Ինչու անտեսվեց «վերևներից» եկած հրահանգը. որոշում է կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները, սեպտեմբերին մեկնարկող հերթական նստաշրջանին ընդառաջ, երեկ հավաքվել էին Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում` քննարկելու հետագա անելիքները: Նախ նկատենք, որ վերջին շրջանում իշխանական խմբակցության անդամների մոտ կարծես թե ավանդույթ է դարձել խմբակցության նիստերն անցկացնել կենտրոնական գրասենյակում, այլ ոչ թե խորհրդարանում, եւ պատճառը ժուչոկներից հեռու հանգիստ քննարկում անցկացնելն է:

Նախ նկատենք, որ երեկվա նիստը բավական երկար է տեւել` չորս ժամից ավելի, որին, սակայն, ո՛չ բոլոր պատգամավորներն են ներկա եղել, եւ ո՛չ բոլորն են մինչեւ վերջ մնացել քննարկումներին` տարբեր պատճառաբանություններով կեսից դուրս գալով քննարկումից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ փակ քննարկման հիմնական թեման եղել է սեպտեմբերի 9-ից մեկնարկող հերթական նստաշրջանում պատգամավորների անելիքները, կարեւոր նախագծերը, դրանց վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումները: Մենք տեղեկացանք, որնիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ խմբակցության ներսում այլախոհներին կամ, այլ կերպ ասած, այն պատգամավորներին, որոնք ժամանակ առ ժամանակ այս կամ այն հարցերով դեմ կարծիքներ են արտահայտում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ամենեւին պատահական չէ, որերեկ խմբակցության նիստի ժամանակ լայնորեն անդրադարձ է կատարվել հենց այս հարցին: Բանն այն է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին զգուշացված է եղել չխոսել Ամուլսարի հանքի շահագործման թեմայով եւ ոչ մի կարծիք չարտահայտել` լինի դա դեմ, թե կողմ: Սակայն խմբակցությունում եղան պատգամավորներ, որոնք ազատորեն արտահայտեցին իրենց կարծիքը եւ չթաքցրեցին, որ դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը եւ, ըստ էության, անտեսեցին «վերեւներից» եկած հրահանգը:

Այս հանգամանքի եւ իշխանությանը միայնակ թողնելու մասին օրեր առաջ Ծաղկաձորում փակ հավաքի ժամանակ խոսել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ բաց տեքստով ասել, որ այդպիսի դեպքերը պետք է հնարավորինս նվազեցնել, եւ պետք է գերիշխող լինի մեծամասնության կարծիքը: Այլ կերպ ասած, փորձ է արվելու սանձել այլախոհներին եւ մեծամասնության տեսակետին դեմ գնացողներին:

Եվ, ահա, երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ քննարկման ժամանակ եւս մեկ անգամ անդրադարձ է կատարվել բազմակարծության թեմային, եւ որոշում է կայացվել, թե ինչպես են վարվելու հետագայում, եթե այս կամ այն հարցի վերաբերյալ խմբակցության ներսում այլակարծություն լինի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` որոշում է կայացվել նման դեպքերում ավելի վեր դասել եւ առաջնորդվել մեծամասնության կարծիքով: Այստեղ խոսքը վերաբերում է նաեւ հանրության համար կարեւորություն ներկայացնող հարցերին: Իհարկե, սա չինշանակում, թե այլ տեսակետ ունեցող պատգամավորները չպետք է արտահայտվեն. նրանք նախկինի պես կարող են խմբակցության նիստերի ժամանակ խոսել, դեմ գնալ մեծամասնության տեսակետին, սակայն, ի վերջո, առաջնային է լինելու մեծամասնության տեսակետը եւ որոշում կայացվելու է`մեծամասնության կարծիքը հաշվի առնելով:

Երեկ լրագրողների հետ զրույցում հարցին` ինչ են անելու այն պատգամավորների նկատմամբ, որոնց դիրքորոշումը չի համընկնում վարչապետի տեսակետի հետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ԱԺ-ում չի եղել քննարկում, որտեղ բոլորի դիրքորոշումները 100 տոկոսով համընկել են. «Դուք եք չէ՞ շրջանառության մեջ գցել կնոպկա սեղմող գաղափարը, այն ժամանակ ինձ մոտենում էին լրագրողները, ասում էին՝ մտավախություն կա, որկրկնեք նախորդներին ու կնոպկա կսեղմեք, հիմա հակառակն ենք ասում՝ քննարկում ենք, դա ուրախալի է: ՀՀ քաղաքացին պիտի գոհու շնորհակալ լինի, որ այսօրվա իշխանությունը քննարկում է եւ ականջալուր է ամեն ինչին, ու դուրս պիտի գա հին տրամաբանությունից: Քննարկում ենք, ասում եք պառակտում կա, ձերմեջ վեճ կա, չենք քննարկում, ասում եք կնոպկա սեղմող»:

Ամեն դեպքում, երեկվա նիստի որոշմանը հասնելու հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ծաղկաձորյան հանդիպումը, որտեղ գլխավոր թեման եղել է Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված լարված իրավիճակը: Փաշինյանն այդ ժամանակբացահայտ խոսել է այն մասին, որ հանքի շահագործման հարցում ինքը միայնակ է մնացել եւ ասել, որ դժգոհ է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների աշխատանքից, ովքեր այս ժամանակահատվածում որեւէ քայլ չարեցին այդ հարցում իրեն աջակցելու համար: Եվ հենց այս խոսքերն էլ հաշվի առնելով` որոշում է կայացվել «սանձել» խմբակցության պատգամավորներին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս