշյալ համայնքների տարածքներում նախատեսվում է կառուցել քաղաք, որտեղ կիրականացվեն երեխաների խնամքին, առողջության պահպանմանը, դաստիարակությանը և զարգացմանը, կրթական ծառայությունների արդյունավետ կազմակերպմանն ուղղված ծրագրեր:

Այդ քաղաքում ապահով օթևան կգտնեն հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով շուրջ 600 երեխա և երիտասարդ՝ իրենց ընտանիքների հետ, իսկ միջնորդավորված շահառուներ կարող են լինել մոտ 8000 մարդ՝ Հայաստանի այլ մարզերից և մայրաքաղաքից: Բանիմաց ու փորձառու մասնագետները փոքրիկ բնակիչներին կշրջապատեն առավելագույն ջերմությամբ և հոգատարությամբ, կցուցաբերեն անհատական վերաբերմունք ու մոտեցում:

«Երեխաների քաղաք» նախագծի հիմքում իրական՝ «մեծերի» քաղաքի մոդելն է՝ իրեն բնորոշ ենթակառուցվածքներով՝ մանկապարտեզ, միջնակարգ և ավագ դպրոցներ, հիվանդանոց, մարզահամալիր և այլ հաստատություններ՝ հարմարեցված շարժողական խնդիրներ ունեցողների ազատ տեղաշարժման համար:

Իր տեսակով յուրօրինակ այս քաղաքի բնակիչները հնարավորություն կունենան մասնագիտություններ ձեռք բերել, տիրապետել արհեստների, յուրացնել համակարգչային հմտություններ և ստացած գիտելիքներն ու փորձը կիրառել այնտեղ գործող արհեստագործական և գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամասերում, հյուրատանը, ռեստորանում և այլ հաստատություններում:

Մանուկների համար նախատեսված հատուկ «քաղաքների» կառուցումը աշխարհում ընդունված պրակտիկա է, որն առաջին անգամ կիրառվել է Իտալիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Հայաստանում նախագիծն իրականություն կդառնա «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անմիջական աջակցությամբ:

«Երեխաները մեր ձեռքբերումների ժառանգորդն ու անմիջական շարունակողն են, մեր երկրի ապագան: Մենք պարտավոր ենք անել հնարավոր ամեն բան՝ ապահովելու նրանց անհոգ մանկությունը և երջանիկ, հարմարավետ ու ապահով ապրելու իրավունքը; «Կարիտաս» բարեսիրական ընկերության հետ համատեղ մեր բոլոր ուժերն ու ջանքերը կենտրոնացրեցինք նախագիծը կյանքի կոչելու համար: Քննարկումների արդյունքում ընտրեցինք 2 հարմար հողատարածք Շահումյան և Տափերական համայնքներում և նախագիծը ներկայացրեցինք նախարարների խորհրդի նիստին, որից հետո այն կառավարության կողմից հավանության արժանացավ», – ներկայացնելով նախագծի մանրամասները՝ պատմել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Մարզպետի խոսքով՝ Արարատի մարզի երեխաների համար այդօրինակ համալիրի կառուցումը կնպաստի մանկական աղքատության կրճատմանը, սոցիալապես անապահով երեխաների զարգացմանը, կրթության ապահովմանը, ինքնադրսևորմանը, ներառմանը հասարակությունում:

«Երեխաների քաղաքի» կառուցման աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարվա աշնանը:




Լրահոս