ՀԱՐՑ. Եթե մաքսային հայտարարագիրը լրացնելիս սխալ է թույլ տվել, եւ հայտարարագիրը գրանցվել եւ վճարումներն էլ իրականացվել են, ապա ինչպե՞ս կարող է ճշտում անել հայտարարագրում:
Հարութ Սիմոնյան (48 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Սիմոնյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է առաջնորդվել Մաքսային միության մաքսային օրենսգրքի 191-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի` մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները կարող են փոփոխվել կամ լրացվել նախքան ապրանքների բացթողումը մաքսային մարմնի թույլտվությամբ եւ հայտարարատուի հիմնավորված գրավոր դիմումի հիման վրա` պահպանելով նշված հոդվածով նախատեսված պայմանները: Ապրանքների բացթողումից հետո մաքսային հայտարարագրում փոփոխությունների եւ լրացումների կատարում թույլատրվում է միայն Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մաքսային միության մաքսային օրենսգրքի 192-րդ հոդվածի համաձայն` հայտարարատուի գրավոր դիմումով` օտարերկրյա ապրանքների մասին գրանցված մաքսային հայտարարագիրը կարող է նրա կողմից չեղարկվել նախքան մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողման մասին որոշման ընդունումը, իսկ հայտարարատուի գրավոր դիմումով` Մաքսային միության ապրանքների մասին մաքսային հայտարարագիրը կարող է չեղարկվել նախքան ապրանքների փաստացի մեկնումը Մաքսային միության մաքսային տարածքից, այդ թվում` ապրանքների բացթողման մասին որոշում ընդունելուց հետո:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: