Դավիթ Բաբայանը՝ սահմանը հատած զինծառայողի և սահմանային իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք՝ երեկ, ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:

ArmLur.am-ը դեպքի մանրամասների և սահմանային իրավիճակի մասին զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

«Ընդհանուր առմամբ իրավիճակը վերահսկելի է, տագնապալի երևույթներ չկան: Ինչպես գիտենք, մի զինծառայող է հայտնվել Ադրբեջանի տարածքում: Պարզում ենք բոլոր հանգամանքները. ինչպես է դեպքը տեղի ունենցել, ինչ պատճառներ են եղել, որպեսզի կարողանանք իսկությունը ներկայացնել: Պարզ է, որ Ադրբեջանական կողմում նման դեպքերում ստահոդ տեղեկություններ են մեկնաբանում»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ չի բացառվում, որ ժամկետային զինծառայողը պատահականության արդյունքում է հայտնվել այնտեղ:

«Ադրբեջանցիները մարդասիրական բոլոր խնդիրները քաղաքականացնում են՝ փորձելով ֆիզիկական և բարոյական բռնություններ կիրառել: Մենք ասում ենք, որ նման մոտեցումները, քաղաքականության ձևը հիմնված է ստի և ահաբեկչության վրա»,-նշեց Բաբայանը:

Դավիթ Բաբայանը ևս մեկ անգամ հավելեց, որ սահմանում իրավիճակը վերահսկելի և կայուն է:

Նշենք, որ Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Լիդա Եղիազարյան




Լրահոս