ՀԱՐՑ. Ո՞վ կարող է լինել որդեգրող անձ: Ի՞նչ է պահանջվում որդեգրման համար:
Նելսոն Հարությունյան (51 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Որդեգրողներ կարող են լինել չափահաս անձինք, բացառությամբ`
1) դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց. 2) ամուսինների, որոնցից մեկը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
3) դատական կարգով ծնողական իրավունքներից զրկված կամ ծնողական իրավունքները սահմանափակված անձանց.
4) օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար խնամակալի (հոգաբարձուի) պարտականություններից հեռացված անձանց.
5) նախկին որդեգրողների, եթե որդեգրումը դատարանով վերացվել է նրանց մեղքով.
6) այն անձանց, որոնք առողջական վիճակի պատճառով չեն կարող իրականացնել ծնողական իրավունքներ: Համապատասխան հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
7) այն անձանց, որոնք որդեգրման պահին չունեն այնպիսի եկամուտ, որը կապահովի որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանները.
8) այն անձանց, որոնք չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաեւ այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանում է սանիտարական եւ տեխնիկական սահմանված պահանջներին.
9) որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն ունեցող անձանց:
Միեւնույն երեխային միաժամանակ որդեգրել ցանկացող մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվության իրավունք տրվում է երեխայի ազգականներին եւ խորթ ծնողներին` վերոհիշյալ պահանջների հաշվառմամբ:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե որդեգրողը ամուսնության մեջ չի գտնվում, նրա եւ որդեգրվող երեխայի տարիքային տարբերությունը պետք է լինի առնվազն տասնութ տարի:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: