Աշխատավարձը 30 տոկոսով կբարձրանա. նոր նախագծի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել, ըստ որի` խնամք իրականացնող անձանց աշխատավարձը կբարձրանա:

Այսպես, աշխատավարձ բարձրացնելու վերաբերյալ որոշումը կտարածվի միայն մտավոր եւ հոգեկան խնդիրներ (այդ թվում` աուտիզմ) ունեցող անձանց խնամքի եւ սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների վրա: Այս նախագծի ընդունման արդյունքում նրանց աշխատավարձը 2020 թվականի հունվարի 1-ից կավելանա 30 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս նպատակով պետական բյուջեից կպահանջվի լրացուցիչ ֆինանսավորում` 18 մլն 916 հազար դրամի չափով:

Բացի այս, ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ սահմանված են ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների եւ պաշտոնների, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկերը` հաշվի առնելով այդ աշխատանքների հետ կապված առանձնահատկություննեը: Նշված ցանկում ներառված են նաեւ այնպիսի պաշտոններ, մասնագիտություններ, որոնք աշխատում են հոգեկան եւ մտավոր խնդիրներ ունեցող անձանց հետ: Մեզ հայտնի դարձավ, որ Սոցապ նախարարությունը նախատեսում է այս ցանկում ներառել բոլոր այն պաշտոններն ու մասնագիտություննները, որոնք նույնպես կատարում են նման աշխատանք:
Նախագիծը տարածվում է բացառապես մտավոր եւ հոգեկան խնդիրներ (այդ թվում` աուտիզմ) ունեցող անձանց խնամքի եւ սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների վրա` անկախ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու հանգամանքից:

Պարզվում է, որ նման աշխատանքներ են իրականացվում նաեւ նախարարության առանձին ծախսային միջոցառումների շրջանակներում ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից,իսկ տվյալ միջոցառումների շրջանակներում սպասարկվող շահառուները բացառապես մտավոր եւ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք են:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս