ԵՐԳԵՐԸ ԿԱՆ, ՄՆԱՑ ԵՐԳԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանից տեղեկացանք, որ Էմմիի համար արդեն շուրջ 80 երգ է ստացվել, որի մեծամասնությունը անգլերեն է: Երգերի լավագույն քառյակը պետք է մինչեւ փետրվարի 10-ը ընտրվի ու ներկայացվի հեռուստադիտողի եւ ժյուրիի դատին:Նախորդ տարի Եվրատեսիլ մրցույթին մասնակցելու համար թեժ պայքար էր ընթանում գեղեցիկ սեռի 2 ներկայացուցիչների` Էմմիի եւ Եվա Ռիվասի միջեւ, վերջինս մասնակցության հայտ ներկայացրեց նախընտրական փուլից կարճ ժամանակ առաջ, բայց զարմանալի կերպով հաղթեց: Այս պատմություններից նեղված` Էմմին մեկնեց ԱՄՆ, որտեղ մի քանի ամիս ապրեց, ձայնագրեց նոր երգեր, պատրաստեց համերգային ծրագիր եւ վերադարձավ Հայաստան: Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն էլ որոշեց՝ առանց մրցույթի այս տարի «Եվրատեսիլ» ուղարկել Էմմիին: Ինչպես նշել էր երգչուհին լրագրողների հետ հանդիպման ժամանակ. «Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի լինելու է ոչ թե երգչի կամ երգչուհու, այլ երգի մրցույթ»: Հայտարարվեց երգի մրցույթ, որը երկարացվեց մինչեւ հունվարի 23-ը: Ըստ Եվրոպական հեռարձակողների միության, Եվրատեսիլին մասնակցող երգը պետք է հնչած չլինի, զերծ լինի քաղաքական կոնտեքստից, տեւողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն, իսկ խոսքերը լինեն հայերեն կամ ռուսերեն: Մեզ մնում է միայն սպասել, թե ինչ երգ կընտրվի, ու ինչպես կներկայացնի Էմմին Հայաստանը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում:Մանկականը` ՀայաստանումԸստ Եվրատեսիլի պաշտոնական կայքէջի, այս տարի մանկական Եվրատեսիլը կկայանա Երեւանում` Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում: Այս ամենը շնորհիվ Վլադիմիր Արզումանյանի, ով նախորդ տարի Մինսկում իր իսկ հեղինակային երգով` «Մամա», հավաքեց 120 միավոր եւ հաղթանակ բերեց Հայաստանին: Միջոցառման ղեկավարող խմբի որոշմամբ` մանկական Եվրատեսիլ 2011-ի հյուրընկալման իրավունքները տրվել են Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ի՞նչ կամ ո՞ւմ գումարների հաշվին է Հայաստանը անցկացնելու մանկական Եվրատեսիլը: Չէ՞ որ դա միջազգային մրցույթ է եւ պահանջում է մեծ ծախսեր, ինչպես նաեւ` լավ տեխնիկա: «Մանկական Եվրատեսիլի տեխնիկական պատրաստվածության մասով մենք համագործակցելու ենք շվեդական կազմակերպության հետ, որը տեխնիկան հասցնելու է Հայաստան, այսինքն` մենք տեխնիկայի հետ կապված խնդիրներ չենք ունենա: Գումարի մի մասը կտրամադրվի Եվրոպական հեռարձակողների միության կողմից, մյուս մասն էլ` հյուրընկալող երկիրը պետք է անի»,- նշեց պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը` այնուամենայնիվ չպատասխանելով գումարի աղբյուրների մասին մեր հարցին:




Լրահոս