Հայաստանի կրթական համակարգում խնդիրները շատ են, դպրոցներում`նույնպես, իսկ տնտեսական հեղափոխության առարկայական դրսեւորումներ չեն երեւում: Նման տեսակետ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
-Պարո՛ն Մակարյան, տնտեսական հեղափոխության առարկայական դրսեւորումները նկատո՞ւմ եք, թե՞ ոչ:
-Չէ, առարկայական դեռ չէ, նախապատրաստական ինչ-որ բաներ նկատում եմ, բայց առարկայական դեռ ոչ: Առարկայական կլինի, եթե մենք ունենանք շատ արագ փոփոխվող եւ դինամիկ վիճակներ որոշակի ոլորտներում: Այստեղ միայն տնտեսական աճի խնդիրը չէ կամ տնտեսության զարգացման տեմպը չէ, այլ մյուս ոլորտները: Ես դինամիկ փոփոխություն դեռ չեմ տեսնում կրթության ոլորտում, որը շատ կարեւոր է տնտեսական հեղափոխության համար, փոփոխություն չկա նաեւ ռեֆորմների մեջ: Ես տեմպեր չեմ տեսնում կառուցապատման թույլտվությունների մեջ, որոնք բավականին խաթարված են կամ արգելափակված են ճարտարապետական խորհրդի կողմից, որը ենթարկվում է Երեւանի քաղաքապետարանին: Ես չեմ տեսնում պետական գնումների մաստշաբը:
Տնտեսական որոշակի դրական ցուցանիշները եւ կոռուպցիայի նվազելը պետք է հանգեցներ նաեւ նրան, որ գնումների ծավալները մեծանային: Պետք է ավելի հայեցակարգային զարգացման հարցեր տեսնեինք ենթակառուցվածքների, ճանապարհաշինության մեջ, մարզերի զարգացման եւ, ամենակարեւորը, պետական մարմինների հետ երկխոսության ակտիվության ճկունության առումով, որը բերեր փոխադարձ վստահության, փոխադարձ խնդիրների մասին իրազեկման: Եւ ամենավերջինը` ներդրումների ծավալները:
-Նշեցիք, որ նախապատրաստական ինչ որ բաներ նկատում եք: Ո՞ր ոլորտների մասին է խոսքը:
-Ես տեսնում եմ, որ փորձում են երկխոսությունը բիզնեսի հետ, վերջին շրջանում գործատուների հետ եղել են հանդիպումներ`կարիքները հասկանալու համար: Էկոնոմիկայի նախարարությունում բավականին լավ մարդիկ նշանակվել են տեղակալներ, մի քիչ այդտեղ եմ տեսնում ակտիվություն: Ակտիվություն տեսնում եմ նաեւ որոշակի օրենսդրական փոփոխությունների առումով, բայց դրանք շատ չնչին են: Բայց գնումները ամենամեռած վիճակում են: Կառուցապատման թույլտվությունները վատ վիճակում են, կրթությունը, տեսնում եք, ինչ վճակում է. վեճեր, կռիվներ անտեղի նշանակումներ:
Ես կառարաջկեի, որ կրթության նախարարը թույլ չտար, որ ռեկտորների պաշտոնակատարները սկսեն ֆունդամենտալ կրճատումներ, փոփոխությունններ կամ իրենց, կոպիտ ասած, խելքով բարեփոխումներ կատարել տվյալ բուհում: Կրթական համակարգում խնդիրները շատ են, դպրոցներում`նույնպես: Բայց մենք այսօր ունենք Հայաստանի մարզերում, այդ թվում` Երեւանում, թույլտվությունների խնդիրներ: Մենք ունենք դեռեւս մի հարցի լուծման համար արագության պակասություն, շատ դանդաղ են շարժվում պետական պաշտոնյաները, հաճախ իրենց վրայից ցրում են, մոտիվացիա չունեն, կա՛մ չեն տիրապետում, կա՛մ չեն ուզում պատասխանատվության տակ ընկնել` վախենալով, որ եթե չլուծեն, ապա խնդիրներ կունենան: Մի խոսքով, դեռ այս հարցերը մնում են ուժի մեջ, ցավոք:
-Կառուցապատման թույլտվությունների հետ կապված խնդիրը ավելի ցայտուն է Երեւանո՞ւմ, թե՞ մարզերում:
-Ընդհանուր Հայաստանում. հողերի հատկացումները ներդրողների համար, հողերի կադաստրային նշանակության փոփոխությունը, տվյալ հողերի հետ կապված որոշակի վիճաբանական հարցեր երբեմն, որ առաջացել են, դրանց խնդիրների կարգավորումը մնում են գործարարների համար խոչընդոտներ: Իսկ Երեւանում դրանք կրկնապատկվում են, որովհետեւ դրան գումարվում է նաեւ կառուցապատման թույլտվությունը, քանի որ հիմնական կառուցապատման նախագծերը Երեւանում են կատարվում, ապա դրանց թույլտվությունները կասեցրել է ճարտարապետական խորհուրդը, դանդաղ է շարժվում, չի տրամադրում,ինչի հետեւանքով հազարավոր քառակուսի մետր կառուցապատման աշխատանքներ չեն կատարվում: Եթե մի մետրի արժեքն էլ հաշվենք մի քանի հարյուր դոլար ու բազմապատկենք, ապա կտեսնենք, որ ամսական, տարեկան հարյուրավոր միլիոն դոլարներ են կորում կառուցապատման ծավալները չկատարելու կամ դանդաղ կատարելու պատճառով:
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ավելի շատ հիմա է խփվում ՀԴՄ կտրոն: Ձեր ձեռքի տակ կա՞ն տվյալներ, թե քանի հատ է խփվել այս եւ նախորդ կառավարությունների ժամանակ:
-Ես այդ հաշվարկը չունեմ, որովհետեւ դա բարդ հաշվարկ է: Բայց ՀԴՄ կտրոնները բոլոր դեպքերում էլ ե՛ւ նախորդ, ե՛ւ ներկայիս ժամանակի համար ամենաորոշիչը չեն տնտեսության թափանցիկության առումով: Հարեւան երկրների մշակույթը այդ առումով շատ փայլուն չէ, որ բոլորը ՀԴՄ-ների հետեւից ընկած են ու ՀԴՄ-ներով են անպայման որոշել պայքարել ստվերի դեմ:
-Պարո՛ն Մակարյան, տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հուլիսին աճել է 6.8 տոկոսով: Այս աճը ինչպե՞ս է դրսեւորվում մեր տնտեսության վրա: Ինչո՞ւ քաղաքացին այդ աճը չի զգում իր վրա:
-Որովհետեւ նախ հաշվարկների մեթոդների մեջ պետք է խորանալ, տնտեսական ակտիվության ցուցանիշը համեմատական թվեր են` մեկը մեկի նկատմամբ, ու այդ տոկոսները փոքր են, որովհետեւ Հայաստանի տնտեսությունը սահմանափակ է, եւ 5, 6, 7 տոկոս, դրանք իրական ցուցանիշներ չեն առաջացնում: Եւ երրորդը` այսօր, զուգահեռ այդ ամեն ինչին, կարող է գների թանկացում արձանագրվել, լինել որոշակի կրճատումներ, որի հետեւանքով հարյուրավոր մարդիկ աշխատավարձի խնդիր ունենան, եկամուտները նվազեն: Եւ դրա հետեւանքով ընդհանուր իրենց տնտեսական իրավիճակը շատ չի փոխվում, մեր մոտ աղքատությունը տասնորդական տոկոսով է փոխվել:
Գործազրկությունը նույն կերպ որոշակի տատանվում է` ավելանում է, պակասում: Այսինքն` մենք ֆունդամենտալ առումով, հատկապես` մարզերում, ժողովրդի գնողունակությունը չենք ավելացրել, եկամուտների աղբյուրները քիչ են ավելացել: Գյուղացիների բերքատվությունը չի ավելացել, սա էլ պետք է հաշվի առնենք:
Զրուցեց Սյունէ Համբարձումյանը