Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի որոշման արդյունքում կյանքից զրկվածի դուստրը չի լռելու. պատիժ է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի որոշման արդյունքում կյանքից զրկվածի դուստրը չի լռելու. պատիժ է պահանջում։

Ինչպես հայտնի է Վարչական դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյան հրամանով փոփոխված կորոնավիրուսային հիվանդությամբ բուժառուների բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման կարգը սահմանող որոշ կարգավորումներ։

Այս տարվա մարտի 14-ին Վերաքննիչ դատարանը որոշել է առողջապահության նախարարության վերաքննիչ բողոքն ամբողջությամբ մերժել եւ անփոփոխ թողնել վարչական դատարանի 2022 թվականի որոշումը, որով, փաստորեն, նախարարի վիճելի հրամանները անվավեր եւ ոչ իրավաչափ են ճանաչվել։ Ա․ Հայրապետյանը, որի հայրը 2020 թվականին մահացել է կորոնավիրուսից, դիմել էր դատարան՝ վիճարկելու առողջապահության նախարարի հրամանը, որով խմբագրվել է կորոնավիրուսային հիվանդությամբ բուժառուների բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման կարգը եւ սահմանվել՝ «․․․Առողջության առաջնային պահպանման հաստատության աշխատաժամերից դուրս եւ ոչ աշխատանքային օրերին հաստատված COVID-19 պացիենտի առողջական վիճակի կտրուկ վատթարացման դեպքում պացիենտը կամ ընտանիքի անդամը կանչ է տալիս շտապ բժշկական օգնության ծառայությանը: Ընդ որում` պացիենտը հոսպիտալացվում է, եթե առկա է մարմնի ջերմաստիճանի բարձրացում 38.5°C 3 օրից ավելի և/կամ արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% և/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե»: Ա․ Հայրապետյանի՝ դատարանին ներկայացրած փաստարկների համաձայն՝առողջապահության նախարարի 10.04.2020 թվականի թիվ 1239-Ա հրամանի՝ 2020թ. հունիսի 16-ի դրությամբ գործող խմբագրությամբ 5, 6-րդ կետերը թույլ չեն տվել հոսպիտալացնել այն անձանց, որոնց մոտ առկա չի եղել մարմնի ջերմաստիճանի բարձրացում 38.5°C 3 օրից ավելի և/կամ արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% և/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե, փոխարենը նրանք ուղղորդվել են քաղաքային պոլիկլինիկաներ, որտեղ, սակայն, չի տրամադրվել բուժառուներին որակյալ բուժօգնություն:

Արդյունքում դիմողի հայրը, ունենալով կորոնավիրուսային հիվանդություն, չի ստացել որակյալ բուժօգնություն՝ մահացել է: Ընդ որում, առողջապահության նախարարի 21.05.2020 թվականի թիվ 1606-Ա հրամանով հաստատված «Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ բուժառուների բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման կարգի»՝ 2020թ. հունիսի 16-ի դրությամբ գործող խմբագրությամբ 1, 2-րդ կետերը չեն սահմանել կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս նմուշառում կատարելու հստակ ժամկետներ։ Սրա արդյունքում Հայրապետյանի հորը նմուշառել են միայն 2020 թվականի. հունիսի 19-ին՝ այն պայմաններում, երբ կանչը տրվել է հունիսի 16-ին, իսկ հոսպիտալացրել են միայն հունիսի 23-ին:

Եվ ահա մահացած տղամարդու դուստրը՝ Արուսյակ Հայրապետյանը, ուշագրավ հայտարարություն է անում:
«Հորս մահից հետո, 2020 թվականին, դատական պրոցես է սկսվել, երկու հայցադիմումով՝ ՀՀ Առողջապահության Նախարարության և Մեդլայն կլինիկայի դեմ։ Զուգահեռ՝ հարուցվել է քրեական գործ ։ Թեման այսօր նորից թարմացել է, որովհետև սույն թվականի մարտի 14-ին ՀՀ Վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ԱՆ այդ ժամանակվա նախարարի կողմից պարտադրված որոշ կարգավորումներ։ Բոլորս գիտենք, որ բժշկությունը ճշգրիտ գիտություն չէ, հատկապես համաճարակի ժամանակ, հատկապես՝ նորահայտ վիրուսների դեպքում։ Դրան հակառակ՝ կառավարումը, նամանավանդ՝ պետական կառավարումը, հանրային կյանքին վերաբերվող հարցերի կազմակերպումը հստակ գիտելիքներ, որակներ ու պրոֆեսիոնալիզմ պահանջող զբաղմունք է ու երբ դրանով զբաղվում են անպատասխանատու և սիրողական մակարդակի անհատներ, քաղաքացին դրա ուղղակի կամ կոլատերալ զոհն է դառնում։ ՀՀ ում միշտ եղել են ու կան պետական պաշտոնների նստած մարդիկ, ովքեր ծառայում են բացառապես սեփական, անհատական, ընկերական կամ թայֆայական շահերին ու երբեք հանրայինին, երբեք քաղաքացու շահին։ Հայրս այս արատավոր ֆենոմենի բազմահազար զոհերից մեկն է միայն։ Այս պրոցեսը վատ կառավարման մասին է և հստակ ցուցադրում է, որ ՀՀ ում պետական պաշտոնյան կարող է ամբողջովին տապալել իր առաքելությունը, բայց մնալ ոչ միայն բացարձակ անպատիժ, քանզի պատասխանատվության ինստիտուտը պաշտոնյաների վերաբերյալ բացարձակ բացակայում է, այլ նաև այլ պաշտոնի նշանակվել և հանգիստ շարունակել վնաս տալ հիմա էլ մեկ այլ ոլորտում։ Որևէ ժողովրդավարություն, ուր պետական պաշտոնյան, հանրային ծառայողն անպատիժ է, ինչ էլ անի, գրոշի արժեք չունի։ Ու այս պրոցեսի դրդապատճառը իմ, ինչպես նաև այս գործով արդեն չորս տարի բացարձակ անշահախնդիր կերպով զբաղվող երեք հրաշալի մասնագետ իրավաբան-փաստաբաներինը նույնն է՝ խորքային համոզմունքը, որ մենք ճիշտ ենք և անհատական որոշումը՝ չլռել, երբ ՀՀ քաղաքացու կյանքի իրավունքի դեմ պետական մակարդակի անպատասխանատվության պատճառով ոտնձգություն է կատարվում։ Այդպես էր նախկին ռեժիմի օրոք, երբ ՀՀ ում կային բազմաթիվ քաղբանտարկյալներ, այդպես է Փաշինյանական խմբակի կառավարման օրոք, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգությունն ու պետականությունը ուղղակի են վտանգվում՝ անկարող և բացարձակ անպատասխանատու կառավարման հետևանքով»։

Քնար Մանուկյան




Լրահոս