Օգոստոսի 29-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան հայտարարությամբ հանդես եկավ` տեղեկացնելով, թե որոշել է հրաժարվել իր պատգամավորական մանդատից: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը փորձում էր Ազգային Ժողովից պարզել, թե արդյոք Էդգար Առաքելյանն արդեն դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Օրվա վերջում մեծ դժվարությամբ պարզեցինք, որ այո:
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանն իր հայտարարությունում նշել էր. «Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որեւէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարեւորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ»:
Բանն այն է, որ խմբակցության մի քանի պատգամավորներ այս օրերին ֆեյսբուքյան իրենց էջերում կոչ են անում Էդգար Առաքելյանին հետ վերցնել իր դիմումը եւ չհրաժարվել պատգամավորական մանդատից: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց նախ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանից պարզել` արդյոք պատգամավորից ստացել են դիմում,սակայն վերջինսմեր հեռախոսազանգերին չէր պատասխանում: Դիմեցինք Աժ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին, ով հայտարարեց, թե դիմում չեն ստացել, երեւի խմբակցությանն է հանձնել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությունը չարձագանքեց մեր հեռախոսազանգերին ու նամակներին: «Ժողովուրդ» օրաթերթը միայն ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Հրայր Զորյանից մի քանի ժամ ճշտումներից հետո պարզեց, որ Էդգար Առաքելյանի դիմումն արդեն կա. թե երբ է տրվել, չկարողացավ ճշտել: Միայն հայտնի է, որ այն ուղղված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին. 7 օրվա ընթացքում եթե Առաքելյանը հետ չվերցնի իր դիմումը, այն կընդունվի ի գիտություն: Իսկ թե Արարատ Միրզոյանը երբ կհայտարարի այդ ամենի մասին, դեռեւս հայտնի չէ:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ