Նոր զարգացումներ տեսչական մարմնի շուրջ. ով ինչ հավակնություններ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում:

Նշենք, որ մոտ մեկ ամիս է, ինչ տեսչական մարմինը ղեկավար չունի. Էդգար Խուրշուդյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ի հրամանով, աշխատանքից ազատվեց: Նրա ազատման գործում իր «մեծ ներդրումն» ունեցավ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Եւ օրեր առաջ տեղի ունեցավ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի խորհրդի նիստը, որի ժամանակ նոր ղեկավար ընտրվեց:

ArmLur.am-ը գրել էր, որ տեսչական մարմնի ղեկավարի ընտրությունն անցել է ոչ այնքան խաղաղ մթնոլորտում: Ի դեպ, տեղեկացնենք, որ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էր 5 թեկնածու: Նրանք են Արա Եղոյանը, Արա Մկրտչյանը, Դավիթ Մելիք-Նուբարյանը, Հակոբ Ավագյանը եւ Գեւորգ Մամիկոնյանը: ArmLur.am-գրել էր, որ երկարատեւ քննարկումից հետո առաջադրված թեկնածուներից Հակոբ Ավագյանին է միայն հաջողվել հավաքել 7 կողմ եւ 2 դեմ ձայն:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ խորհրդի նիստի ժամանակ Հակոբ Ավագյանի թեկնածությանը երկու դեմ քվեարկողներից մեկը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է, մյուսը` Վարդուհի Պետրոսյանը: Իսկ թեկնածուներից Արա Եղոյանը ու Գեւորգ Մամիկոնյանը հավասար ձայներ էին հավաքել: Հակոբ Ավագյանի թեկնածությունն առաջիկայում կներկայացվի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այն դեռ չի հաստատվել վարչապետի կողմից:

Նշենք, որ բացի Հակոբ Ավագյանից՝ խորհրդի նախագահը վարչապետին պետք է ներկայացնի նաեւ Գեւորգ Մամիկոնյանի եւ Արա Եղոյանի թեկնածությունը։ Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ Արա Եղոյանը համարվում է Արսեն Թորոսյանի թեկնածուն։ Հիշենք՝ նախորդ ղեկավարը՝ Էդգար Խուրշուդյանը եւս Թորոսյանի թեկնածուն էր, եւ վարչապետը նշանակել էր այդ պաշտոնին հենց նրան։

Իսկ մինչ այդ, պարզվում է, որ տեսչական մարմնում արտոնյալներ կան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընթացքում` մինչեւ նոր ղեկավարի նշանակվելը, իր դիրքերն է սկսել ամրապնդել ղեկավարի տեղակալ, Խուրշուդյանի ազատվելուց հետո ղեկավարի լիազորությունները կատարող Էմին Ավետիսյանը: Ավելին, մի քանի օր է, ինչ Ավետիսյանը հարմար «տեղավորվել է» ղեկավարի աշխատասենյակում: Եւ այս ժամանակահատվածում նա ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի ազատվի որոշ աշխատողներից, որոնք որ իր դեմ են աշխատել: Ըստ շրջանառվող լուրերի` Ավտիսյանն իր հարազատներին հասցրել է իր պաշտոնավարման ընթացքում «տեղավորել» տեսչական մարմնի տարածքային կենտրոններում, որոնք, ըստ ճշտվող լուրերի, երբեմն աշխատանքի չեն գնում, բայց ստանում են աշխատավարձ:

Տեսչական մարմնում շրջանառվող տեղեկությունների համաձայն` ժամանակին Էմին Ավետիսյանը Արսեն Թորոսյանի հետ այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չի եղել: Մշտապես դեմ է արտահայտվել Արսեն Թորոսյանի հակապատվաստումային քաղաքականությանը, անգամ փորձել է նախկին ղեկավար Էդգար Խուրշուդյանի դեմքով պայքարել Թորոսյանի դեմ: Բայց արդյունքում բոլորիս հայտնի է, թե ով խաղից դուրս մնաց:

«Ժողովուրդ» օրաթերթը տեսչական մարմնի աշխատողներից (նրանց անունները հարգելի պատճառներով չենք կարող հրապարակել) տեղեկացավ, որ Ավետիսյանը միշտ փափագել է հայտնվել տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում:

Օրինակ, դեռ Խուրշուդյանին պաշտոնանկ չարած` տեսչական մարմնի ներսում քննարկվում էր նրան փոխարինող գտնելու հարցը: Էմին Ավետիսյանն ամեն ջանք գործադրում էր, որպեսզի խորհրդի անդամները, նաեւ նախագահը` Արսեն Թորոսյանը, իր թեկնածությունն առաջադրեն այդ պաշտոնի համար:

Բայց Ավետիսյանի բախտը չբերեց: Այժմ Ավետիսյանը ամեն ջանք գործադրում է, որպեսզի պահպանի իր` տեղակալի պաշտոնը: Ըստ որոշ տեղեկությունների` խորհրդի կողմից ընտրված թեկնածուն` Հակոբ Ավագյանը, մտերիմ է Էմին Ավետիսյանի հետ: Եւ հնարավոր է` Ավետիսյանին հաջողվի պահել դիրքերը:

Փոխարենը մյուս տեղակալի` Սամվել Սողոմոնյանի գործունեության հետագա ճակատագիրն է անհայտ: Դեռ պարզ չէ` կմնա նա իր պաշտոնին, թե ոչ: Ինչպես հայտնի է, Էմին Ավետիսյանն ու Սամվել Սողոմոնյանը առողջապահության նախարարության հնաբնակներից են, եւ տեւական ժամանակ է, ինչ հաստատվել են տեսչական մարմնում:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց տեսչական մարմնի ղեկավարի լիազորությունները ժամանակավոր կատարող Էմին Ավետիսյանի հետ, որը հայտնեց. «Այո, փոխարինում եմ, իսկ դա նշանակում է, որ ես այս ժամանակահատվածում իրավունք ունեմ ե՛ւ աշխատակիցներ ընդունել, ե՛ւ ովքեր համապատասխան որակավորումներ չունեն, ազատել աշխատանքից։

Ես փոխարինում եմ արդեն մեկ ամիս, եւ այդ ժամանակահատվածում որեւէ աշխատակից մեր մոտից չի ազատվել։ Երեք թեկնածուներ են հավանության արժանացել խորհրդի կողմից, եւ երեքին էլ պետք է խորհրդի նախագահը ներկայացնի վարչապետին, որ նշանակում կատարի։ Ես որեւէ թեկնածուի հետ մտերիմ հարաբերություն չունեմ։ Իրենց առաջին անգամ հանդիպել եմ նիստի ժամանակ»։

Ս.Հ.




Լրահոս