Ինչո՞ւ են Բարձրագույն դատական խորհրդի անդամները մեկը մյուսի հետեւից հրաժարականներ ներկայացնում: Ի՞նչ կապ ունեն Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականները մայիսի 20-ին ՀՀ վարչապետի հայտարարության հետ:
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Այդ գործընթացը պետք է արտահայտվի հետեւյալում.
1. Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի, այսինքն` հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:
2. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից:
3. Բոլոր այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան` այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին:
4. Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, եւ մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը:
Վարչապետի այս հայտարարությունից հետո առաջին հրաժարականի շարքը սկսվեց Բարձրագույն դատական խորհրդից: Մասնավորապես, մայիսի 24-ին հրաժարական տվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ապա հունիսի 7-ին` ԲԴԽ անդամ Գեւորգ Դանիելյանը, հունիսի 13-ին հրաժարական տվեց Սնանկության դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը, իսկ, ահա, երեկ իրենց հրաժարականի մասին հայտարարեցին բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Արմեն Բեկթաշյանը: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություների համաձայն, Բարձարգույն դատական խորհրդի գրեթե բոլոր անդամները հրաժարականներ են ներկայացնելու:
Մեզ հասած լուրերի համաձայն` իշխանությունները ԲԴԽ անդամներին հասկացրել են, որ վարչապետի մատնանշած դատավորների vetting-ը հնարավոր է հենց Բարձրագույն դատական խորհուրդը իրականացնի, եթե քննարկումների ընթացքում չորոշվի այլ հանձնաժողով ստեղծել: Դրա համար էլ պետք է բոլորը հրաժարական տան, գնան, եւ առավել ընկալելի մարդիկ ներգրավվեն ԲԴԽ-ում, որպեսզի vetting անեն դատավորներին:
Տեղեկություններ կան, որ դատավորներից ոմանք տեսակետ են հայտնել, թե ԲԴԽ նոր կազմը բավարար պրոֆեսիոնալ է արդյոք, որ իրենց վեթթինգի ենթարկի, սակայն նրանց բացատրել են, որ օրենքով այլ եղանակ չկա, եւ վեթթինգն անխուսափելի է: Եթե ԲԴԽ-ն չանի վեթթինգի գործընթացը, ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի: Բայց եթե ԲԴԽ անդամները նոր կազմով հավաքվեն եւ լինեն պրոֆեսիոնալ իրավաբաններ, այդ ճանապարհով կկարողանան իրականացնել դատավորներին վեթթինգի ենթարկելու գործընթացը:
Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամները 10-ն են, որից արդեն 5-ը հրաժարական են տվել: Մնացել են 5 հոգի, որ հրաժարականի դիմում տան:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԵՆ «ՔԻԼԼԵՐ» ԲԵՐԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ մահափորձ իրականացնել ցանկացող Ստեփան Ս-ի հետ` հասկանալու համար, թե ինչու նա որոշեց հիմա դիմել Ազգային անվտանգության ծառայություն եւ հաղորդում տալ հանցագործության մասին:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` սպանության նախապատարաստության հատկանիշներով: Ինչպես հրապարակվել էր մամուլում, նշված քրեական գործը հարուցվել էր Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ստեփան Ս.-ի նկատմամբ, որը դեռ 2001թ.-ին նախապատրաստել է Հայաստանի Հանրապետության պետական գործչի սպանություն, որի համար ստեղծված խմբի անդամների հետ ձեռք է բերել պայթուցիկ նյութեր եւ սարքեր, սակայն Ստեփան Ս.-ն հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Մեզ հասած տեղեկություններով` գործով հաղորդում տված անձը իրավապահներին հայտնել է, որ նախապատրաստել են սպանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ անգամ տվել են պատվիրատուի անունը: Ավելին, լուրերի համաձայն` այս քրեական գործով շոշափվում է Վազգեն Սարգսյանի եղբոր` Արմեն Սարգսյանի անունը: Ինքը՝ Արմեն Սարգսյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը:
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց կապ հաստատել Ստեփան Ս-ի հետ, որը խնդրեց հարգելի պատճառներով իր ազգանունը չգրել եւ հաստատեց, որ ինքն է դիմել Ազգային անվտանգության ծառայություն, սակայն ասաց, որ շատ մանրամասներ քրեական գործից հայտնել չի կարող նախաքննությանը չվնասելու համար. «Ես այս մահափորձի մասին հայտնել եմ ոչ թե որեւէ մեկի ջրաղացին ջուր լցնելու համար: Ասեմ` երբ ես հասկացա, որ Արմեն Սարգսյանը դարձավ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի եղբայրները ու ՊՆ-ի խորհրդատու, դիմեցի իրավապահներին: Եթե այն ժամանակ դիմեի, ինչ ուզենային, իմ գլխին կսարքեին: Միայն մեկ բան կարող եմ ասել. եթե հանկարծ կպարզվի, որ կես տառ անգամ կա զրպարտանք, ապա ես պատրաստ եմ հանձնվել 25 տարի. ես կորցնելու բան չունեմ»:
Ավելին, Ստեփան Ս-ի խոսքերով` երկրորդ նախագահի դեմ մահափորձ իրականացնելու համար Ռուսաստանի Դաշնությունից են վարձու մարդասպաններ բերել տվել, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսի հասցեն նա Ազգային անվտանգության ծառայության քննիչներին է հայտնել: Վերջինս հայտնեց, որ այժմ, իր հաղորդման հիման վրա, հարուցվել է քրեական գործ, եւ այլ գործողություններ իր մասով չեն իրականացվել:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՆԴԻՊԵԼ Է
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հասարակական-քաղաքական եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր պարբերական հանդիպումների շրջանակում: Այս մասին պարզաբանում է ՀՀ-ում ՌԴ դեսպանության կայքը:
ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ
«Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին: Սեդա Սաֆարյանը նշեց, որ սույն գործով դատավորի կողմից Վերաքննիչ բողոքները քննելու օբյեկտիվությունն ու անաչառությունը վստահություն չեն ներշնչում, ու առկա է ինքնաբացարկ հայտնելու հիմք: «Դատավորը նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք եւ ծառայել է այդ ռեժիմին, ինչպես նաեւ նախկինում «Մարտի 1»-ի գործով կայացրել է անհիմն որոշումներ, ինչը հիմք է հանդիսացել ոչ միայն տասնյակ մարդկանց անհիմն դատապարտման, այլեւ միջազգային կառույցներում պետության կարեւոր մարմնի` դատարանի վարկաբեկման համար»,- ասաց Սաֆարյանը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սեւակ Թորոսյանը՝ նշելով, որ դատավոր Արմեն Դանիելյանը շատ ցածր վարկանիշ ունի: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` միջնորդություններով որոշում կայացնելու: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունիսի 18-ի ժամը 16:00-ն:
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացրել պաղպաղակի շուկայում: Պաղպաղակ արտադրող 14 ընկերություններում եւ «Երեւան Սիթի», «ՍԱՍ Գրուպ», «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցային խանութներում անցկացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ «Ա. Ավետյանի ԱՍԱ», «Պարգեւ», «Արմսվիթ», «Թամարա», «Թամարա եւ Անի», ընկերություններն ու «Ձյան Փաթիլներ» ԱԿ-ն պաղպաղակներն արտադրում են բացառապես կաթնայուղի փոխարինիչով, «ԲԻՈ ԿԱԹ»-ը՝ միայն սերուցքային եւ պլոմբիր տեսակի, այսինքն՝ բացառապես կաթնայուղով, իսկ «Հայր եւ որդի Շուշանյաններ», «Իգիթ», «Դուստր Մարիաննա», «Ոսկե Պինգվին», «Գրանդ Քենդի» եւ «ՎԱՐՇԱՄ» ընկերությունները՝ ե՛ւ կաթնայուղով, ե՛ւ կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակներ:
ԿԱՍԵՑՎԵԼ Է
Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության եւ ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով` Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է պիպեմիդաթթվի ակտիվ նյութ պարունակող դեղերի գրանցումը անվտանգության նկատառումներով.
Սլովենիայի «Լեկ Ֆարմասյութիքալս» դեղագործական ընկերության արտադրության «Պալին, պիպեմիդաթթու (պիպեմիդաթթվի տրիհիդրատ), դեղապատիճներ, 200մգ; (20/2ճ10/), բլիստերում»,
Թայլանդի «Պոլիֆարմ Քո., ՍՊԸ, 109 Բանգնա-Տրադ Ռոադ, Բանգ Ֆլի մասնաճյուղ, Սամուտ Պրական 10540` Եվրոդրագ Լաբորատորիես Ս.Ա.» դեղագործական ընկերության արտադրության «Ուրոտրակտին, պիպեմիդաթթու (պիպեմիդաթթվի տրիհիդրատ), դեղապատիճներ, 400մգ; (10/1ճ10) բլիստերում»: