Երեկ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքի» փաթեթը, որը հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու: Սակայն ԱԺ ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, որ իրենք դեմ են քվեարկում փաթեթին:
Արդյունքում օրենքի նախագծերի փաթեթին կողմ քվեարկեցին 73 պատգամավոր, իսկ 32-ը դեմ քվեարկեցին: Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով` մինչեւ 2023թ. եկամտահարկը կիջեցվի 20 տոկոսով: Ըստ փոփոխությունների` եկամտային հարկի դրույքաչափը անընդմեջ կնվազի առաջիկա 5 տարում: 2019թ. հուլիսի 1-ից` 23%, 2020թ. հունվարի 1-ից` 22%, 2021թ. հունվարի 1-ից` 21%, 2022թ. հունվարի 1-ից` 20.5%, 2023թ. հունվարի 1-ից` 20%: Նախագծով շրջանառության հարկի շեմը 58.35 մլն դրամից կրկին կբարձրանա մինչեւ 115 մլն դրամ:
Ըստ ընդունված փաթեթի` 2019 թվականի հուլիսի 1-ից առավել առաջանցիկ տեմպերով կբարձրանան ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկերի դրույքաչափերը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ:
-Պարո՛ն Բոստանջյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ընդունել է «Հարկային օրենսգրքի» փաթեթը, որին դեմ են խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները: Սակայն, ըստ իշխանությունների, այս փոփոխությունը լավագույնն է հարկային համակարգում: Դուք համակարծի՞ք եք իշխանությունների հետ:
-Ես հիմնական խնդիրը համարում եմ եկամտահարկի համահարթեցումը, որը 20 տոկոս է լինելու: Մասնագետներն էլ արդեն հայտարարել են, ես էլ այն կարծիքին եմ, որ քաղաքացիների վրա ինքը մեծ ազդեցություն չի ունենալու, այսինքն` այն քաղաքացին, որը քիչ աշխատավարձ է ստանում, նա էլի նույն չափով հարկ է վճարելու: Կարելի է ասել` այդ փոփոխությունը հասարակ քաղաքացին չի զգալու, որը ցածր եկամուտ է ունենում: Ճիշտ է, պետական բյուջեում պետք է մուտք ապահովվի, բայց ես չեմ կարծում, որ այս նոր փոփոխությունը, որը ընդունվեց, ամեն դեպքում, լավագույն տարբերակն էր, որը կարելի էր անել Հարկային օրենսգրքում: Գուցե գտնվել է մի միջոց, որը որոշակի առումով կարող է խնդիրը մեղմել ստեղծված այս իրավիճակում, որն առկա է այսօրվա Հայաստանում: Ուղղակի նոր իշխանությունների մոտ կա մի մոտեցում, որ իրենք ինչ անում են, դա ճիշտ է: Ըստ իրենց` գուցե դա ճիշտ է, իրենք հետ չեն կանգում իրենց որոշումներից: Այստեղ պետք չի դիտարկել այն հարցը, որ այդ փաթեթին դեմ էին ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, այլ պետք է փաստել, որ մասնագետներն էին այն տեսակետին, որ այդ ամենը ելք չի, ոչ մի տնտեսական աշխուժացում չի ենթադրում:
-Այսինքն` Դուք կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ այս նոր օրենսգրքով էլ ՀՀ-ում հարկային բեռի թեթեւացում չի լինելու:
-Ես չեմ պատկերացնում այս ամենով բեռի թեթեւացում, ես ուսումնասիրել եմ այն, ինչ ներկայացվել է, ու չեմ կարծում, որ այն լավագույն լուծումն էր այս պարագայում: Այն հիմնական զանգվածը, որն այսօր, Հայաստանում աշխատելով, 150 հազար դրամ աշխատավարձ է ստանում, իր մոտ որեւէ բան չի փոխվում: Ես ինչ կարող եմ ասել, եթե այսօր հանրության համար շատ կարեւոր է այդ հարցը, ու ավելին ասեմ, այսօր Հայաստանի մեծ մասը այդչափ է վճարվում: Այսինքն հիմնական, դժվարության մեջ գտնվող, խոցելի խավին, ըստ էության, իր մոտ որեւէ բան չի փոխվելու: Ես խոսում եմ իմ դիտակետից ու ես չեմ կարող ասել` արդյոք խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները ճիշտ վարվեցին` դեմ քվեարկելով, թե ոչ: Ես ունեմ իմ դիրքորոշումը այն առումով, որ կարելի էր այնպես անել, որ այդ փոփոխությունները վերաբերեին նաեւ խոցելի խավին: Հասկանում եք, ես ցանկանում եմ, որ իմ երկրում լավ լինի, որպեսզի այն, ինչ արվում էր, արվեր լավագույն ձեւով: Ես իսկապես ցավում եմ, ցանկանում եմ, որպեսզի ՀՀ-ի տնտեսությունը կարողանա մեծ թափով առաջ գնալ: Ես չեմ ուզում` վատ լինի ՀՀ-ի համար:
-Բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է տնտեսական հեղափոխության մասին: Ըստ իշխանությունների` այդ հեղափոխությունն իրականացվում է ամեն օր, ու, կարելի է ասել, հարկային օրենսգրքի այդ փոփոխությունը պետք է նպաստի հեղափոխության իրականացմանը: Դուք չե՞ք կարծում, որ իսկապես տնտեսությունում հեղափոխություն է իրականացվում:
-Ես չեմ կարծում, որ տնտեսության վերաբերյալ կարելի է նման բառակապակցություն օգտագործել. դրա մասին ես ասեցի նաեւ ՀՀ վարչապետին համալսարանում հանդիպման ժամանակ: Նման բան գոյություն չունի, ի՞նչ տնտեսական հեղափոխություն: Պետք է բնությունը հնարավորություն ընձեռի, որ Հայաստանում տնտեսություն զարգանա. ինչպե՞ս կարելի է հայտարարել տնտեսական հեղափոխության մասին: Ես կարծում եմ, որ ամենօրյա ճիշտ աշխատանքի շնորհիվ տնտեսությունում կարելի է ունենալ լավ արդյունք, ես այդ կարծիքին եմ: Ես կրկնում եմ, ունեմ իմ տեսակետը. թե մյուսներն ինչ են հայտարարում, ես չեմ կարող որեւէ մեկի փոխարեն պատասխանել: Ես ցանկանում եմ, որպեսզի Հայաստանում իրական փոփոխություններ լինեն:
Հ.Գ. Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել նաեւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ` պարզելու համար, թե ինչու իրենց հանձնաժողովի մասնագետների հետ քննարկումներ չի ունեցել` օրենսգրքի հետ կապված, ու ընդունել նաեւ իրենց դիրքորոշումը: Սակայն Բ. Թունյանը, պարզվեց, շատ զբաղված է, աշխատանքային քննարկումներ է իրականացնում ու այդպես էլ ժամանակ չգտավ մեզ հետ մի կարճ զրուցելու:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՆԱԽԱՐԱՐԸ ՎՃՌԱԿԱՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ ՀՀ աշխատանքի եւ առողջապահական տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի փոխհարաբերությունների լարվածությունը հասել է իր գագաթնակետին: Բանն այն է, որ Թորոսյանը նպատակ ունի պաշտոնանկ անել Է. Խուրշուդյանին, քանի որ վերջինս համարձակվել է իր խորհրդական Վահե Տեր-Մինասյանին տուգանել այն բանի համար, որ նա դեղամիջոց է գովազդել:
Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ պատրաստվում է Էդգար Խուրշուդյանի «հարցը» բարձրացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու խնդրել, որպեսզի նրան ազատի աշխատանքից ոչ բարեխիղճ աշխատելու համար: Ու, ըստ մեր տեղեկությունների, այս օրերին Թորոսյանը «լծվել» է այդ աշխատանքին: Նախարարն արդեն վարչապետի մոտ բողոքել է Խուրշուդյանից, ու, կարելի է ասել, ամեն օր սպասվում է տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնանկությունը:
Տարօրինակ է, որ Ա. Թորոսյանի խորհրդականին տուգանելը «մտահոգել» է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանին, որը հունիսի 19-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այդ հարցը բարձրաձայնեց: Ի դեպ, Զոլյանը խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է եւ մշտապես արտաքին հարաբերությունների մասին է խոսում:
Միքայել Զոլյանն իր ելույթում հայտարարեց. «Բժիշկ եւ հաղորդավար Վահե Տեր-Մինասյանը խոսում է հեռուստատեսությամբ դեղի մասին, ինչից հետո նրա դեմ վարույթ է հարուցվում, եւ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը նրան տուգանում է, որովհետեւ ասում են, որ նա գովազդել է այդ դեղամիջոցը, չնայած որ այդ դեղամիջոցը դեղատներում չի վաճառվում, եւ գովազդի խնդիր չի կարող լինել»: Պատգամավորը հարց բարձրացրեց, թե արդյոք ինչ-որ բան կարելի է անել, որպեսզի նման իրավիճակներ չառաջանան:
Պատգամավորի հարցին ի պատասխան` փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իրավիճակն աբսուրդ է անվանել. «Ձեր բարձրաձայնած իրավիճակն ուղղակի աբսուրդ է, կարծում եմ, եւ մենք շուտափույթ միջոցներ կձեռնարկենք` հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել, որովհետեւ առաջին անգամ եմ լսում սրա մասին»: Ու, կարելի է ասել, Ա. Թորոսյանն առաջիկայում հաջողություն է գրանցելու՝ ազատվելով հերթական այն կադրից, որն իր քիմքին հաճելի չի գործում:
Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐ` ԱԺ-ՈՒՄ ԾԽՈՂՆԵՐԻ ԴԵՄ
Ազգային ժողովի աշխատակազմը որոշում է կայացրել ամառային արձակուրդների ժամանակ վերանորոգել 31 պատգամավորի աշխատասենյակ, աշխատակազմի որոշ աշխատասենյակներ, իրականացնել հին մասնաշենքի պատուհանների եւ ընդհանուր ջեռուցման համակարգի փոխարինման նախագծանախահաշվային աշխատանքները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ աշխատանքներն իրականացվելու են բյուջեի միջոցներով, եւ հավելյալ գումարներ ներդրելու անհրաժեշտություն չի առաջանալու: Մենք նաեւ տեղեկացանք, որ ԱԺ աշխատակազմը վերջին շրջանում իրականացնում էր պատգամավորների աշխատասենյակների գնահատման աշխատանքներ, եւ հենց դրանք ամփոփելուց հետո էլ ընտրվել են այդ 31 պատգամավորները, որոնց սենյակներն էլ կվերանորոգվեն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը նշեց, թե երեկ աշխատակազմում քննարկում են ունեցել այդ ամբողջ աշխատանքների արժեքի մասով, սակայն վերջնական թիվը դեռ առկա չէ: Միեւնույն ժամանակ, Գալստյանի խոսքով, այդպիսի մտադրություն իրենք վաղուց են ունեցել եւ աշխատասենյակները գնահատել են միայն վերանորոգման անհրաժեշտությունից ելնելով: Վերջինս ընդգծեց, թե անգամ այդ պատգամավորները դեռեւս չգիտեն, որ իրենց աշխատասենյակները վերանորոգվելու են: Տիգրան Գալստյանը մեզ հայտնեց նաեւ եւս մեկ փոփոխության մասին: Ըստ այդմ, ԱԺ աշխատակազմը որոշել է խստորեն պայքարել խորհրդարանի շենքում ծխելու դեմ, եւ դրա համար նոր տեսախցիկներ են տեղադրվել հենց այն վայրերում, որտեղ ավելի հաճախ են ծխում: Ընդ որում, Գալստյանը ընդգծեց, թե պայքարը վերաբերելու է նաեւ արգելված վայրերում ծխող պատգամավորներին: «Ես հիմա առանձնացված ծխարան եմ պատրաստում եւ խնդրելու եմ` այնտեղ ծխեն: Իսկ այլ վայրերում ծխելու դեպքում օրենքով սահմանված պատժամիջոցներ են կիրառվելու», – նշեց Գալստյանը:
ՈՐՈՇՎԵՑ
Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին: Եվ, ահա, այդ հանձնաժողովը` նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, այս օրերին ակտիվ գործում է: Մասնավորապես, նրանք պարբերաբար նիստեր են անցկացնում, քննարկումներ ունենում, որոնք սակայն դռնփակ են լինում, եւ մանրամասներ այնքան էլ չեն հրապարակվում: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ եւս խորհրդարանում տեղի է ունեցել այդ հանձնաժողովի հերթական դռնփակ նիստը: Այդ հանձնաժողովի անդամները մշտապես նշել են, թե երբեւէ կաշկանդված չեն լինելու հանձնաժողով հրավիրել այս կամ այն պաշտոնյայի: Եվ, ահա, տեղեկացանք, որ երեկվա նիստում արդեն որոշվել է, թե ովքեր են լինելու առաջին պաշտոնյաները, որոնք կհրավիրվեն հանձնաժողով: Ցանկը դեռեւս գաղտնի է պահվում, բայց առաջիններից մեկը կլինի նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, մի շարք զորամասերի հրամանատարներ ու նաեւ որոշ զինվորականներ: