ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում է, ով ի պատասխան լրագրողների հարցերի՝ այդ պահին հրաժարվել է խոսել:
Ի դեպ, տեղում է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը, ով հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին: Նա ևս հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել էր, որ այս օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ ուշ երեկոյան հանդիպումներ ու քննարկումներ է ունենում իր թիմի ներկայացուցիչների հետ: Նախօրեին նման փակ ֆորմատով հանդիպում է ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ, որին ուժային կառույցները եւս ներկա են եղել: Տեղեկացանք, որ նախօրեին իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ բավական երկար ժամանակ քննարկվել է Սահմանադրական դատարանի որոշումը: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է հանգստացրել իշխանություններին` վստահեցնելով, թե ՍԴ-ի որոշումը չի կարող ենթադրել Ռոբերտ Քոչարյանի` կալանքից ազատումը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր էլ ՔՊ գրասենյակում է հանդիպում սպասվում արդեն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: