Մենք երբևէ չենք կարող կտրվել իրականությունից՝ հայտնվելով վիրտուալ կյանքում. Դավիթ Բաբայանը՝ սահմանային լարված իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք երբևէ չենք կարող կտրվել իրականությունից՝ վիրտուալ կյանքում հայտնվելով: Խախտումներ միշտ եղել են, դեռևս 1994 թվականի զինադադարից ի վեր: Փաշինյան-Ալիև հանդիպումների, պայմանավորվածությունների հետևանքով կրակոցների թվաքանակը կտրուկ նվազել է, բայց չի վերացել: Սահմանային լարված իրավիճակի և թշնամու կողմից հնարավոր արկածախնդրության մասին ArmLur.am-ը զրուցել է Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

«Հակառակորդը չի փոխել իր ցանկություններն ու տեսլականները մեր նկատմամբ և դրա համար Արցախի կործանումը, հայոց պետականության կործանումը, եղել և մնում է գեր նպատակ թշնամու համար»,-ասաց նա:

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ սահմանային իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն և վերահսկելի է:

« Մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած արկածախնդրության , բայց այս պահի դրությամբ դրա հավանականությունը քիչ է, թեպետ մենք միշտ պատրաստ ենք»,-հավելեց Դավիթ Բաբայանը:

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սույն թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 13-ն ընկած ժամանակահատվածում 52 անգամ խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հետ շփման գծի տարբեր ուղղություններով:

Հիշեցնենք, ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը, ադրբեջանական հենակետերից տարբեր տրա­մաչափի հրաձգային զենքերից` այդ թվում Իստիգլալ, ՊԿ և ՍՎԴ զինատեսակներից 21 անգամ գնդակոծվել են Տավուշի մարզի Մովսես, Բերդավան, Արարատի մարզի Երասխավան, Պարույր Սևակ, Վայոց Ձորի մարզի Արենի, Չիվա, բնակավայրերի մոտակայքում գտնվող ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերը:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից 31 անգամ գնդակոծվել են նաև Արցախի ԶՈՒ Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Հադրութի շրջանների մարտական դիրքերը:

Հայկական զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս