Կամուսնանամ, երբ խելագարի պես սիրեմ. Լիլիթ Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը մի շարք գեղեցկության միջազգային մրցույթներում Հայաստանը պատվով ներկայացրած եւ նվաճումներով վերադարձած մոդել, գեղեցկուհի Լիլիթ Մարտիրոսյանն է: Մենք բացահայտել ենք նրա էությանը բնորոշ կողմերը, խոսել ենք մասնագիտական, անձնական կյանքի նրբությունների մասին: Ի դեպ, գեղեցկուհին դեռեւս ամուսնացած չէ: Նա խոստովանել է, որ կամուսնանա միայն այն դեպքում, երբ հայտնվի այն միակը, որին խելագարի պես կսիրի:

-Լիլի՛թ, սովորաբար արթնանում եք զարթուցիչո՞վ, թե՞ առանց դրա:

-Ընդհանրապես, շատ դժվար եմ արթնանում, ու դա տեղի է ունենում մի քանի փուլով եւ անպայման զարթուցիչով. առանց դրա անհնար է…

-Ձեզնից անբաժան աքսեսուար ունե՞ք:

-Նախկինում չունեի այդպիսի բան, բայց արդեն մեկ տարի է՝ ունեմ մի աքսեսուար, որը միշտ կրում եմ եւ որ որն անբաժան է ինձնից. դա թագի տեսքով մատանի է: Մի տեսակ հոգեւոր կապ է ստեղծվել այդ մատանու եւ իմ միջեւ: Չեմ կարող բացատրել, թե ինչու:

-Ո՞ր եղանակին եք Ձեզ զգում, ինչպես ձուկը՝ ջրում:

-Շոգ եղանակ եմ շատ սիրում, շատ եմ տխրում, երբ եղանակը ցրտում է, դեպրեսիվ եմ դառնում, ափսոսում եմ, որ չեմ ապրում տրոպիկական որեւէ երկրում, որտեղ միշտ տաք է: Շատ մրսկան եմ, ցուրտը չեմ հոնդուրժում:

-Երբեք չեք հրաժարվի համտեսել…

-Բոլոր այն ուտեստները, որոնք պատրաստված են սնկով:

-Մականուն, որ ուղեկցել է Ձեզ դպրոցական տարիներին:

-Կոնկրետ մականուն չեմ ունեցել, բայց ուզում եմ մատնանշել մի դետալ. քանի որ շատ բարձրահասակ էի, այդ հանգամանքը ինձ շատ էր տանջում: Բոլորից տարբերվում էի, չէի կարողանում համակերպվել, չէի ընդունում, որ դա ոչ թե թերություն է, այլ առավելություն, եւ հատկապես դեռահասության տարիներին շատ էի ամաչում իմ հասակից, հատկապես, երբ կողքից լսում էի «Վայ, ի~նչ բոյով է» ռեպլիկը: Բայց մականուն չեմ ունեցել: Երբ կարդացի հայտնի մոդելների կենսագրությունը, իմացա, որ նրանք էլ են բախվել այդ խնդրին:

-Կա՞ն հարցեր, որոնք խուսափում եք ինքներդ Ձեզ տալ:

-Ոչ, չկան, որովհետեւ ազնիվ եւ արդար եմ ինքս իմ հանդեպ: Ես իմ ներաշխարհի հետ ներդաշնակ եմ, իմ միտքը, հոգին, մարմինը հարմոնիայի մեջ են, ճիշտ եմ կառավարում ինձ, չեմ ունենում նման խնդիրներ:

-Եթե չլինեիք այս ասպարեզի մարդ, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

-Գեղեցկության մրցույթների մասնակցելը, մոդելինգով զբաղվելն ավելի շատ հոբբի է, եւ սա այն դեպքն է, երբ ես ինձ երջանիկ եմ համարում: Հոբբիս նաեւ եկամտի լավ աղբյուր է եւ ընձեռում է արվեստին մոտ կանգնելու հնարավորություն: Բայց թե ինչ մասնագիտություն կընտրեի, եթե չլինեի այս ասպարեզում, երբեք չեմ մտածել:

-Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում հայտնի դառնալուց հետո:

-Ճիշտն ասած, ոչինչ չի փոխվել.լիովին նույն մարդն եմ: Իմ հայացքները, վարքագիծը նույնն են, ուղղակի հիմա մարդկանց օգնելու ավելի մեծ հնարավորութուններ ունեմ, քան նախկինում: Երբ հզորանում ես թե՛ ֆինանսի, թե՛ կապերի առումով, ավելի հեշտությամբ ես կարողանում մարդկանց ձեռք մեկնել:

-Շարունակե՛ք միտքը. «Կամուսնանամ, երբ…»

-Հայտնվի իմ այն միակը, երկրորդ կեսը, որին ես խելագարի նման կսիրեմ:

-Հարց, որ վերջերս Ձեզ շատ են տալիս:

– Հարցնում են՝ արդյոք ընկեր ունեմ կամ երբ եմ ամուսնանալու:

-Ձեզ ի՞նչ կենդանու եք նմանեցնում:

-Ոչ մի, ճիշտն ասած, այդ մասին չէի էլ մտածել:

-Իսկ կենդանակերպի ո՞ր նշանի ներքո եք ծնվել:

-Ձուկ եմ:

-Որո՞նք են Ձեր երեք ամենամեծ առավելությունները:

-Ես, ընդհանրապես, չեմ սիրում խոսել իմ առավելությունների մասին, որովհետեւ դա համարում եմ մի տեսակ գլուխ գովալու պես երեւույթ: Կարծում եմ, որ իմ առավելությունների մասին պետք է խոսեն մարդիկ, որոնք ինձ շատ լավ գիտեն, որոնց հետ առնչվումեմ առօրյա կյանքում:

-Իսկ ունե՞ք բնավորության այնպիսի գիծ, որի համար ինքներդ էլ երբեմն ամաչում եք:

-Չկա այդպիսի մի գիծ: Տարիներ շարունակ աշխատել եմ իմ ինքնակառավարման վրա:

-Շարունակե՛ք միտքը. «Եթե կյանքը համառորեն Ձեզ անհաջողություններ է հրամցնում…»

-Ուրեմն իմացեք, որ դա Ձեր կյանքի այն սեւ գիծն է , որից հետո գալու է սպիտակ գիծը, եւ դա լինելու է բոլոր անհաջողությունների կուլմինացիան: Անհաջողություններն էլ պատահական չեն լինում. դրանք ուժեղացնում են մեզ եւ հետաքրքիր են դարձնում մեր կյանքը: Չհանձնվելով պետք է գնալ առաջ:

-Ընկերներ շա՞տ ունեք:

-Այո, ես շատ ընկերասեր եմ եւ շատ ընկերներ ունեմ աշխարհի համարյա բոլոր երկրներից, որոնց ձեռք եմ բերել միջազգային մրցույթների ժամանակ: Հենց նրանց շնորհիվ «Միսս Գլոբ» 2017-ի շրջանակում ես արժանացա «Միսս ընկերություն» մրցանակին:

-Արտիստ, որն, ըստ Ձեզ, կենդանի լեգենդ է:

-Վերջերս սկսել եմ շատ լսել դերասան Ուիլ Սմիթի մոտիվացիոն հռետորական ելույթները: Տեսնելով նրա ազդեցությունը մարդկանց վրա` համոզվել եմ, որ կենդանի լեգենդ դառնալու հավակնություն ունի:

-Եվ վերջին անգամ շարունակե՛ք միտքը. «Սիրում եմ կյանքը, որովհետեւ…»

-Այն չափից դուրս շատէ սիրում ինձ եւ տալիս է այն ամենը, ինչ երազում եմ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս