
«Չորրորդ իշխանություն» օրաթերթը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ ընթերցողներ, սիրով տեղեկացնում ենք՝ Չորրորդ իշխանությունը վերսկսում է գործունեությունը:
20 տարի և ավելի Չորրորդ իշխանությունն անզիջում պայքար է մղել նախորդ ռեժիմի պարագլուխների և նրա սպասարկուների դեմ: Մեր սկզբունքների հետ կոմպրոմիսի չգնալն արտացոլված է թերթի նախորդ մի քանի հազար համարներում: Անցած տարվա համաժողովրդական հաղթանակից հետո վերցրեցինք դադար՝ հույս ունենալով, որ նոր իշխանությունը կբարենորոգի քաղաքական և հանրային նշանակություն ունեցող մնացած բոլոր դաշտերը: Բայց, ավաղ: Ակնկալիքները մեծ էին, արդյունքները՝ չնչին: Կյանքի չեն կոչվել քաղաքական և տնտեսական բարեփոխումները, որ խոստացել էին նոր իշխանությունները: Ինստիտուտների և օրենքների փոխարեն ունենք գործի իմիտացիա, ֆեյսբուքյան գրառումներ և պիառ:
Գործունեության վերսկսելու նպատակն է՝ իշխանություններին հիշեցնել և ստիպել իրականացնել ստանձնած պարտավորությունները և նախընտրական խոստումները: Միաժամանակ, ավելորդ չենք համարում նշել, որ շարունակելու ենք պայքարը բոլոր այն ուժերի դեմ, որոնք օգտվելով գործող իշխանության անվճռականությունից ու անգործությունից՝ ձգտում են հետ պտտել պատմության անիվը: Սիրելի՛ ընթերցողներ, մեզ և ձեզ բարի ընթացք»: