ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը «ֆուրոր» է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Ազգային Ժողովի աշխատակազմում վերջին օրերին լարված իրավիճակ է: Բանն այն է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանն այս օրերին լծվել է շատ կարեւոր մի գործի՝ պարզելու, թե խորհրդարանից ովքեր են համաձակվել համացանցում տարածել իր կողմից ԱԺ բերված Արտակ Բեգոյանի լուսանկարը, որտեղ վերջինս կիսատաբատով է, բոթասներով ու խորհրդարանին ոչ հարիր աշխատանքային հագուստով:

Մեր տեղեկությունների համաձայն` օրերս Լիլիթ Մինասյանը գնացել է խորհրդարանի լրատվական վարչություն ու հայտարարել, թե ինքը Ազգային անվտանգության ծառայության միջոցով պարզելու է այն անձին, որը համաձակվել է լուսանկարել ու տարածել Ա. Բեգոյանի լուսանկարները: Ավելին, վերջինս համարձակվել է հայտարարել, թե որեւէ մեկին չի ներելու, որեւէ մեկի համար միջնորդություն չի ընդունելու: Անգամ Աժ նախագահ Արարատ Միրզոյանն իրեն որեւէ հարցում չի կարող ասել ինչ կամ ինչպես: Լիլիթ Մինասյանը սպառնացել է` հայտարարելով, թե չի փրկվի այն անձը, որը նման քայլի է գնացել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Լիլիթ Մինասյանից: Վերջինս հայտարարեց, թե իր մոտ խորհրդակցություն է, ու իրեն ուղղվելիք հարցերը արագ հնչեցնենք: Մեր հարցին, թե ինքը ԱԺ լրատվական վարչությունում հայտարարել է, որ ԱԱԾ-ն բացահայտելու է այն անձին, որը լուսանակարել է Ա. Բեգոյանին, Մինասյանն ասաց. «Այդպիսի բան տեղի չի ունեցել, լուսանկարողի մասին խոսք չի գնացել, խոսք է գնացել, որ դա էթիկայի սահմաններից դուրս է, աշխատակցին առանց իր թույլտվությամբ նկարահանել»:

Հարցին, թե պարզել է` ով է հանրայնացրել համացանցում լուսանկարը, մեր զրուցակիցն ասաց. «Դեռ ոչ, հույս ունեմ` կպարզվի»: Մեր դիտարկմանը, որ Արտակ Բեգոյանն իր «կադրն» է, ու ինքն է նրան խորհրդարան «բերել», հայտարարեց. «Բացարձակ որեւէ կապ չունեմ, Արտակն անցել է մրցույթով, ունի կրթություն սոցիալական մեդիայի մասնագետի ու այդ ոլորտում լավագույն մասնագետներից մեկն է: Ես 45 հոգու հարցազրույց եմ արել, ինքն անցել է մրցույթով»:

Թե ինչու է ԱԺ աշխատակազմի ղեկավարը թողել իր աշխատանքային պարտականությունները ու զբաղվում Արտակ Բեգոյան մի լուսանկարի պատմությամբ, առնվազն տարօրինակ է: Հուսով ենք` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ կփորձի հասկանալ, թե ինչով են այս օրերին զբաղված իր աշխատակազմի ներկայացուցիչները:

Սոնա Գրիգորյան




Լրահոս