ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՎԱԾ ՆՎԵՐԸ` ԲԱԽՏԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հույս ունի, որ մեկ ամսվա ընթացքում կավարտվեն Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գնահատման աշխատանքները, ինչից հետո պետականացման նախագիծը կուղարկվի ՀՀ կառավարություն, այնուամենայնիվ, հյուրանոցն այսօր արդեն ունի խնամքի եւ հոգածության կարիք. այն, հնարավոր է, վերածվի աղբանոցի կամ թալանվի:

Հիշո՞ւմ եք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններից առաջ քարոզարշավի շրջանակներում հայտարարել էր, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանը եւ ասել` Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նվիրում է պետությանը:
«Եթե այս պրոցեդուրան մինչեւ վերջ գնա, ի՞նչ պետք է մենք անենք: Պետք է այդ հյուրանոցը հանենք հրապարակային աճուրդի: Գնահատում են, որ այն կարող է 10-15, նույնիսկ 20 մլն դոլար արժենալ, եւ այդ գումարները պետք է մուտքագրենք պետբյուջե»,- հայտարարել էր վարչապետը: Վարչապետի այս հայտարարությունից անցել է ավելի քան կես տարի, սակայն այս ընթացքում ներդրողների եւ գնորդների կողմից հետաքրքրություն չկա այդ հյուրանոցի նկատմամբ: Հիշեցնենք, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գրանցվել է օֆշորային ընկերության վրա, որպեսզի թաքցվի դրա իրական սեփականատիրոջ անունը: Հյուրանոցի սեփականատերերը Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդին` Արտաշես Ավետիսյանն ու վերջինիս մայրն են: Պարզվում է, որ 2018 թվականին Արմեն Ավետիսյանի եւ նրա որդու կողմից Երեւանի Հյուսիսային պողոտայում հիմնադրվել է երրորդ` «Գոլդեն փելիս բուտիկ» հյուրանոցը: Ի դեպ, Ավետիսյաններին պատկանող երեք հյուրանոցների շուկայական ընդհանուր արժեքն, ըստ ԱԱԾ-ի, 2016 թվականին կազմել է շուրջ 90 մլն դոլար:
Տեղեկացնենք, որ տեւական ժամանակ է, ինչ հյուրանոցի գործունեությունը դադարեցված է, իսկ պետական գույքի կառավարման կոմիտեն արդեն իրականացրել է հյուրանոցի ներսի գույքի գնահատման աշխատանքերը: Կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի խոսքով` մասնագետներն այս ընթացքում իրականացնում են նաեւ ամբողջ արտաքին անշարժ գույքի գնահատումը:
Ի՞նչ վիճակում է գտնվում պետականացման գործընթացում գտնվող հյուրանոցը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղում ծանոթացավ իրավիճակին եւ պարզեց, որ Հայաստանի ամենաշքեղ եւ բարձրակարգ հյուրանոցն առաջիկայում կվերածվի աղբանոցի կամ կթալանվի, եթե շարունակվի պատշաճ վերահսկողություն չիրականացվել: Նշենք, որ դեպի հյուրանոց տանող ճանապարհը երկաթե ձողով փակված էր, վրան գրված` STOP. հուշում էր, որ արգելված տարածք է, բայց ցանկացած անձ կարող է ազատորեն «հաղթահարել» STOP-ը ու հասնել հյուրանոց: Ոչ ոք չկա, որ թույլ չտա մոտենալ հյուրանոցին, չգործող հյուրանոցի նախկին աշխատակիցներ, անվտանգության աշխատակիցներ պարզապես չկան: Իհարկե, նկատեցինք, որ հյուրանոցի տարածքը տեսահսկվում է, կան տեղադրված բազմաթիվ տեսախցիկներ: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցները մոտ մեկ ժամ մնացին տարածքում, անգամ մեր լրագրողական վկայականները մոտեցրեցինք տեսախցիկին, որպեսզի, երբ որեւէ մեկը հետագայում ցանկանա ճշտել` ովքեր են տարածքում, տեղյակ լինեն: Թերեւս պատկերացրիք, որ այս իրավիճակում չի բացառվում, որ հյուրանոցը թալանվի, ու այդպես թալանված էլ պետությունը կոպեկներով աճուրդի հանի այն: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները արձանագրեցին, որ հյուրանոցի մի քանի ապակի արդեն կոտրված են, հետնամասի դռները բռնակներ չունեն, պոկված էին: Թեեւ ներսից գույքով` բազկաթոռով, բեռնասայլակներով փակված են մուտքերը, բայց, միեւնույնն է, հյուրանոցը ապահովագրված չէ գողերից ու չարագործներից:
Հուսանք` հյուրանոցի պահպանությունը չեն դրել անտառի վայրի բնակիչների վրա:
Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչու պատշաճ պահպանություն չի իրականացվում հյուրանոցի տարածքում: Հարցին ի պատասխան` Բաբայանն արձագանքեց` նշելով. «Այնտեղ սեփականատերերը ոստիկանության հետ պայմանագիր ունեն կնքած, եւ հսկողություն է իրականացվում: Ես նորից կճշտեմ, բայց գիտեմ, որ հսկողություն կա: Մենք դեռ պետք է ընդունենք հյուրանոցը, ապա կարողանանք գործարք անել: Առայժմ սեփականատերն Ավետիսյանն է. եթե ինքը փակել է հյուրանոցը, ուրեմն նպատակահարմար չի գտել այն աշխատեցնել»: Զրույցի ընթացքում Բաբայանը փոխանցեց, որ աշխատանքներն ավարտվել են, հիմա նախագիծը կազմման փուլում է, ինչից հետո ուղարկվելու է կառավարություն:
Ի դեպ, Բաբայանը հայտարարել էր նաեւ, որ հյուրանոցը վնասով է աշխատել, այսինքն` տարվա կտրվածքով եկամուտ չի ապահովել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնյայից հետաքրքրվեց` արդյոք ապացուցվել է հյուրանոցի` բացասական բալանսով աշխատելու հանգամանքը. «Դա դեռ չի ապացուցվել, մենք իրենցից խնդրել ենք փաստաթղթերը ներկայացնել, բայց դեռեւս չենք ստացել»:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հետաքրքրվեց, թե 2017 եւ 2018 թվականներին հյուրանոցը որքան հարկ է պետական բյուջե վճարել: Պարզվում է` անցած տարվա ընթացքում հազար խոշոր հարկատուների ցանկում հյուրանոցը տեղ է գտել, պետական բյուջե վճարել է 182 մլն 474 հազար դրամ հարկ ու տուրք: 2017 թվականի ընթացքում հյուրանոցի կատարած հարկային վճարումները կազմել են 392 մլն 631 հազար դրամ: Այսինքն` վերջին մեկ տարվա ընթացքում հյուրանոցը զգալի նվազեցրել է հարկային վճարումները:
Հավելենք, որ ծրագիր կա նաեւ հյուրանոցի պետականացման գործընթացը ավարտելուց հետո կոնսերցիոն պայմանագրով տալ որեւէ անհատի այն աշխատեցնելու համար, եթե, իհարկե, մինչ այդ գործընթացը այդ շքեղ հյուրանոցից ինչ-որ բան մնա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

«ՓՅՈՒՆԻԿԻՑ» ՀԵՌԱՆԱԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԺՎԱՐ ՏՐՎԵՑ

Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» ֆուտբոլիստ Ռումյան Հովսեփյանը կարիերան կշարունակի բուլղարական «Արդա» ակումբի կազմում: Այս առթիվ «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ հարցազրույց է վարել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ռումյան Հովսեփյանի հետ:

-Ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիք բուլղարական «Արդա»:
-Ես հանգստի մեջ էի, երբ ինձ զանգահարեց գործակալս եւ տեղեկացրեց, որ ակումբ կա, որը հետաքրքրված է իմ ծառայություններով: Լսեցի պայմանները, ծանոթացա պայմանագրին, եւ գործարքը կնքվեց: Պայմանագիրը կնքվել է երկու տարով եւ ուժի մեջ է մինչեւ 2021թ. մայիսի 24-ը:
-Հայաստանից հեռանալու որոշումը դժվա՞ր եք կայացրել:
-Այո, շատ դժվար էր «Փյունիկից» հեռանալը, որովհետեւ մեծ է կապվածությունը տղաների հետ, բայց սա է ֆուտբոլային կյանքը: Հեռանալը դժվար էր, սակայն շատ էի ցանկանում հանդես գալ Հայաստանից դուրս:
-Կայի՞ն այլ ակումբներ, որոնցից ունեիք առաջարկներ:
-Եւս մի քանի ակումբներ կային, որոնք հետաքրքրված էին իմ տրանսֆերով, սակայն դրանք այդքան էլ լուրջ չէին, եւ ես ընդունեցի ամենալուրջ առաջարկը:
-Ի՞նչ տպավորություններ ունեք Բուլղարիայից:
-Տպավորությունները շատ լավն են: Ինձ հիանալի ընդունեցին Բուլղարիայում, մթնոլորտը անչափ ջերմ էր: Նաեւ կարող եմ ասել, որ ամեն բան կազմակերպված էր բարձր մակարդակով, ինչն էլ նպաստեց, որ ամեն ինչ արագ ստացվի, եւ գործընթացը ունեցավ իր տրամաբանական ավարտը:
Այսպիսով, բուլղարական «Արդա» ակումբը Ռումյան Հովսեփյանի կարիերայում դարձավ 7-րդը: Մինչ այս հայազգի ֆուտբոլիստը հանդես է եկել «Բանանցում», «Շիրակում», «Իմպուլսում». «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում» եւ «Ստալում»:
Հավելենք նաեւ, որ «Արդայի» առաջիկա հանդիպումը բուլղարական «Սլավիա Սոֆիայի» հետ է, որը լինելու է ընկերական եւ կայանալու է հունիսի 28-ին, իսկ առաջնության առաջին խաղում «Արդայի» մրցակիցը կլինի «Բոտեվը»:

Զրուցեց ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

 

48,9 ՄԻԼԻՈՆԻ ՊԱՐՏՔ
Կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել պահուստային ֆոնդից 48 մլն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին «Կոնդի առանձնատների տնտեսության»` «Վեոլիա Ջուր» ընկերությանը խմելու ջրի դիմաց գոյացած պարտքի մարման համար: «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի օգտագործված խմելու ջրի դիմաց տարիների ընթացքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում կուտակվել է պարտք, որը կազմում է 48,9 մլն դրամ:
Հաշվի առնելով, որ կազմակերպությունը հանդիսանում է հատուկ պահպանվող տարածք, ընկերությունը մատուցած ծառայությունների դիմաց հարկային հաշիվները դուրս է գրել բաժանորդի կողմից բանավոր կերպով հաղորդվող ծախսերի հիման վրա` հնարավորություն չունենալով ստուգելու դրանց իսկությունը: Ջրաչափական սարքի ցուցմունքը վերոնշյալ կարգով գրանցելու արդյունքում 2018թ. մայիսի 29-ի դրությամբ կազմել է 148058 խմ, իսկ 2018թ. հունիսի 25-ին կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ ընկերության աշխատակիցը տեղում փաստացի արձանագրել է 473012 խմ ցուցմունք: Հարցի վերաբերյալ կազմակերպության կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, եւ ընկերության հետ կազմվել է փոխադարձ ակտ: Սույն նախագծի ընդունմամբ կազմակերպությունը կմարի իր գործունեության ընթացքում առաջացած ֆինանսական պարտավորությունը օգտագործված խմելու ջրի դիմաց:




Լրահոս