ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ԴԺԳՈՀԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները երկժամանոց հանդիպում ունեցան մարզպետների հետ։ Պատգամավոր Վարազդատ Կարապետյանի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին բոլոր մարզպետներն առանց բացառության, սակայն իշխող խմբակցությունն ամբողջական կազմով ներկա չէր հանդիպմանը, եւ պատճառը նաեւ որոշ պատգամավորների՝ գործուղման մեջ լինելու հանգամանքն էր։

Նկատենք, սակայն, որ հանդիպմանը զուգահեռ պատգամավորներն ակտիվ ելումուտ էին անում, կային պատգամավորներ, որոնք միայն վերջում եկան կամ էլ առհասարակ շատ շուտ հեռացան։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպման ընթացքում հերթով խոսել են բոլոր տասը մարզպետները, ապա նրանց հարցեր են ուղղել պատգամավորները, եւ եղել են նաեւ հետաքրքիր երկխոսություններ մարզպետների ու պատգամավորների միջեւ։
Հետաքրքիր է, սակայն, որ բացի պատգամավորների հարցերին պատասխանելուց մարզպետներն իրենց նախաձեռնությամբ ինքնաբուխ ելույթներ են ունեցել եւ դժգոհել համայնքապետերից՝ պատճառաբանությամբ, թե վերջիններս խանգարում են իրենց աշխատել, չեն օգնում, ամեն կերպ խոչընդոտում են ծրագրերին, այդ թվում՝ ներդրումային։ Մարզպետներն այդ մասին դժգոհել են հենց պատգամավորների հետ հանդիպմանը եւ այդպես պատճառաբանել նաեւ իրենց վատ աշխատանքը։
Տարբեր մարզպետներ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում եւս չթաքցրեցին, որ հանդիպման ընթացքում բարձրաձայնել են համայնքապետերի հետ աշխատանքի հետ կապված հարցեր եւ արդեն լրագրողներին դժգոհեցին նրանց աշխատանքից։ Օրինակ` Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դժգոհություն հայտնեց համայնքների ղեկավարների զգալի մասից, սակայն հետաքրքիր է, որ, մարզպետի խոսքով, համայնքապետերը չեն խախտում օրենքը, բայց խնդիրներ են հարուցում ներդրողների համար։ Ղուկասյանը խուսափեց անուններ նշել, սակայն ընդգծեց, որ օրենք խախտողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվում։ Մարզպետը չթաքցրեց, որ այս պահին 2-3 համայնքապետ ներգրավված են այդպիսի գործերով, եւ նրանց թվում կան ե՛ւ քաղաքների, ե՛ւ գյուղերի ղեկավարներ։
Պատգամավորների հետ հանդիպմանը համայնքի ղեկավարներից դժգոհել է նաեւ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գրիգորյանը եւ նույն պատճառաբանությունը ներկայացրել, թե նրանք հրաժարվում են օգնել ներդրումներ անողներին, օրինակ` հող ցանկացողներին դա չեն տրամադրում եւ այլ պատճառներ։ Դավիթ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւս դժգոհել է համայնքի ղեկավարների աշխատանքից։ «Ամեն մարդ ունի իր առանձնահատկություններն ու աշխատելաոճը։ Ամեն մեկի հետ փորձում ենք հարմարվել, աշխատել, որ արդյունավետությունը չտուժի դրանից։ Բոլորը պետք է օրենքով եւ հեղափոխության սկզբունքներին համապատասխան աշխատեն», – մեզ հետ զրույցում նշել էր նա։
Սակայն հետաքրքիր է, որ ոչ բոլոր մարզպետներն են փաստացի այդպիսի խնդիրների բախվել։ Մասնավորապես, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե ինքը երբեւէ խնդիրներ չի ունեցել ոչ մի համայնքի ղեկավարի հետ։ «Սյունիքի մարզն այն քիչ մարզերից է, որտեղ համայնքների խոշորացումը կատարվել է, եւ մենք աշխատում ենք 8 խոշորացված համայնքների ղեկավարների հետ։ Այս մասով նորմալ է, եւ ամեն ինչ` կառավարելի», – նշել է Պողոսյանը։ Համայնքի ղեկավարների հետ աշխատանքի դժվարությունների մասին նա չի խոսել նաեւ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։
Իհարկե, չենք կարող բացառել, որ իսկապես կան համայնքների ղեկավարներ, որոնք կառավարվում են դեռեւս նախկին իշխանությունների կողմից, ղեկավարվում են այլ կետից եւ այնքան էլ լավ հարաբերություններ չունեն նոր մարզպետների հետ։ Եվ շատ է խոսվել այն մասին, որ հեղափոխությունից հետո խաղի այլ կանոններ են, եւ թերեւս կլինեն համայնքապետեր, որոնք չեն ցանկանա աշխատել այդ խաղի կանոններով, քանի որ երկար տարիներ այլ կերպ են աշխատել։ Սակայն եթե այդ խնդիրների մասին խոսում են գրեթե բոլոր մարզպետները, ստացվում է՝ խնդիրը նաեւ այլ տեղ է պետք փնտրել։ Միգուցե եւ հենց մարզպետների՞ սխալի հետեւանքն են այդպիսի հարաբերությունները, միգուցե մարզպետնե՞րը չեն կարողանում ընդհանուր եզրեր գտնել համայնքների ղեկավարների հետ։ Իրենք տեղում սկզբունքայնություն եւ կարգուկանոն չեն ապահովում:
Եվ հետաքրքիր է, որ այդպիսի դժգոհություններ ունեն բոլոր մարզպետները՝ բացառությամբ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, եւ սա այն դեպքում, երբ այս մարզը մշտապես հայտնի է եղել իր խնդիրներով։ Ստացվում է, որ մարդու անձնական կարողությունները ավելի առաջնային են կառավարման ոլորտում, քան անընդհատ օրենքին հղում անելն ու համայնքի ղեկավարներին «բռնել տալով» վախեցնելը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Ինչպես հայտնի է, հուլիսի 8-ից Ռուսաստանը Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը ժամանակավորապես կդադարեցնի: Իսկ այս ընթացքում ռուս զբոսաշրջիկները չեղարկում են Վրաստանի հյուրանոցներում, հյուրատներում ամրագրած համարները, բայց դա չի խանգարում վրացական տուրընկերություններին ակտիվ քարոզել, գովազդել եւ զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել դեպի իրենց երկիր: Ավելին` վերջին օրերին վրացական դիվանագիտական առաքելությունները եւս օտարերկրացիներին հրավիրում են հանգստանալ Վրաստանում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վրացական տուրընկերություններն անգամ վիդեոռոլիկներ են նկարահանում ու տարածում՝ ռուս, բելառուսցի, ուկրաինացի զբոսաշրջիկների մասնակցությամբ, որտեղ նրանք հայտարարում են, որ Վրաստանը զբոսաշրջային լավ երկիր է, անվտանգ է, իսկ վրացիները հյուրընկալ են: Ասել է թե՝ վրացիները փորձում են հանրությանը ցույց տալ, որ ՌԴ-ի՝ Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցնելը չի կարող ոչինչ փոխել:
Թվում էր, թե այս ամենի արդյունքում Հայաստանը կօգտվի այս «հնարավորությունից» եւ առավել ակտիվ կզբաղվի ավելի շատ թվով զբոսաշրջիկներ Հայաստան բերելու հարցերով, բայց պատկերը հակառակն է: Պարզվում է՝ Զբոսաշրջության պետական կոմիտեն ոչինչ չի ձեռնարկում՝ ամեն ինչ թողնելով մասնավոր հատվածի ուսերին: Կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանի հետ հնարավոր չի լինում կապ հաստատել: Հայաստանում զբոսաշրջությունը համարվում է տնտեսության գերակա ճյուղ: Մասնագետների պնդմամբ` Հայաստանը տուրիստական գովազդի շուկայում պասիվ է, փոխարենը Վրաստանն է ակտիվ, նաեւ Ադրբեջանը: Չի բացառվում, որ ամիսներ անց պարզվի, որ Վրաստան դարձյալ ավելի մեծ թվով զբոսաշրջիկ է այցելել, քան Հայաստան:
Ու եթե որեւէ զբոսաշրջիկ Հայաստանի տաքսու «գրդոնչի» վարորդների, հասարակական զուգարանների բացակայության եւ խայտառակ ավտոճանապարհների մասին պատմի իր ծանոթ-բարեկամին, դժվար թե որեւէ մեկը ցանկանա Հայաստան գալ: Այդ իսկ պատճառով զբոսաշրջության զարգացման գործընթացը ամենօրյա շարունակական աշխատանք է՝ կոնկրետ ոլորտներ կարգավորելով: Ընդ որում, այդ կարգավորումները պետք է սկսել ներսից, իսկ Հայաստանը դրսում ճանաչելի դարձնելու խնդիր կա: Արդյոք զբոսաշրջության պետական կոմիտեն զբաղված է այդ խնդրի լուծմամբ` հարց է: Այս պահի դրությամբ չի երեւում կոմիտեի՝ Հայաստանը դրսում գովազդելու ու ճանաչելի դարձնելու աշխատանքը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԱՊԱՌԻԿ ՎԱՃԱՌԵԼ ԵՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում հունիսի 27-ին սկսվեց Հայկ Դավթյանի, Մամիկոն Եգանյանի եւ Արշակ Խուդավերդյանի դատավարությունը: Լոռու մարզի Ահնիձոր գյուղի բնակիչ, 1991թ ծնված Հ. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության՝ Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկի դասակի հրամանատար, 2019թ. հունվարի 11-ից մինչեւ հունվարի 24-ն ընդգրկված լինելով զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում` որպես դիրքի ավագ, վատնելու դիտավորությամբ նույն ժամանակահատվածում թույլատրել է այդ մարտական դիրքի անձնակազմին նախատեսվածից քիչ վառելու եղանակով տնտեսել ծառայողական օգտագործման նպատակով իրենց հատկացված 120 լիտր դիզելային վառելիքը:
Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Մամիկոն Եգանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով նշված զորամասի պայմանագրային զինծառայող, 2019թ. հունվարի 11-ից մինչեւ հունվարի 24-ն ընդգրկված լինելով զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում` որպես սանհրահանգիչ, օժանդակել է նույն ժամանակահատվածում դիրքի ավագ Հայկ Դավթյանի թույլտվությամբ մարտական դիրքի անձնակազմի կողմից ծառայողական օգտագործման նպատակով իրենց հատկացված 140 լիտր դիզելային վառելիքից նախատեսվածից քիչ վառելու եղանակով տնտեսված 120 լիտր վառելիքը 2019թ. հունվարի 23-ին տեղափոխել մարտական դիրքի հարակից տարածք եւ տվել Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ Արշակ Խուդավերդյանին:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. հունվարի 23-ին` ժամը 19:00-ի սահմաններում, շուկայականից ակնհայտ էժան` 30 հազար դրամ գումար հետագայում վճարելու պայմանով ձեռք է բերել ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված 120 լիտր դիզվառելիք: Հ. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով»), Մ. Եգանյանին մեղադրանք է առաջադրվել 38-179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելու կամ վատնելու հանցակցությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով»), Ա. Խուդավերդյանին` 216 հոդվածի 1-ին մասով («Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը, եթե դա նախապես խոստացված չի եղել»): Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս