Թեղուտը՝ կառավարության ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից պոչամբարի ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ու պատվարի կայունության հետազոտություն նախաձեռնելու գործընթացը:

«Թեղուտ» ՓԲԸ-ի պատասխանատուները հայտնել են, որ պատվարի կայունության ուսումնասիրման նպատակով անհրաժեշտ հետազոտական միջոցառումների իրականացման համար արդեն իսկ պայմանագիր է ստորագրվել բուլղարական ընկերության հետ։ Այսօր ընկերությունը տեղեկացրել է, որ աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի առաջին օրերին բուլղարացի մասնագետների ժամանմամբ։ Փորձաքննության ողջ ընթացքը գտնվելու է նրանց անմիջական վերահսկողության ներքո, իսկ արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա 7-8 ամսվա ընթացքում:

Հավելենք նաև, որ ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն և ընկերության գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը։

Նախարարի տեղակալի կողմից կարևորվել է պետական մարմինների և հասարակության հետ հարաբերություններում հնարավորինս թափանցիկ գործելաոճի որդեգրումը՝ հատկապես հանրային ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի առնչությամբ:




Լրահոս