Թուրքիայից Նախիջևան թռիչքների համար ՀՀ-ի օդային տարածքը չօգտագործելը քաղաքական հարց չէ. Քաղավիացիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայից դեպի Նախիջևան կատարվող թռիչքների համար Հայաստանի օդային տարածքը չօգտագործելու որոշումը կայացվել է օպտիմալացման նպատակով և որևէ քաղաքական հարցի հետ կապված չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Գալուստ Պողոսյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի այն որոշումը, որ դեպի Նախիջևան թռիչքի ժամանակ չեն օգտագործելու Հայաստանի տարածքը:

«Թուրքիան նոր մայրուղի է բացել այդ հատվածով, որն իր օդային տարածքում է և թռիչքներն այդ ուղիով են անցնելու: Նշեմ, որ խոսքը շաբաթական մեկ չվերթի մասին է: Այն Հայաստանի օդային տարածքով էր անցնում ու գնում էր Նախիջևան, հիմա ավելի օպտիմալ տարբերակ են ընտրել, որը, բնականաբար, իրենց ծախսերը կնվազեցնի ու ավելի կարճ կտևի թռիչքի ընդհանուր տևողությունը: Կրկնում եմ, այս որոշումը զուտ օպտիմալացման հարց է, որևէ քաղաքական խնդրի հետ կապ չունի»,- ասաց կոմիտեի ներկայացուցիչը:

Թուրքիայի օդային տարածքների շահագործման գլխավոր վարչության պետ Հուսեյն Քեսքինը նշել էր, որ Թուրքիայի օդանավակայաններից դեպի Նախիջևանի օդանավակայան կատարվող թռիչքների համար այլևս չեն օգտագործվի Հայաստանի կամ Իրանի օդային տարածքները: Նրա խոսքով, օգոստոսի 15-ից սկսած, թռիչքները կիրականացվեն Թուրքիայի տարածքի այն նեղ միջանցքի օդային տարածքով, որը կապում է Թուրքիան Նախիջևանի հետ և սահմանի մոտ ունի ընդամենը 13 կմ լայնություն:




Լրահոս