«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Կուսակցությունների մասին» օրենքում եւ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակով ձեւավորված աշխատանքային խմբի շուրջ կրքեր են թեժանում: Եվ չնայած անկախ հանձնաժողովի կազմից բոլոր պատգամավորներն էլ ազատորեն կարող են մասնակցել աշխատանքային քննարկումներին, սակայն բուն աշխատախմբում ընդգրկվելու համար քննարկումները թեժ են եղել, եւ շատերն են ցանկացել ընդգրկվել այդ խմբում, սակայն, ի վերջո, չի հաջողվել, եւ այդ պատճառով է որոշում կայացվել ազատ թողնել աշխատանքային խմբին մասնակցելու հնարավորությունները:
Եվ, բացի այդ, փաստացի Ազգային ժողովը որոշել է չսահմանափակվել միայն պատգամավոր Համազասպ Դանիելյանի համակարգվելիք աշխատանքային խմբի քննարկումներով եւ որոշել է ավելի լայն քննարկումներ անել, ընդ որում` թե՛ օրենսդրական փոփոխությունների նախագծի ստեղծման փուլում եւ թե՛ այդ նախագծի քննարկման ժամանակ:
Մասնավորապես, Ազգային ժողովի լրատվական ծառայության կողմից աշխատանքներին մասնակցելու համար հայտարարություններ են եղել` նաեւ ուղղված հասարակական կազմակերպություններին եւ արտախորհրդարանական ուժերին: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին արդեն հասարակական տարբեր կազմակերպություններ եւ անհատներ են հաղորդագրություններ ուղարկում եւ ցանկություն հայտնում մասնակցել այդ աշխատանքային խմբի աշխատանքներին: Եվ փաստացի նման մեծ հետաքրքրություն առկա է նաեւ Ազգային ժողովի պատգամավորների կողմից: