Ջո Բայդենը սեպտեմբերի 21-ը Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը տոնելու օր է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջո Բայդենը Հայաստանի Անկախության օրվա առիթով շնորհավորել է հայ ժողովրդին ու խոսել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին։
«28 տարի առաջ հայ ժողովուրդն իր ապագան իր ձեռքը վերցրեց և վերահաստատեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։

Այսօր Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը տոնելու և Հայաստանի պատմությանը հարգանքի տուրք մատուցելու օր է։ Այս պատմությունն ամբողջական չի լինի մինչև մենք մեկընդմիշտ չճանաչենք Մեծ Եղեռնը՝ Հայոց ցեղասպանությունը։ 1915-1922 թվականներին գրեթե երկու միլիոն հայ տեղահանվեց, 1.5 միլիոն տղամարդ, կին և երեխա սպանվեցին։ Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք ոչնչացման այս սարսափելի և զանգվածային գործողությունների մասին։
Մասնավորապես կարևոր է ասել հիշատակի այս խոսքերը պատմական այդ իրողության մասին այն պահին, երբ մեզ ամեն օր հիշեցնում են, որ բառերը խոցելու ուժ ունեն և մենք համատեղ պարտավորություն ունենք բարձրաձայնելու ատելության դեմ, քանի որ լռությունը մեղք է։
Եթե լիարժեքորեն չճանաչենք, չհիշատակենք և չկրթենք մեր երեխաներին ցեղասպանության մասին, «այլևս երբեք» բառերը կկորցնեն իրենց իմաստը։ Չճանաչումը հող է նախապատրաստում հետագայում նման վայրագությունների կրկնության համար։
Ես հայ ժողովրդի և ամերիկահայ համայնքի կողքին եմ՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Բայդենը։

Նա հպարտություն է արտահայտել, որ Սենատում իր գործունեության տարիներին առաջնորդել է Ցեղասպանության ճանաչման ջանքերը և սատարում է Ներկայացուցիչների պալատի և Սենատի բանաձևերին, որոնք պետք է ընդունվեն ու հիմք հանդիսանան ԱՄՆ-ի ճանաչման համար։
Բայդենը, ըստ որոշ հարցումների, ԱՄՆ 2020 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատների առաջատար թեկնածուն է:




Լրահոս