«Մեղուների» ճախրանքն ու Դոն Կառլոյի վրեժը. Չեմպիոնների Լիգան վերադառնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարծես թե երեկ էր, որ Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտը հյուրընկալեց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպումը, որտեղ «Լիվերպուլը», 2:0 հաշվով հաղթելով «Տոտենհեմին», իր պատմության մեջ 6-րդ անգամ տիրացավ բաղձալի գավաթին:
Այդ եզրափակիչն արդեն անցյալում է, եկել է ժամանակը վայելելու Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի նոր մրցաշրջանը: Ֆուտբոլային «Օլիմպոսում» գտնվող ուժեղագույնները պայքարը կսկեն հենց այսօրվանից:

Նախորդ խաղարկությունը միանշանակ կդաջվի պատմության էջերում` որպես քամբեքների մրցաշրջան, ֆուտբոլասերների մի մասն էլ գուցե եւ հիշի Ամստերդամի «Այաքսի» հրաշամանուկներին կամ կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստների լացակումած հայացքները Անգլիայի «Էնֆիլդում»: Անցած մրցաշրջանը իրոք ֆանտաստիկ ստացվեց, որն էլ է՛լ ավելի սպասելի է դարձնում Եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի 2019/20 մրցաշրջանի մեկնարկը:

Այսօր` սեպտեմբերի 17-ին, Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կկայանա միանգամից 8 հանդիպում:
Խաղերն, իհարկե, բոլորն էլ հետաքրքիր են, սակայն կան այնպիսի խաղեր, որոնք ուղղակի «պայթյունավտանգ են»: Դե ինչ, սկսեցինք.

«Բորուսիա Դորտմունդ» – «Բարսելոնա»

Եթե այս թիմերը միմյանց հանդիպեին 2 տարի առաջ, դժվար այն այսքան թեժ եւ սպասված լիներ, բայց արդեն երկրորդ մրցաշրջանն է, ինչ «Ռուրյան մեղուները» թափ են հավաքել եւ անցնում են ցանկացած մրցակցի վրայով, այդ թվում նաեւ անհաղթելի թվացող «Բավարիայի»: Թող բարձրագոչ չհնչի, բայց այս պահին կարելի է ասել, որ գերմանական ակումբը գտնվում է ավելի լավ մարզավիճակում, քան կատալոնացիները: Գերմանական ակումբի տղաները շատ լավ են մեկնարկել Բունդեսլիգայում եւ այժմ 2-րդ տեղում են ու ընդամենը մեկ միավորով են հետ մնում առաջին տեղում «վայրէջք» կատարած «Լայպցիգից»:

Թիմի գլխավոր մարզիչ շվեյցարացի Լուսյեն Ֆավրը Յուրգեն Կլոպից հետո դարձավ այն միակը, ով կարողացավ ստեղծել թիմ, որն ունակ է պայքարելու յուրաքանչյուր մրցակցի դեմ: Այո, այսօրվա «Բորուսիան», այն էլ` տանը, կարող է կատաղի պայքար մղել Էռնեստո Վալվերդեի աստղաբույլի դեմ:

«Բարսելոնան» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում այնպիսի թիմ է հավաքել, որ սարսափի է ենթարկում յուրաքանչյուր մրցակցի. Անտուան Գրիզման, Լուիս Սուարեզ, Արթուր, Ֆրենկի դե Յոնգ, նրանց կարելի է գումարել նաեւ պատանի 16-ամյա Անսու Ֆատիին, ով շշմեցնող հանդիպումներ է անցկացնում «Բարսելոնայի» հիմնական թիմում: Այս խաղից առաջ թիմի հայտացուցակում է հայտնվել նաեւ «Բլաուգրանայի» ավագ Լեո Մեսսին, ում համար այս հանդիպումը կլինի առաջինը ընթացիկ մրցաշրջանում: Լուսյեն Ֆավրը իր «մեղուների» հետ միասին կփորձի կանխել «կապտանռնագույն» աստերոիդի ընկնելը դորտմունդյան հողի վրա:
Միանշանակ սա օրվա կենտրոնական հանդիպումն է:

Գերհետաքրքիր հանդիպումներից մյուսն էլ, որին պետք է անդրադառնանք, կկայանա մաֆիոզների քաղաք Նեապոլում, որտեղ տեղի «Նապոլին»` Դոն Կառլոյի գլխավորությամբ, կմրցի մրցաշարի գործող չեմպիոն անգլիական «Լիվերպուլի» հետ: Նախորդ մրցաշրջանում այս թիմերը կրկին հայտվել էին նույն խմբում, որտեղից մի կերպ կարողացավ «ճողոպրել» լիվերպուլյան ակումբը` վերջին տուրում հաղթելով հենց «Նապոլիին»:

Պապա Կառլոն լավ է հիշում այդ հանդիպումը, որն ուղղակի թրիլլերի վերածվեց իտալական ակումբի համար: Նոր ճակատամարտ` նոր մրցաշրջանում, իսկ դերերում կրկին նրանք են` Կառլո Անչելոտին եւ Յուրգեն Կլոպը: Այս խաղում կոնրետ ֆավորիտ առանձնացնել չի կարելի, բայց պետք է նշել, որ իտալական «հրոսակախումբը» ունի չնչին առավելություն, որոնք սեփական երկրպագուներն են ու հայրենի հողը: Այս թիմը սեփական դաշտում ունակ է հաղթել բոլորին, նախորդ տարի նեապոլցիները հաղթեցին «Լիվերպուլին» տանը, սակայն այդ հաղթանակը, ինչպես պարզվեց հետագայում, ոչինչ չտվեց նրանց:

Մերսիսայդիցները այս մրցաշրջանն ուղղակի ֆանտասիկ են սկսել` բոլոր 5 հանդիպումներում տանելով 5 հաղթանակ: Մարզավիճակի մասին խոսք լինել չի կարող. Լիվերպուլից ժամանած տղաները այդ առումով գերազանցում են մրցակցին, բայց սա Չեմպիոնների Լիգան է, որտեղ կատարվում են ամենաանհավանականները` վառ օրինակ թե՛ «Լիվերպուլի» արկածները անցած տարի, թե՛ «դժբախտ երջանկությանը» հանդիպած ամստերդամցիները Չ/Լ 2018/19 խաղարկությունում:

Տուրի ամենահզոր հանդիպումները այս երկուսն են, բայց հետաքրքիր լինելու են նաեւ մյուսները: Այսօր կկայանան նաեւ հետեւյալ հանդիպումբները` «Ինտեր»-«Սլավիա», «Լիոն»-«Զենիթ»,«Այաքս»-«Լիլ», «Բենֆիկա»-«Լայպցիգ»,«Չելաի»-«Վալենսիա» եւ «Զալսբուրգ»-«Գենկ»:

Առաջին երկու հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 20:55-ին, իսկ մյուսների մեկնարկային ժամը 23:00-ն է:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս