Ընդունել եմ ինձ առաջադրված մեղադրանքը. Ծովակի գյուղապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդունել եմ ինձ առաջադրված մեղադրանքը: Աշխատակիցս առողջական խնդիրներ է ունեցել 50 օր աշխատանքի չի ներկայացել, բացի դա բուլետինի թուղթ էլ չի ներկայացրել, և դրա դիմաց վճարվել է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը:

«Աշխատանքի չներկայանալու հետ մեկտեղ վճարվել է մոտ 232 հազար դրամի չափով, որն այժմ վերականգնված է: Գումարը բյուջե վերադարձվել է աշխատակցիս կողմից: Փորձել եմ մարդուն լավություն անել, բայց ստացվել է օրենքի խախտում: Ես ընդունել եմ, որ օրենք եմ խախտել»:

Ծովակ համայնքապետի խոսքով՝ գործը մտել է դատարան, և դատարանն էլ պետք է որոշի՝ նա կշարունակի՞ մնալ համայնքի ղեկավար, թե՞ ոչ:

Նշենք, որ ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակիցների կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավարը, 1996 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, համայնքի ղեկավարի տեղակալի կողմից 2017 թվականի հունիսի 11-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չհաճախելու և փաստացի իր աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, օգտագործելով պաշտոնեական դիրքը, ելնելով անձնական դրդումներից, հանձնարարել է տաբելավարին, աշխատակիցների աշխատանքի հաճախումների տաբելներում կեղծ գրառումներ կատարել, թե իբրև հիշյալ օրերին համայնքի ղեկավարի տեղակալը հաճախել է աշխատանքի: Այնուհետև համայնքի ղեկավարը կնքել և իր ստորագրությամբ հաստատել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատանքի հաճախումների վերաբերյալ տաբելները, ինչի արդյունքում համայնքի ֆինանսական միջոցների հաշվին աշխատավարձ է վճարվել տեղակալին՝ այդ կերպ համայնքին պատճառելով զգալի չափի վնաս:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Լիդա Եղիազարյան




Լրահոս