Երեկվանից Ազգային ժողովում մեկնարկել են մշտական հանձնաժողովների նիստերը: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 9-ին մեկնարկում է յոթերորդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանը, եւ մինչ օրակարգի հաստատումը պետք է տեղի ունենան հանձնաժողովների հերթական նիստեր, որի ժամանակ էլ քննարկվում են մինչեւ այժմ օրակարգից դուրս մնացած հարցերը:
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով հանձնաժողովների օրակարգերը, տեղեկացավ, որ ամենից շատ նախագծերը մնացել են Պետաիրավական հանձնաժողովում եւ այսօր դրանք պետք է քննարկվեն: Ընդ որում, նախագծերից 29-ը նոր են եւ պետք է քննարկվեն առաջին ընթերցմամբ, իսկ, ահա, 6 նախագիծ էլ լրամշակվել են եւ կանցնեն երկրորդ ընթերցում:
Այսինքն, միայն այդ հանձնաժողովում առկա է 35 նախագիծ, որը պետք է հասցնեն քննարկել եւ եզրակացություններ տան: Կան նախագծեր, որոնք նաեւ բուռն քննարկումների կարող են արժանանալ:
Դրանցից է, օրինակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցերը:
Մասնավորապես, ընդդիմադիր խմբակցությունը ցանկանում է ամրագրել, որ պետական լիազոր մարմնի ղեկավարը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները: Որպես հիմնավորում խմբակցությունը ներկայացնում է այն պնդումը, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ովմինչեւ նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր կոչում:
Իսկ, ահա, ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչեւ նշանակումն զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:
Եվ այժմ ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է ոստիկանության պետի եւ ազգային անվտանգության տնօրենի պաշտոնները հանել համապատասխանաբար ոստիկանության պաշտոնների եւ ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից՝ ներառելով դրանք քաղաքական պաշտոնների անվանացանկում:
Եվ քանի որ այդ պաշտոններն իրենց փաստացի բնույթով համեմատական են նախարարի պաշտոնին, առաջարկվում է նրանց համար եւս կիրառել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասի սահմանումը, որի համաձայն՝ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները: Եվ հետաքրքիր է, որ այս նախագծերը կառավարության կողմից ստացել են բացասական եզրակացություն, եւ առաջարկ է եղել այդ հոդվածները թողնել անփոփոխ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը եւս կարող է հետաքրքիր քննարկում ունենալ: Մասնավորապես, նա առաջարկում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 226.1-ին հոդվածով, ինչի արդյունքում կքրեականացվեն բռնություն գործադրելու հրապարակային կոչերը:
Այսպիսի մի նախագծով հանդես գալու որոշում պատգամավորը ուներ դեռ մինչ արձակուրդային շրջանը, որին բազմիցս անդրադարձել է նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն նախկինում նախագիծը մի փոքր այլ տեսքուներ, եւ պատգամավորն առաջարկել էր քրեականացնել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, ինչը լայն արձագանք էր ստացել եւ քննադատվել հենց խմբակցության կողմից:
Դրանից հետո պատգամավորը հետ էր կանգնել այդ նախագիծը ներկայացնելու մտքից: Իսկ հիմա էլ նրա կողմից շրջանառության մեջ է դրվել արդեն այս նախագիծը, որտեղ ամրագրված է, որ բռնության ենթարկելու հրապարակային կոչերը պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավորը միգուցե այս նախագիծն էլ հետվերցնի, քանի որ նույնաբովանդակ մի նախագիծ մշակվել է նաեւ կառավարության կողմից:
ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ էլ հանդես է եկել Աննա Կարապետյանը, որը ցանկանում է ամրագրել, որ Անվտանգության խորհրդի նիստերին իրավունք ունի մասնակցելու նաեւ Ազգային ժողովի նախագահը:
Նաիրա Հովհաննիսյան