Ինչ է արել գլխավոր դատախազը. զինվորական դատախազի տեղակալի սպառնալից նամակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հատնվել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ վերահսկողության վարչության նախկին պետ, ներկայումս ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Վահագ Մուրադյանի նամակը` ՀՀ գլխավոր դատախազությանն ու անձամբ դատախազ Արթուր Դավթյանին ուղղված:

Ի՞նչ է կատարվում ՀՀ գլխավոր դատախազությունում:

Նկատենք, որ վերոնշյալ նամակը հասեագրված է եղել միայն դատախազներին, որտեղ Վահագն Մուրադյանը ներկայացնում է` ՀՀ գլխավոր դատախազության ներսում ինչ է կատարվում, եւ, ըստ էության, իր այս նամակով փորձում է համակարգում առկա իրավիճակը վեր հանել:
Ստորեւ ներկայացնում ենք Վահագն Մուրադյանի` դատախազներին ուղղված ներքին նամակը.

«Հայտնում եմ Ձեզ, որ ՀՀ գլխավոր դատախազ պարոն Ա.Դավթյանն իմ նկատմամբ ունեցած անձնական վերաբերմունքի մեջ օգտագործում է իր պաշտոնեական լիազորությունները: Հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարի պաշտոնից ինձ փոխադրելու եւ այլ պաշտոնում նշանակելու մասին թիվ 286-Ա հրամանի կատարումը կասեցվել է 21.08.2019 թվականին՝ ՀՀ վարչական դատարանի 21.08.2019թ. որոշմամբ եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի ուժով:

Սակայն այդ պայմաններում պարոն Ա.Դավթյանը, առաջնորդվելով ենթադրություններով, հույզերով եւ անձնական վերաբերմունքով, անտեսելով թիվ 286-Ա հրամանի` օրենքի ուժով կասեցված լինելը, համարել է, որ 21.08.2019 թվականից կատարվել է թիվ 286-Ա հրամանի պահանջը:
Այս հարցում պարոն Դավթյանը մի կողմ է դրել օրինապահ, արդարամիտ, անկողմնակալ լինելու սկզբունքները, զբաղեցրած պաշտոնից իմ աշխատանքը դադարեցրել է` ծայրահեղ անձնական վերաբերմունքից ելնելով: Ընդ որում՝ այդ ամենը կատարել է մեկը-մյուսին հաջորդող օրենքի կոպիտ խախտումներով: Նախ՝ 21.08.2019 թվականին կայացրել է թիվ 156-Ա հրամանը, որը դեռեւս իրավաբանական ուժի մեջ չմտած` սկսել է կիրառել այն, որպեսզի նույն օրը իմ զբաղեցրած պաշտոնում կարողանա նշանակել այլ անձի, ինչը եւ կատարել է 21.08.2019թ. թիվ 159-Ա հրամանով:

Պարոն Ա.Դավթյանը, իմ նկատմամբ ունեցած անձնական վերաբերմունքից ելնելով, նույնիսկ մի կողմ է դրել դատախազության շահը եւ ցանկանում է վերացնել Հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունը, որ հանկարծ դատական կարգով իմ իրավունքները վերականգնելու դեպքում չկարողանամ զբաղեցնել նույն վարչության ղեկավարի պաշտոնը: Այդ ամենից ակնհայտ է, որ պարոն Ա.Դավթյանն իր պաշտոնեական լիազորությունները չարաշահում է իմ նկատմամբ հետապնդումներ իրականացնելու համար:

Խնդրում եմ դադարեցնել այդ վարքագիծը, հակառակ դեպքում ստիպված եմ լինելու հանդես գալ եւ իմ խոսքը բարձրացնել մամուլի ասուլիսով, ներկայացնել ոչ միայն իմ նկատմամբ այս հետապնդումները, այլ նաեւ ՀՀ գլխավոր դատախազ պարոն Ա.Դավթյանի կողմից թույլ տրված օրենքի բազմաթիվ խախտումները: Միեւնույն ժամանակ կրկին անգամ խնդրում եմ վերականգնել զբաղեցրած պաշտոնում իմ աշխատանքը` հաշվի առնելով, որ թիվ ՎԴ/6331/05/19 վարչական գործով 21.08.2019 թվականից կասեցվել է դեռեւս չկատարված 29.08.2018թ. թիվ 286-Ա հրամանի կատարումը, թիվ ՎԴ/6722/05/19 գործով 02.09.2019 թվականից կասեցվել է 21.08.2019թ. թիվ 159-Ա հրամանի կատարումը, իսկ 21.08.2019թ. թիվ 156-Ա հրամանը՝ ինձ հանձնված չլինելու պատճառով չէր կարող համարվել իրավաբանական ուժ ունեցող եւ չէր կարող կիրառվել: Կից ներկայացվում է – Datalex.am կայքից թիվ ՎԴ/6722/05/19 վարչական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին ՀՀ վարչական դատարանի 02.09.2019 թվականի որոշումը»:

Դատելով ՀՀ զինվորական դատախազի տեղակալի նամակից` ՀՀ գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը ցանկանում է վերացնել Հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունը:

Ավելին, զինվորական դատախազի տեղակալը խոսել է խախտումների մասին, ինչը պետք է նաեւ ուսումնասիրության հիմք հանդիսանա իրավապահների համար, քանի որ, դատելով նամակից, Վահագ Մուրադյանը դատախազներին հաղորդում է տվել հանցագործության մասին, միգուցե նրա կողմից դատախազներին ուղղված նամակը ուսումնասիրելով` պարզ դառնա, որ նրա բարձրաձայնումները տեղին են, կամ միգուցե ոչ օբյեկտիվ գնահատականներ է հնչեցրել:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Վահագն Մուրադյանին` հասկանալու համար, թե նա արդյոք նման նամակ է գրել ՀՀ դատախազներին եւ գլխավոր դատախազինեւ ինչ նպատակով, սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանել:

Հավելենք նաեւ, որ դեռեւս օգոստոսի 29-ին դատախազների եւ գլխավոր դատախազի միջեւ առկա լարվածության եւ հատկապես Վահագն Մուրադյանի կողմից Արթուր Դավթյանի դեմ դատարան հայց ներկայացնելուց հետո «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն, ինչին ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնել էին. «Գլխավոր դատախազությունում լարվածության փնտրտուքներն անիմաստ եւ անհեռանկար զբաղմունք են։ Նման բան չկա։ Առանձին անհատի անձնական նման որեւէ նախաձեռնություն չի կարելի մեկնաբանել որպես համակարգի ներսում տարաձայնությունների առկայության, առավել եւս դրանց խորացման դրսեւորում։ Նման հետեւությունների որեւէ ողջամիտ նախադրյալ կամ հիմք չկա»։

Քնար Մանուկյան




Լրահոս