ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ջհանգիրյանը՝ գլխավոր դատախա՞զ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի բողոքը, որով նա պահանջել էր բեկանել տարիներ առաջ իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը եւ արդարացնել իրեն:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`  այս որոշումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունում իրավիճակ է փոխվելու, քանի որ, համակարգում տարածված լուրերի համաձայն, Գագիկ Ջհանգիրյանը վերականգնվելու է նախկին աշխատանքում` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում:

Եվ այսպես, 2019 թվականի հուլիսի 16-ին Գագիկ Ջհանգիրյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել շուրջ 10 տարի առաջ կայացված դատական ակտի դեմ, որովինքը մեղավոր էր ճանաչվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար` ՀՀքրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, ու դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Ըստ դատավճռի` Ջհանգիրյանը 2008թ.-ին ոստիկանությանԿՀԴՊԳ գլխավոր վարչության վարչական շենք մտնելու պահին, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցներին, ձեռքով հարվածել էր վարչության աշխատակցին` պատճառելով ֆիզիկական ցավ, նաեւ պատռել էր մեկ այլ աշխատակցի համազգեստը:

Նկատենք, որ Գագիկ Ջհանգիրյանը այս գործով երկրորդ անգամ էր ՀՀ վճռաբեկ դատարան բողոք ներկայացրել: Առաջին անգամ նա բողոք էր ներկայացրել 2009 թվականին, սակայն այն ժամանակ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չէր ընդունել ու վերադարձրել էր:

Ահա 10 տարի անց նա կրկին բողոք է ներկայացրել, որը մակագրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին: Այս դատավորը, սակայն, ինքնաբացարկ է հայտնել եւ գործով զեկուցող է նշանակվել դատավոր Արթուր Պողոսյանը:

Հեղափոխությունից հետո իրավապահ համակարգում ակտիվ քննարկվում էր Գագիկ Ջհանգիրյանի համակարգ վերադառնալու հավանականության հարցը, նույնիսկ լուրեր կային, որ նրան ՀՀ գլխավոր դատախազ են նշանակելու: Այստեղ, սակայն, օրենսդրական արգելք կա:

Մասնավորապես, դատախազ նշանակվելու կարգը «Դատախազության մասին» օրենքն է սահմանում, որի 34-րդ հոդված կան հստակ սահմանափակումներ:

Մասնավորապես, դատախազ չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, իսկ անզգույշ հանցագործության դեպքում չի կարող նշանակվել, մինչեւ դատվածությունը չի մարվել կամ հանվել:

Հետեւաբար, հաշվի առնելով, որ Գագիկ Ջհանգիրյանը 2019 թվականի սեպտեմբերի 18-ին արդարացվեց, Գլխավոր դատախազությունում ակտիվ քննարկումները նոր փուլ են թեւակոխել: Այստեղ տարածված լուրերի համաձայն` Գագիկ Ջհանգիրյանը կարող է վերականգնվել իր նախկին` դատախազի տեղակալի պաշտոնում: Ավելին, դատախազությունում ասում են, որ Գագիկ Ջհանգիրյանը մեկ տարի անց անցնելու էթոշակի,ուստի համակարգում չեն բացառում, որ նա կվերականգնվի իր նախկին աշխատանքում, որից հետո էլ, հաշվի առնելով ներկայիս իշխանությունների հետ իր կապը, կնշանակվի ՀՀ գլխավոր դատախազ:

Նկատենք, որ դատախազությունում տարածված լուրերի համաձայն` Արթուր Դավթյանի հեռանալը սարերի հետեւում չէ. ի վերջո, անկախ իրավիճակի փոփոխությունից նա ընկալվում է որպես նախկին իշխանությունների ներկայացուցիչը, եւ ուժային կառույցներում կատարված փոփոխություններից հետո հերթը հասնելու է նաեւ Դավթյանին: Հերթը կհասնի ՀՀ գլխավոր դատախազին, թե ոչ, ցույց կտա ժամանակը:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունում տարածված տեղեկությունները փորձեց պարզել հենց Գագիկ Ջհանգիրյանից` արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ նա վերականգնվելու է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում: Ջհանգիրյանն ասաց, թե որեւէ տեղեկություն չունի: Հետաքրքրվեցինք` իսկ ցանկություն էլ չունի, Գագիկ Ջհանգիրյանը չպատասխանեց՝ կրկնելով` որեւէ տեղեկություն չունի:

Քնար Մանուկյան




Լրահոս