Որքան էլ փորձում ենք հաստատվել մեծերի աշխարհում, երեխաներն էլի իրենցով են անում Լիդուշիկին.պրոդյուսեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Որքան էլ փորձում ենք հաստատվել մեծերի աշխարհում, երեխաներն էլի իրենցով են անում Լիդուշիկին: Մի քիչ երկարում է Լիդուշիկի՝ փոքրերի աշխարհում լինելը: Ամեն դեպքում, մենք սահուն քայլերով գնում ենք դեպի մեծերի աշխարհ՝ չնեղացնելով երեխաներին, որոնք այնքան հավատարիմ են ու նվիրված իրենց սիրելի երգչուհուն: Իհարկե, մենք չենք կարող մատուցել այնպիսի մի բան, որը կվանի երեխաներին»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Լիդուշիկի պրոդյուսեր Գոհար Ավագյանը:

Նրա խոսքով՝ Լիդուշիկի մուտքը մեծերի աշխարհ պետք է ազդարարվեր «Իմ փոքրիկ Հայաստան» երգով:

Ըստ կանխատեսումների` այն պետք է դիպեր տարիքային բարձր շեմին պատկանող հանդիսատեսի սրտին, ու, թեպետ վերջինիս եւս երգը գրավեց, այնուամենայնիվ, մանուկները ստեղծագործությունը դարձրեցին իրենցը. «Այնուհետեւ մենք հանդիսատեսի դատին հանձնեցինք «Հայաստանի նոր պատանի» երգը՝ հույս ունենալով թիրախավորել հենց պատանիներին, բայց այս դեպքում եւս մանուկները դարձան երգի անդավաճան կատարողները»,- ծիծաղելով նկատեց պրոդյուսերը:

Ի դեպ, Լիդուշիկը վերջերս է վերադարձել Փարիզում տեղի ունեցած բարեգործական համերգից, որը կազմակերպվել էր տեղի հայ համայնքի համար: Հանդիսատեսի դատին է հանձնվել ներկայացում, որի երաժշտական մասն ապահովել է Լիդուշիկը:

Առաջիկայում եւս կա համերգային ծրագիր, սակայն այս անգամ՝ Հայաստանում, մասնավորապես՝ Տավուշի մարզում: Հոկտեմբերի 1-ին տեղի կունենա Լիդուշիկի մենահամերգը. «Տավուշում բացվել է ստուդիա, որտեղ ձայնագրում են փոփ երաժշտություն:

Դրա պրոպագանդմանը մեծապես նպաստել է Լիդուշիկը: Մենահամերգի շրջանակում երգչուհին հանդիպում կունենա ստուդիայի սաների հետ, որոնք Լիդուշիկի հետ կբարձրանան նաեւ բեմ: Տեղի կունենան վապետության դասեր, փորձի փոխանակում: Ի դեպ, որքան Լիդուշիկն է ոգեշնչել մարզի երեխաներին, նույնքան էլ մարզի երեխաները՝ իրեն: Երգչուհին հիացած է սահմանամերձ Կոթի գյուղի երեխաների հերոսական պահվածքով, անվախությամբ. նրանք հաճախ դասերն անցկացնում են կրակոցների ներքո, բայց նույնիսկ այդ պայմաններում չեն լքում հարազատ գյուղը»,- եզրափակեց պրոդյուսերը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս