ԿՈՌԵԿՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՆՏՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ օրեր առաջ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հոխորտում-սպառնում-զգուշացնում էր «խելո՛ք մնացեք, բոլորիդ կձերբակալեմ»-ի տարբերակով: Բնականաբար, որեւէ  երկրի ոստիկանապետ չի կարող նման հայտարարություններ անել, եթե երկրի գործող ղեկավարի, այսպես ասած, «դաբրոն» չունենա: Հակառակ դեպքում` այդ ոստիկանապետը կհայտնվի գործազուրկների շարքում: Ալիկ Սարգսյանը ոչ միայն հրաժեշտ չտվեց իր աթոռին, այլեւ Սերժ Սարգսյանը, կարծես ամրապնդելու համար իր ենթակայի հայտարարությունները, տարավ-բերեց, թե` «Գոնե վերջին 1-2 տարիների ընթացքում որոշակի ձեւաչափեր են ձեւավորվել, որոշակի  գործընթացներ մտել են բնականոն հուն, անցնում են հանրահավաքներ, անցնում են կոռեկտության սահմաններում, եւ ճիշտ ճանապարհը դա է»:  Սրան հաջորդած օրը` մարտի 13-ին, ինչ-որ դիմակավորներ առեւանգեցին բռնցքամարտի ԽՍՀՄ ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանին, իսկ երեկ արդեն նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար: Փաստերն անիմաստ կլիներ իրար կապելը, եթե չլիներ մի կարեւոր նրբություն` Սամսոն  Խաչատրյանը ՀԱԿ անդամ է եւ ՀԱԿ համակիրների մոտ մեծ հեղինակություն է վայելում:  ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը հետեւյալ կարծիքին է. «Բերման ենթարկելուց ոստիկանությունը քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներ է թույլ տվել, քանի որ Սամսոն Խաչատրյանը պատշաճ չի ծանուցվել: Նրան բերման չեն ենթարկել հանցագործություն կատարելու պահին կամ չեն եղել այնպիսի հանգամանքներ այդ պահին, որը հնարավորություն կտար ենթադրելու, որ Ս. Խաչատրյանը կատարել է կամ փորձել է կատարել հանցագործություն: Հետագա գործողությունները` տան խուզարկություն եւ այլն, ցույց տվեցին, որ նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդիր ունեին, եւ այդ ամենը արվում էր ոչ թե օրենքի եւ օրինականության շահերը պաշտպանելու, այլ հերթական հանրահավաքից առաջ քաղաքացիներին վախեցնելու նպատակով: Փաստաբան Վահե Հովսեփյանը մասնակցել է խուզարկությանը եւ տեղեկացրեց, որ զենք-զինամթերք են փնտրել ու որեւէ բան չեն հայտնաբերել: Միանշանակ, սա կապվում է Սամսոն Խաչատրյանի քաղաքական գործունեության ակտիվության, ՀԱԿ ակտիվ անդամ լինելու հետ»: Երեկ ՀՀ  ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե Ս.Խաչատրյանը «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով» է բերման ենթարկվել: Բայց, ինչպես միշտ, ոստիկանությունը հավատարիմ է իր` փաստերը խեղաթյուրելու աշխատաոճին: Իրականում ՀԱԿ մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում քաղաքացիական հագուստով մի տղամարդ վիրավորել ու քաշքշել է հանրահավաքին մասնակցող կանանց, եւ Ս.Խաչատրյանը հարվածել է այդ մարդուն: Սիրված մարզիկի ձերբակալության լուրը երեկ շատերին էր տարել Էրեբունու ոստիկանության` ձերբակալվածների պահման վայր: Մարդիկ պահանջում էին ազատ արձակել իրենց համախոհին: Հրապարակախոս  Առաքել Սեմիրջյանի կարծիքով  Սերժ Սարգսյանը հստակ հանձնարարություն է տվել ՀԱԿ բոլոր ակտիվիստներին վախեցնել. «Մի կողմից  նրա հայտարարությունը նպատակ ուներ որոշ իդիոտների մոտ տպավորություն ստեղծել, որ, իբր, ՀԱԿ-ի հետ համագործակցություն կա, մյուս կողմից,  Սամսոնին ձերբակալելով, ուզում էր  ցույց տալ, թե` տեսե՛ք,  Կոնգրեսին ամեն գնով` ստի եւ բռնության միջոցով, հա՛մ վարկաբեկելու եմ, հա՛մ էլ փորձելու եմ վնասազերծել: Սերժ Սարգսյանի համար Հայաստանում միակ վտանգը ՀԱԿ-ն  է»: Եթե ասվածին հավելելու համար հիշենք Սերժ Սարգսյանի հայտարարության շարունակությունը, ամեն ինչ տեղը կընկնի. «Կարծում եմ, որ ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմադիրները ճիշտ հետեւություններ պետք է անեն անցյալի սխալներից, որպեսզի անցյալի սխալները չկրկնվեն»: Թե ինչ նկատի ուներ գործող նախագահը «անցյալի սխալներ» ասելով, կարծում ենք՝ պարզ է: 2008թ-ի մարտի 1-ի սպանություններն ու դրանց հաջորդած մեծաթիվ ձերբակալությունները Հայաստանի նորագույն պատմության մեջ արձանագրվեցին իբրեւ քաղաքական մեծ սխալ` իրականացված իշխանություների կողմից:  Այդ սխալի հետեւանքները դեռ շատ են ազդելու երկրի ոչ միայն ներքաղաքական զարգացումների, այլեւ միջազգային հանրության հետ փոխհարաբերությունների վրա: Եթե ուշադիր լինենք, գործող նախագահը ոչ միայն հիշեցնում է այդ սխալի մասին, այլեւ զգուշացնում, որ այն կարող է կրկնվել: Այս օրերին արաբական երկրներում ընթացող ներքաղաքական բուռն իրադարձությունները ցնցել են ողջ աշխարհը, եւ առաջին արձագանքներն արդեն կան` ամենատարբեր քաղաքական սանկցիաների ձեւով: Իսկ մարտի 1-ի, Աստված մի արասցե, կրկնությունը կարող է շատ թանկ նստել գործող իշխանությունների վրա:  Ժամանակները փոխվել են: ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




Լրահոս