ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻՆ ՉԵՆ ՕԳՆՈՒՄ, ԱՅԼ ԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն է:

-Պարո՛ն Թունյան, խորհրդարանն արդեն ընդունել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների փաթեթը, որը, ըստ ընդդիմադիրների, հասարակության կյանքում որեւէ փոփոխություն չի բերելու: Ավելին, կարծիք կա, որ փոփոխությունը կոսմետիկ բնույթ է կրում, իրական փոփոխություն չկա: Ինչո՞ւ Ձեր ղեկավարած հանձնաժողովը չգնաց իրատեսական փոփոխության:
-Ընդդիմության հիմնական ասածը վերաբերում է համահարթեցմանը: Բայց նախ նշեմ, որ կատարվել են շատ պարզեցումներ, սահմանվել է 24 միլիոն դրամ միկրոբիզնեսի շեմ, որը հենց կոնկրետ փոքր ընկերությունների համար, որովհետեւ միայն մարդիկ վարձու աշխատողներ չեն, մարդիկ կան, որ ինքնազբաղված են, սեփական բիզնեսներ ունեն: Բարձրացվել է շրջանառության հարկի շեմը, կատարվել են մեծ թվով պարզեցումներ հանրային սննդի ոլորտում, հյուրանոցային ծառայությունների ոլորտում, մեքենաների առեւտրով զբաղվողների համար: Այսինքն` նման բազում փոփոխություններ կան, որոնք մարդկանց կյանքը հեշտացնում են, դա ուղիղ ազդեցություն է ամբողջ հասարակության վրա: Ինչ վերաբերում է համահարթեցմանը, ապա քննադատում են, թե դուք օգնում եք հարուստներին` աղքատների հաշվին:
-Բայց իրականում այդպես է ստացվում. ըստ նոր փոփոխությունների` հարկման շեմը նվազեցրել եք բարձր գումար վաստակողների համար, նույն շեմը պահպանել եք ցածր աշխատավարձ ստացողների համար է: Ինչո՞ւ:
-Համահարթեցումը հարուստներին օգնելը չի, նպատակը բիզնեսի ծախսերը թեթեւացնելն է, այսինքն` հարկը վճարում է գործատուն, ոչ թե աշխատողը, ու եթե դու այդ հարկը նվազեցնում ես, այդ գործատուի համար ծախսերը նվազում են, իսկ իր արտադրանքը դառնում է ավելի մրցունակ: Այսինքն` արված փոփոխությունը արվել է ոչ թե մարդկանց եկամուտները ավելացնելու համար, այլ բիզնեսին ավելի մրցունակ դարձնելու համար: Իսկ եթե բիզնեսը մրցունակ է դառնում, ապա դրա հետեւանքով տարբեր խողովակներով ազդում է բոլորի վրա: Եթե բիզնեսը աճեց, ապա իր աշխատողների աշխատավարձներն էլ են ավելանալու, աշխատողների թիվն էլ է ավելանալու, այդ բիզնեսը ավելի շատ հարկ է մուծելու, ու դա գնալու է անապահով խավին: Եթե ասում են` այս մեկին աճեց, մյուսինը չաճեց, ապա դա ամենապրիմիտիվ մոտեցումն է: Հաջորդ երեք տարիներին նվազելու է նաեւ ցածր ստացողների աշխատավարձը: Համահարթին զուգահեռ մենք նաեւ փաթեթից դուրս նվազագույն աշխատավարձն ենք բարձրացնում: Այսպես շատ էֆեկտներ կարելի է թվարկել: Կրկնում եմ` մենք հարուստներին չենք օգնում, մենք բիզնեսմեններին ենք օգնում:
-Տնտեսագետների կարծիքով` այն փոփոխությունները, որոնք կատարել եք օրենսգրքում, ամենավատ տարբերակն էր, որ կարող էիք իրականացնել: Նշվում է նաեւ, որ անգամ քննարկումներ չեն արել իրենց դիրքորոշումը լսելու համար:
-Մենք Աժ-ում հանրային լսումներ ենք արել, որ հրավերը բաց տեղադրվել է, 100-ից ավելի մասնակիցներն են եկել մասնակցել քննարկումներին: Հանրային լսումներից բացի արել ենք մասնագիտական քննարկումներ, արել ենք առանձին հանդիպումներ տարբեր շահառու խմբերի հետ: Մարտին փաթեթը եկել է Աժ, ու մենք այդ ամիսների ընթացքում քննարկումներ ենք ունեցել ու բոլորի առաջարկները, եթե անգամ դրանք չեն ընդունվել, պատշաճ հիմնավորում է տրվել, թե ինչի համար դրանք չեն ընդունվել: Հիմա, որ ասում եք, թե ինչու փոքրերին էլ չեք անում, էլի եմ ասում` այդ ամենը պետք է անել կոմպլեքսի մեջ: Իսկ ովքե՞ր են ՀՀ-ում հարուստները. եթե մենք հարուստ մարդկանց նույնացնում ենք այդ 1000-1200 հոգու հետ, որոնք գրանցված բարձր աշխատավարձ են ստանում, դա ուղղակի մոլորություն է, որովհետեւ Հայաստանում իրական հարուստները այդ մարդիկ չեն. իրական հարուստների եկամուտները ոչ մի տեղ չի երեւում: Այդ իրական հարուստները կարող է իրենց վարձով տրված տարածքներից են եկամուտ ստանում, իրենց շահաբաժիններից են ստանում, ու իրենք այսօր հարկվում են շատ ավելի ցածր: Եթե ասում են` արդար չի, ապա նախկինում եղածը արդար չէր, մենք ասում ենք` ՀՀ-ում եկամտային հարկը տրամաբանությունից շեղված է: Հասարակությունն իր առօրյայում արդեն պետք է զգա, որ արդեն որոշ էական փոփոխություններ կատարվել են: Լավ չի, երբ հայտարարում են, թե մեր հարկը չի նվազում, բայց ուրիշինը նվազում է, իսկ ուրիշի նվազումով ազդելու է բոլորի կենսամակարդակի վրա: Եթե մենք ուզում ենք, որպեսզի մեր տնտեսությունը աճի, մենք չպետք է մոռանանք, որ մենք ունենք հարեւան երկիր, օրինակ` Վրաստան, ու եթե մեզ մոտ բիզնեսի համար հարկային օրենսդրությունը ավելի վատն է, քան Վրաստանինը, ապա այդ բիզնեսը գնալու է Վրաստան: Հիմա դրանից ո՞վ է շահում:Դրա համար ամեն ինչին պետք չի մակերեսորեն վերաբերվել. ցանկության դեպքում պետք է կոմպլեքսի մեջ դիտարկել ու հասկանալ` օգուտներն են շատ, թե վնասները:
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ հայտարարեց տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին: Ի՞նչ փուլում է հեղափոխությունը, կարելի՞ է համարել, որ իշխանությունը տնտեսությունում հասել է հեղափոխության:
-Ես տնտեսական հեղափոխություն հասկանում եմ տնտեսության տրամաբանության նպատակների ու տնտեսության կառուցվածքի փոփոխություն: Մենք չպետք է ընկնենք ցուցանիշի հետեւից, այլ այդ աճը այնպիսին լինի, որ առողջ ճյուղերի վրա հենված լինի, իսկ երկրորդն էլ` այնպես լինի, որ այդ աճին մասնակցեն ոչ թե մեկ-երկու խոշոր ընկերություն, այլ բոլորն էլ օգտվեն: Իսկ դրա համար պետք է հավասար հնարավորություններ ապահովել, որ փոքրերն է՛լ, մեծն է՛լ խնդիր չունենա որեւէ շուկա մտնելու: Մենք կարող ենք ասել, որ տնտեսական հեղափոխությունը սկսվել է, բայց այն մեկնարկային փուլում է, մենք դեռ լիքը անելիքներ ունենք, անհրաժեշտություն ունենք արագությունը կտրուկ ավելացնելու: Իմ կարծիքով` մեզ շատ արագ գործել է պետք: Տնտեսական հեղափոխություն նշանակում է իշխանությունների, հասարակության, բիզնեսմենի փոխադարձ վստահության աճ, որի համար ժամանակ է պետք:

 

 

 

 

ԲԴԽ ԹԵԿՆԱԾՈՒՆ «ԻՄ ՔԱՅԼ»-Ի «ՀՈՐՔՈՒՐԻ ԳԱՆՁԸ» ՉԷՐ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում շարունակվում է թեժ քննարկվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Աննա Մարգարյանի ընտրության տապալումը: Ըստ մեր տեղեկությունների` խմբակցությունում ոչ ոք կամ քչերն են պատկերացրել, որ ձախողելու են ընտրությունը, քանի որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը վստահեցրել է, թե ամեն ինչ նորմալ է, քվորում ամեն դեպքում ապահովելու են, համապատասխան թվով պատգամավորներ կան եւ կարող են «դուխով» ընտրությունն իրականացնել:

Բայց իրականում իմքայլականները կանգնել են փաստի առաջ, երբ պարզվել է, որ իրենց չի հաջողվում պատգամավորներին «բերման ենթարկել» ԲԴԽ անդամի ընտրության: Մասնավոր զրույցներում իշխող խմբակցության անդամները ափսոսանք էին հայտնում, որ նման բան է տեղի ունեցել Աննա Մարգարյանի ընտրության ժամանակ, քանի որ Մարգարյանը բոլորի «սրտով» թեկնածու էր: Բայց տեսակետ կա նաեւ, որ իշխանական պատգամավորները չեն մասնակցել ընտրությանը հատուկ հրահանգով այն բանի համար, որ Ա. Մարգարյանն իր ելույթներից մեկում ասել էր, թե խնդրում է ընդհանրապես հրաժարվել վեթթինգ բառից:
Ինչո՞ւ իշխող խմբակցությանը չհաջողվեց ԲԴԽ թեկնածու Աննա Մարգարյանին ընտրել ԲԴԽ անդամ: Չէ՞ որ նա հենց խմբակցության թեկնածուն էր: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը պատասխանեց. «Խմբակցությունում մեծ ցանկություն եղել է Աննա Մարգարյանին ԲԴԽ անդամ ընտրելու համար, տեխնիկական պատճառներով, ցավոք սրտի, դա անել չհաջողվեց, երեւի թե մեծ դերակատարում ունեցավ ընդդիմության հանկարծակի եւ չհիմնավորված դեմ քվեարկությունը: Խոսքս վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, որը, կարծես թե, հայտարարվեց, որ մենք իրենց թեկնածուին մերժել ենք, ու իրենք էլ նման կերպ են վարվում: Գիտեք չէ՞, 90-ականներին մի խոսք կար` «աբառոտկա ֆռալ», սա դրան է նմանվում, ու շատ անլուրջ է իմ կարծիքով»: Առաքելյանը «Լուսավորի» գործընկերներին հիշեցրեց. «Մենք Աննա Մարգարյանին մեր հոր տնից չէինք բերել, նա ո՛չ մեր կուսակիցն է, ո՛չ նրա հետ ճանապարհ ունենք անցած, ո՛չ մեր «հորքուրի գանձն» է, այսպես ասենք, ընդամենը գնահատել ենք նրա գիտական ճանապարհը, նրա մասնագիտական որակները»:
Նկատենք, որ գործընկերներին անլուրջ գործելաոճի համար մեղադրող պատգամավորի բառապաշարում շարունակում են «անլուրջ ձեւակերպումներ» տեղ գտնել՝ «հորքուրի գանձ»-ի մակարդակի: Թե այս որակով ինչպես են գնահատել Մարգարյանի մասնագիտական որակները, դժվար է ասել: Բայց, ամեն դեպքում, լավ է, որ «աբառոտկա ֆռալու» լեզվամտածողության պայմաններում գոնե «Իմ քայլը» խմբակցությունում գիտակցել են «ներքին կազմակերպչական խնդիրները», եւ, ինչպես Էդգար Առաքելյանը հայտարարեց, հետեւություններ կարվեն անկազմակերպ քվեարկության գործընթացից:
Բայց ուշագրավն այն է, որ երբ հարցրեցինք՝ հնարավոր է կրկին առաջադրեք Աննա Մարգարյանի թեկնածությունը, պատասխանեց. «Անկեղծ ասած, օրենքի այդ հատվածը չեմ ուսումնասիրել, ծանոթ չեմ կարգավորումներին, խմբակցության նիստ կլինի, կքննարկենք ու կորոշենք: Դեռեւս այդ հարցը չենք քննարկել»: Հավելենք, որ Աննա Մարգարյանն արդեն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ եթե կրկին առաջարկեն, չի համաձայնելու:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

ՆՈՐ ՄԱՐՄԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթը հունիսի 19-ի համարում գրել էր, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարվելու է, Սասուն Խաչատրյանն էլ հրաժեշտ է տալու իր պաշտոնին: Իրադարձությունները այդպես էլ զարգանում են: «Հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակով արդեն նշվում է, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարվում է։ Մասնավորապես, ծառայության Կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հաստիքները եւ գործիքակազմը տրամադրվում է նորաստեղծ մարմնին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին, իսկ ՀՔԾ-ի Խոշտանգումների եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության եւ Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության գործառույթները համապատասխան հաստիքներով եւ գործիքակազմով փոխանցվում է Քննչական կոմիտեին: Ընդ որում, նախօրեին լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը դժվարացել էր պատասխանել` շարունակելու է պաշտոնավարումը, թե ոչ: Ուսումնասիրելով նախագիծը` պարզեցինք, որ այլ գերատեսչություններից եւս կան գործառույթներ, որոնք փոխանցվելու են նոր ստեղծվելիք մարմնին: Օրինակ` վերակազմակերպվելու է Քննչական կոմիտեի Կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբեռհանցագործությունների քննության վարչությունը, ոստիկանությունից վերցվելու է օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման համար նախատեսված հաստիքները, նույնը նաեւ Պետական եկամուտների կոմիտեի դեպքում: Այն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է հունիսի 10-ին, եւ քննարկումները կշարունակվեն մինչեւ հուլիսի 20-ը:

 

 

 

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՈՐԵՐԸ
Երեկ տեղի ունեցավ Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությունը: Մոտ մեկ ամիս է, ինչ երեւանյան մասնաճյուղի գործադիր տնօրենը ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարար, գլխավոր գանձապետ Պավել Սաֆարյանն է: Եվ թերեւս հենց դրանով է պայմանավորված, որ երեկվա միջոցառմանը հյուրի կարգավիճակով մասնակցում էին նաեւ կառավարության նախկին անդամներ: Խոսքը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Վահան Մարտիրոսյանի եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայանի մասին է: Եվ միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Այսինքն` եւս մեկ անգամ նոր ու հին իշխանությունների ներկայացուցիչները մեկ տեղում էին` լսելով նաեւ վարչապետի ելույթը` հին ու նոր Հայաստանի տարբերությունների մասին: Սուրեն Կարայանը խուսափեց պատասխանել «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին, իսկ, ահա, Վահան Մարտիրոսյանն ընդգծեց, թե պաշտոնին հրաժեշտ տալուց հետո` մինչեւ այժմ, հանգստանում է, սակայն առաջիկայում կրկին բիզնեսով զբաղվելու մտադրություն ունի:




Լրահոս