Ես իմ երկրից ու պետությունից երբեք չեմ նեղանում. պատվոգրից հրաժարված դատավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 5-ին, Վերաքննիչ քրեական դատարանում կայացել էր միջոցառում, որի ընթացքում նախատեսված էր եղել ԲԴԽ-ի կողմից Մանուշակ Պետրոսյանին համապատասխան պատվոգիր հանձնել, դատական համակարգում երկար տարիների աշխատանքային վաստակի համար։ Սակայն Մանուշակ Պետրոսյանը հրաժարվել էր ընդունել ԲԴխ-ի պատվոգիրը՝ հաշվի առնելով դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Ավելին, դատավոր Պետրոսյանը վերոնշյալ օրը հայտնել էր, որ հրաժարվել է նաեւ ընդունել Դատավորների միության նախագահի կողմից իրեն տրամադրվելիք պատվոգիրը:

Ասել է, թե դատավոր Մանուշակ Պետրոսյանը հրաժարվել էր երկու պատվոգրից , յուրաքանչյուրի համար ունենալով իր պատճառները:
Նշենք, որ Մանուշակ Պետրոսյանի լիազորությունները դադարեցվել էին նրա պաշտոնավարման ժամկետը լրանալու հիմքով։ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ փորձել էր Մանուշակ Պետրոսյանից հետաքրքրվել, թե ինչու է նա հրաժարվել վերցնել պատվոգիրը, ի պատասխան` վերջինս ասել է, թե Դատավորների միության նախագահի՝ իր նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքի հետ է կապված իր` պատվոգիրը չվերցնելու հանգամանքը, իսկ թե ինչ անհարգալից վերաբերմունքի մասին է խոսքը, դատավոր Պետրոսյանը չէր մանրամասնել:

ArmLur.am-ը դատավորից փորձեց պարզել նաև՝ ճի՞շտ են տեղեկությունները՝ կապված իր ամուսնու հետ, ըստ որի՝ հունիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով, աշխատանքից ազատվել էր ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը։ Եղիազարյանն ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ։ Ըստ նույն տեղեկությունների՝ Մանուշակ Պետրոսյանը հենց այդ պատճառով է հրաարվել պատվոգրից:

Ի պատասխան՝ դատավորը շեշտեց. «Հերյուրանք է, սուտ բամբասանք. ես իմ երկրից ու պետությունից երբեք չեմ նեղանում»:

Քնար Մանուկյան




Լրահոս