ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին սեպտեմբերի 7-ին, ժամը 03.50-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցի խանութի վրա կրակել է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ժամը 4.00-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, նշված խանութի մոտից գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Կոտայքի մարզի Առինջ գյուղի 23-ամյա մի բնակչի եւ նշված վայրից ներկայացրել են երիտասարդի անվամբ հաշվառված որսորդական հրացանը։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երիտասարդը իրեն ամրակցված որսորդական հրացանով, գողություն կատարելու նպատակով, կրակ արձակելու միջոցով փորձել է կոտրել խանութի ապակին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12 տ/չ որսորդական հրացանի կրակված 1 պարկուճ:
Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն։
Նշանակվել են փորձաքննություններ: Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ վերոհիշյալ խանութը պատկանում է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: