Բուռն հանգստի շրջանից հետո Ազգային ժողովը երեկ լայն թափով վերսկսեց աշխատանքները: ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովում պատգամավորները քննարկում էին կոռուպցիայի դեմ պայքարի 2019-2020թթ. ազգային ռազմավարության ծրագիրը:
Նշենք, որ այն ենթադրում է նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում: Սակայն հետաքրքիր է, որ, ըստ էության, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ոչ բոլոր պատգամավորներն էին ներկա եւ առավելեւս տեղյակ այդպիսի քննարկման առկայության մասին:
Ընդ որում, իմացող պատգամավորներին էլ այլ աշխատասենյակ էր ասվել, եւ երկար ժամանակ միմյանց հարցուփորձ անելով էին օրենսդիրները փորձում գտնել քննարկման վայրը: Սակայն հետաքրքիր է, որ, ամեն դեպքում, քննարկմանը հնարավորություն ունեցան մասնակցել նաեւ մյուս խմբակցության ներկայացուցիչները եւս: Ինչպես հայտնի է, կառավարությունը պետք է ստեղծի նոր հակակոռուպցիոն մարմին, որն ունիվերսալ է լինելու եւ իր մեջ ներառելու է մյուս գերատեսչությունների համապատասխան բաժինները:
Ըստ այդմ, նոր մարմինն իրավասու է լինելու իրականացնել կանխարգելիչ, օպերատիվ-հետախուզական եւ կրթական գործառույթներ: Նշենք, որ ի սկզբանե նախատեսված տարբերակից այս անգամ շեղում է լինելու, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմի առաջին խմբի նշանակումը լինելու է առանց մրցութային խորհրդի, որպեսզի սեպտեմբեր-հոկտեմբերին արդեն լինի այդ հանձնաժողովը: Սակայն հետագայում լինելու է մրցութային խորհուրդ, որը ենթադրում է նաեւ կառույցի անկախություն:
Հետաքրքիր է, որ ոստիկանությունից եւ Քննչական կոմիտեից հակակոռուպցիոն գործառույթը փոխանցվելու է նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեին, իսկ ԱԱԾ-ի մոտ մնալու են հետախուզության եւ հակահետախուզության գործառույթները եւ դրան համապատասխանող օպերատիվ հետախուզական եւ քննչական գործառույթները, այսինքն՝ մյուս գործառույթները վերապահվելու են Հակակոռուպցիոն կոմիտեին:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից տեղեկացավ, որ այսպիսի որոշում է կայացվել անցումային շրջանի հետ կապված, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեն չի կարող երեք կամ չորս տարում ունենալ նման պատրաստվածություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ այլ փոփոխություն եւս առկա է: Մասնավորապես, Գլխավոր դատախազության կազմում համապատասխան ստորաբաժանում է ավելանալու, որը զբաղվելու է այդ քննության նկատմամբ օրինականության հսկողությամբ: Եվ այդ ամենի վերջին տարրը լինելու է հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը, որոնք զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ:
Նշենք, որ շատ մասնագետների պնդմամբ` Հայաստանը հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման հարցում ուսումնասիրել են հիմնականում Ուկրաինայի եւ Մոլդովայի փորձը այն դեպքում, երբ նույն մասնագետների հավաստմամբ` այդ երկրներում միացյալ հակակոռուպցիոն կոմիտեն այնքան էլ հաջող չի աշխատել: Սակայն ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, թե իրենք ուսումնասիրել են ԵԽ բոլոր երկրների փորձը, եւ դրանք այդ երկրներում հաջողել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ` հակակոռուպցիոն գործողությունների համար նախատեսվել է 18 մլրդ դրամ:
Հավելենք, որ հակակոռուպցիոն 2019-2022 թվականների ռազմավարությամբ, ինչպես հայտնի է, կառավարությունը հրաժարվել է հակակոռուպցիոն ունիվերսալ (միասնական) մարմին ստեղծելու ծրագրից` նախապատվություն տալով տարանջատված (ապակենտրոնացված) մոդելին: Եվ Հայաստանում նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն երկու նոր մարմին` Հակակոռուպցիոն կոմիտե եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Առաջին մարմինը զբաղվելու է կոռուպցիոն հանցագործությունների նախաքննություններով, իսկ երկրորդը` հակակոռուպցիոն կրթությամբ, պաշտոնյաների հայտարարագրերով։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր էլ կհրապարակվի դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը:
Նաիրա Հովհաննիսյան