Քաղցկեղի ճառագայթային բուժումը Հայաստանում. արդյոք ամեն ինչ այնպես է, ինչպես ներկայացվում է նախարարության կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ճառագայթային բժշկությունը լուրջ ներդրումների կարիք ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային բաժնից մասնագետները վերջին շրջանում հեռանում են`աշխատանք գտնելով մասնավոր հատվածում: Պատճառը մասնավորի առաջարկած բարձր աշխատավարձն է:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժնի վարիչ Թաթուլ Սաղաթելյանի հետ:

-Պարո՛ն Սաղաթելյան, Հայաստանում այս պահին ի՞նչ վիճակում է գտնվում ճառագայթային բժշկությունը։

-Տարիներ շարունակ այս ոլորտում պետական լուրջ ներդրումներ կամ աջակցություն չի եղել, եւ ոլորտը կախված է եղել սիմվոլիկ ու շատ չնչին, ինքնարժեքին, բուժման ու ծառայություններին չհամապատասխանող պետական պատվերի շրջանակներում ֆինանսավորումից, ինչը իր հետեւանքները չէր կարող չթողնել: Դա բերել է ժամանակի ընթացքում ոլորտի շատ լուրջ հյուծման կադրային տեսանկյունից, որովհետեւ ոլորտը գրավիչ ու հրապուրիչ չի եղել մասնագետների համար: Մասնագետներ չեն պատրաստվել, ու այսօր մնացել են մատների վրա հաշված թվով մասնագետներ:

-Քանի՞ մասնագետ է հեռացել ՈՒԱԿ ճառագայթային բաժնից դեպի մասնավոր սեկտոր եւ ի՞նչ պատճառով:

-Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք արդեն իսկ ունենք 4 բավականին պահանջված մասնագետների արտահոսք. մեկ բժիշկ, մեկ ֆիզիկ եւ երկու տեխնիկներ: Պատճառը, հավանաբար, առաջին հերթին դիսբալանսն է. մասնավոր ոլորտում մասնագետների վարձատրության ու պետական ոլորտում համարժեք վարձատրության համար բավականաչափ հնարավորություններ չլինելու հանգամանքով է պայմանավորված: Այլ կերպ ասած`մասնավոր հատվածում հրապուրիչ պայմաններ են առաջարկում, քանի որ այնտեղ լինում են ներդրումներ, ավելի լավ է ապահովվածությունը:

-Կառավարության որոշման մեջ տարբերություն է դրվում 15 ՄէՎ հզորության եւ այլ սարքերի միջեւ: Արդյոք դրանով մրցակցային առավելությո՞ւն է տրվում մասնավոր որեւէ կազմակերպության` ի վնաս պետականի:

-Ըստ էության, վիճելի սահմանազատում է այդ 15 ՄԷՎ-ը, որովհետեւ նորագույն տեխնոլոգիաներով, ժամանակակից սարքերով բուժական մոտեցումների մեծ մասը օգտագործում է շատ ավելի ցածր էներգիաներ, այդ թվում 6 ՄԷՎ: Ու թե ինչ հիմնավորում կա այդ սահմանազատման, այդ 15 ՄԷՎ արտահայտության տակ, ես դժվարանում եմ ասել: Բայց այս պահին Հայաստանում կա մի սարքավորում, որը որ ունի այդ 15 ՄԷՎ հզորությունը ու այդ հրամանի մեջ սահմանափակումը վերաբերում է զուտ այդ կարգավորմանը: Այսինքն` կարելի է ենթադրել, որ ուղղակի այդ սարքավորումն են նկատի ունեցելայդ սահմանազատումը մտցնելիս:

-Ճի՞շտ հասկացա, որ այդ սարքավորումը պետական հիմնարկը չունի, փոխարենն ունի մասնավոր կազմակերպությունը…

-Ըստ էության, այո:

-Պարո՛ն Սաղաթելյան, խնդրում եմ ավելի մատչելի բացատրել այդ սարքերի միջեւ եղած տարբերությունները:

-Երկու սարքերն էլ իրենք էլեկտրոնների գծային արագացուցիչներ են: Մեր ունեցած սարքը ինքը միաէներգետիկ է, այսինքն` ունի միայն մեկ էներգիայի փունջ: Ի տարբերություն մեր սարքի` բազմաէներգետիկ սարքերն ունեն մի քանի կամ, կոնկրետ դեպքում, Հայաստանում եղած արագացուցիչն ունի 2 ֆոտոնային էներգիա`6 եւ 15: Սա որոշակի իրավիճակներում տալիս է որոշակի առավելություն` ոչ շատ մեծ` ավելի լավ ճառագայթման պայմաններ ստանալու համար: Բայց տարբերությունը այդքան հսկայական չէ, ու Հայաստանում հիմնականում թե՛ այն, թե՛ մյուս սարքով հիվանդները ճառագայթվում են նույն ռադիոթերապեւտիկ մեթոդիկայով:

Այսինքն` միջազգային տերմինաբանությամբ` դա նույն մոտեցումն է, նույն մակարդակի, նույն ճշգրտության բուժումն է արվում: Իհարկե, սարքի սպասարկումը բավականին թանկ հաճույք է, ու դա էլ պետք է հաշվի առնվի, թե՛ այդ գնագոյացման հարցերը, թե՛ ծառայությունների գները որոշելը, որպեսզի քիչ թե շատ գինը համապատասխանի ռեալ ինքնարժեքին,քանի որ թերսնուցման եւ թերֆինանսավորման հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ գնի տակ հստակ իրատեսական հաշվարկներ չեն լինում: Իսկ թերֆինանսավորումն էլ հնարավորություն չի տալիս, որ ոլորտը ինչ-որ կերպ զարգանա:

-Առողջապահության նախարարը նշել էր, որ, անցյալ տարվա համեմատ, ճառագայթային ուռուցքաբանության հասանելիության առումով աննախադեպ աճ է եղել: Ի՞նչ կասեք այս առումով:

-Ճիշտն ասած, դժվարանում եմ ինչ-որ աննախադեպ տերմինի տակ ինչ-որ բան պատկերացնել: Բայց, ըստ էության, ծանրաբեռնվածությունը կամ հիվանդների քանակը այս պահի դրությամբ նույնիսկ, եթե աճ էլ եղել է… մեր կենտրոնում աճը կարող է լինել 5-10 տոկոսի սահմաններում, որը որ բնական երեւույթ է, որովհետեւ մեզ մոտ էլ զարգանում են, թե՛ մոտեցումները, թե՛ ցուցումները լայնացվում, ու նման աճ կարելի է տեսնել նաեւ 2018 թվականին` 2017-ի համեմատ:

Այսինքն` ինչ-որ աննախադեպ աճ ես դա չէի անվանի, ամեն ինչ բավականին սահուն է, որովհետեւ մենք էլ ցուցումները լայնացնում ենք, մենք էլ ակտիվ ենք աշխատում. լինում են իրավիճակներ, երբ որոնք որ նախկինում չէին ճառագայթվում, հիմա մենք հաջողությամբ ճառագայթում ենք: Կոնկրետ կառավարության որոշման հետ կապված աննախադեպ աճ, համենայնդեպս, մենք չենք տեսնում, ու չգիտեմ` ինչ են նկատի ունեցել այդ տերմինը օգտագործողները:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս