Դեֆիցիտ. ավտոմեքենաների գները կտրուկ բարձրացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ավտոմեքենայի դեֆիցիտ է: Պատճառը հաջորդ տարվա հունվարի 1-ից սպասվող գնային փոփոխությունն է:

Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 1-ից ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է ըստ շարժիչի հզորության, ինչը հանգեցնելու է նրան, որ 4-5 անգամ ավելանալու է այդ մեքենաների արժեքը: Չնայած որ հունվարի 1-ին դեռ ավելի քան չորս ամիս կա, բայց մարդիկ սկսել են միջոցներ հայթայթել եւ մեկ օր շուտ ավտոմեքենա գնել էժան գնով: Բայց սրան զուգահեռ նկատենք, որ մեքենա վաճառողները, առիթից օգտվելով, վերջին շրջանում զգալի բարձրացրել են մեքենաների գները: Սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեքենա ներկրողների մեծ մասը «պահեստավորել են» իրենց մեքենաները, որպեսզի դրանք վաճառեն հունվարի 1-ից հետո կրկնակի թանկ գնով:

«Autocom Japan» ընկերության Հայաստանյան ներկայացուցիչներից Նարեկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ինքն այժմ պատվերներ չի ընդունում: «Քանի որ հնարավոր է, որ ներկայիս պատվերները տեղ չհասնեն մինչեւ հունվար: Թե չէ ճապոնական ու ամերիկյան աճուրդները օգտատերերի համար փակ չեն: Բաց են միայն այն ցանկացողների համար, որոնք պատասխանատվությունը իրենց վրա են վերցնում. այսինքն` եթե հունվարին հասնի մեքենան, ապա միայն իրենք պետք է լրացուցիչ գումարը վճարեն: Ես միայն այդ դեպքում կարող եմ պատվիրել: Եւ այս պահի դրությամբ կան մարդիկ, որոնք համաձայն են այդ պայմաններին եւ պատվիրում են»,- մասնագետը ներկայացրեց իրավիճակը:

Պարզվում է` վրացական շուկայում եւս թանկացումներ են: Պատճառը դարձյալ հունվարի 1-ից սպասվող փոփոխություններն են. «Դե մարդկանց մի մասը չեն կարող պատվիրել, որովհետեւ ձեռնտու չէ, թանկ է, բնականաբար ստիպված գնում են կա՛մ հայաստանյան շուկայից, կա՛մ էլ Վրաստանից»: Մասնագետի խոսքով` ամենատարածված մոդելը Հայաստանի համար Ճապոնիայից պատվիրված Nissan Tida-ն է, որը մեկ տարի առաջ տեղական շուկայում վաճառվում էր 3000-3500 դոլարի սահմաններում, այժմ այն 4000-4500 դոլար է: Իսկ, ահա, 2020 թվականին նույն մեքենան կթանկանա ավելի քան 2000-3000 դոլարով: Բացի այս, կան մարդիկ, որոնք ունեն ներկրած մի քանի մեքենա, բայց չեն շտապում դրանք հիմա վաճառել: Անհամբեր սպասում են հունվարի 1-ին, որպեսզի բարձր գնով վաճառեն:

Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ մարդիկ կան, որոնք մեքենա ներկրում են` վարկային միջոցներ ներգրավելով. «Կան մարդիկ, որոնք վարկեր ունեն, շատ են մեքենա պատվիրել եւ չեն կարողանալու մի քանի ամիս պահել ու ստիպված են հիմա հանել վաճառքի: Իսկ, ահա, նրանք, որոնք ֆինանսապես ապահովված են, բնականաբար կպահեն, որ 2020 թվականին վաճառեն ավելի թանկ գնով»:
Հայաստանի ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն իր հերթին պնդեց, որ մի քանի օրերի ընթացքում մոտ 30 տոկոսով ավտոմեքենաների գները բարձրացել են:

«Ճապոնական աճուրդների դիլլերները պայմաններ են դրել մերոնց առաջ. նախ` չեն երաշխավորում, որ կարող են մեքենան հասցնել ուղարկել մինչեւ հունվարի 1-ը, երկրորդ` նրանք բարձրացրել են տեղափոխման գինը մոտ 500 դոլարով եւ մեքենայի ձեռքբերման գինը` դարձյալ մոտ 500 դոլարով: Բացի այս, ապառիկ տարբերակով չեն աշխատում, պահանջում են ամբողջ գումարը ուղարկել: Վրաստանի շուկայում խաղացողները` ադրբեջանցիներն ու վրացիները նույնպես, տեսնելով մեր վիճակը, առիթից օգտվելով, բարձրացրել են մեքենայի գները»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը:

Մեր զրուցակիցը օրինակներ բերեց` նշելով, որ 7-8 տեղանոց ավտոմեքենան թանկացել է 2 անգամ: Նախկինում դրանք Ճապոնիայից ձեռք են բերել 1500-2000 դոլարով, հիմա այն 5000 դոլար է, նույն մեքենան ԱՄԷ-ում էլ է թանկացել: Հիմա դրանք մեր տեղական շուկայում 10 հազար դոլար արժեն:
«Այս պահին ավտոշուկայում մեքենա գրեթե չկա: Դրանք արագ սպառվում են: Ոչ միայն մերոնք, այլեւ ղազախները, ռուսները գնում են, վրացական գյուղերից են մեքենա գնում, որ բերեն այստեղ ու թանկ գնով վաճառեն»,- լրացրեց Հովհաննիսյանը:

Զրույցի ընթացքում հայտնի դարձավ, որ ավտոներկրողները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ են գրել: Ըստ Տիգրան Հովհաննիսյանի` դրական արձագանք են ստացել. «1-7 տարեկան մեքենաների դեպքում մաքսային տարիֆները կէժանանա: Բայց մենք առաջիկայում նորից դիմելու ենք, որպեսզի 1-15 տարեկան մեքենաների վրա տարածվի դա»:

Ի դեպ, ավտոներկրողներն առաջիկայում մամուլի ասուլիս են հրավիրելու, որտեղ մանրամասն կքննարկեն Պուտին-ավտոներկրողներ նամակագրական կապի եւ ռուսական կողմի առաջարկների մասին:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս