Լուսանկարը՝ «Ժողովուրդ» օրաթերթի
ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճներից մեկի աթոռներն են: Լուսանկարից երեւում է, որ աթոռների պաստառները պոկված են: Հավանաբար դատարանը ֆինանսական միջոցներ չունի դրանք նորոգելու կամ նորով փոխարինելու համար:
ՀԱՐՑ. Աջակցո՞ւմ է արդյոք ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսություններին գյուղմթերքի իրացման հարցում:
Հայկանուշ Գաբրիելյան (41 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Սկսած 2011 թվականից` ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի Կասյան փողոցին հարող տարածքում շաբաթ եւ կիրակի օրերին կազմակերպվում է գյուղատնտեսական տոնավաճառ: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառին անվճար է: Նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրում է նաեւ հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ եւ սայլակներ: Սահմանվել եւ հետեւողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցների կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ մարզերի մի շարք համայնքներ տարիներ շարունակ գյուղմթերքի իրացման խնդրի առաջ են կանգնում: Համաձայնեք, որ տոնավաճառ կազմակերպելը բավարար չէ գյուղացիների այս դարավոր խնդիրը լուծելու համար: Գյուղացիները չեն կարողանում նույնիսկ իրենց բերքի ինքնարժեքը ստանալ:
ՀԱՐՑ. Ես պատրաստվում եմ մեկնել այլ երկիր հանգստի նպատակով: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել: Մեկնելու եմ ինքնաթիռով:
Ալինա Ասրյան (26 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տոմսը, անձնագիրը, գումարը եւ թանկարժեք իրերը պահե՛ք Ձեզ մոտ: Ինքնաթիռով մեկնելու ժամանակ ձեռքի ուղեբեռում չի թույլատրվում տեղափոխել ծակող, կտրող առարկաներ, հեղուկ, ինչպես նաեւ երեխայի խաղալիքներ կամ ձեւով զենքի նման այլ առարկաներ: Հյուրանոց ժամանելիս առանձնահատուկ ուշադրություն դարձրե՛ք ապրելու ներքին կանոններին եւ հակահրդեհային անվտանգության կանոններին: Մտապահե՛ք ելք ու մուտքերի, վերելակների, աստիճանների տեղերը: Ձեզ հետ վերցրե՛ք հյուրանոցի այցեքարտը եւ պարզե՛ք, թե անկանխատեսելի իրավիճակների դեպքում ինչպես կարելի է կապվել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի, համապատասխան մարմինների հետ: Պետք է նաեւ ուղեւորվող երկրին համապատասխան հագուստ վերցնել: Օրինակ` մահմեդական շատ երկրներում կանանց արգելվում է բաց հագուստ կրել: Ինչ վերաբերում է ծխելուն, ապա մի շարք եվրոպական երկրներում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում եւ Կանադայում հասարակական վայրերում ծխելն արգելվում է: Իսկ, օրինակ, Սինգապուրում մեծ տուգանք է հասնում իրը չնախատեսված վայրում նետելու համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արձակուրդ գնալուց առաջ պետք է մանրամասն հաշվարկել, թե որքան կարժենա ուղեւորությունը: Բնականաբար, այլ երկրներ մեկնելը տարբեր արժեքներ ունի, հետեւաբար, դրամական միջոցներ տնտեսելու համար խորհուրդ ենք տալիս ուշադիր ուսումնասիրել այն երկրի արժույթը, որտեղ պատրաստվում եք մեկնել: Որոշ երկրներ ավելի շահավետ է տանել եվրո, մյուս երկրներ` դոլար, մեկ այլ երկիր` ռուբլի: Կարճ ասած` լավ հանգստացե՛ք, ուժ եւ էներգիա հավաքե՛ք եւ աշխատե՛ք հանգստից հաճույք ստանալ: